Խոսրով Յարութիւնեան. «Փաշինեանը ենթակայի պէս զեկուցում է իր «շէֆին»՝ Ալիեւին, «շէֆն» էլ նրան շնորհակալ է յանձնարարութիւնը ճիշտ անելու համար»
«ԱԼԻՔ» – Փաշինեան-Ալիեւ փոխյարաբերութիւններում մենք ականատեսն ենք մի երեւոյթի, երբ տեղակալը կամ ենթական փորձում է զեկուցել կամ իր մօտեցումները ներկայացնել «շէֆին»։ Փաշինեանների ռեալիթի-շոուի մէջ հետաքրքրական է՝ այդ մարդն ինչի՞ վրայ է ուրախանում։ Այս իրավիճակում, երբ մեր պետականութիւնը վերանալուց հինգ է պակաս, որեւէ բանական ղեկավար կարո՞ղ է իրեն թոյլ տալ այդ աստիճանի հրճւանքով ներկայացնել իր առօրեան։ Տպաւորութիւնն այն է, որ Փաշինեանի ղեկավարներն իրեն շնորհակալութիւն են յայտնում բարի գործ կատարելու, յանձնարարութիւնները ճիշտ անելու համար։ Դա նման է մի վիճակի, երբ ղեկավարը տեղակալին գովասանքի է արժանացնում, եւ դրանից նրա տրամադրութիւնը բարձրանում է։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք յայտնեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Յարութիւնեանը։
«Որո՞նք պէտք է լինեն ոչ միայն պաշտօնեայի, այլեւ այս երկրի ցանկացած քաղաքացու մտահոգութիւնները։ Անկասկած, այս իշխանութիւնների գործողութիւնների կամ անգործութեան արդիւնքում ձեւաւորւած սպառնալիքների՝ հնարաւորինս մեղմումն ու չէզոքացումը։ Բայց մենք դա չենք տեսնում։ Վեց տարւայ ընթացքում Փաշինեանին իր կուսակցութեամբ յաջողւել է Հայաստանի պետականութեան գոյութիւնը դնել մեծ հարցականի տակ։ Աւելին, այլեւս ոչ ոք չի կասկածում, որ Ալիեւի հիմնական նպատակը Հայաստանի պետականութիւնը տարածաշրջանում իսպառ վերացնելն է, մեր աշխարհաքաղաքական դերակատարումը զրոյացնելը, եթէ դա հնարաւոր լինի։ Ալիեւը համոզւած է, որ նման պատմական շանս իրենք այլեւս չեն ունենալու»,- ասաց քաղաքական գործիչը։
«1919 թւականին բրիտանացի յայտնի հետախոյզներից մէկը՝ Լոուրենս Արաբացին, փարիզեան համաժողովի շրջանակում հարցազրոյց է տալիս ամերիկեան թերթերից մէկին, եւ խօսքը հայութեան մասին էր։ Նա փորձում է մեկնաբանել, թէ ինչու հայերն առհասարակ պէտք չեն որեւէ մէկին՝ դժւար կառավարւող են, խելօք, հին ազգ են, աւանդոյթներ ունեն, եւ նրանց ստիպել կամ պարտադրել երբեմն շատ դժւար է։ Ասում է՝ Բրիտանիան ամերիկացիներին առաջարկում է զբաղւել Հայաստանի խնդիրներով, քանի որ նրանք ունեն աբորիգեններին՝ հնդկացիներին ցեղասպանելու լուրջ փորձ, եւ դա վատ չի ստացւել։ Արաբացին եզրակացնում է, որ ամերիկացիներին հեշտ կը յաջողւի լուծել հայերի խնդիրները։ Լրագրողի հարցադրմանը, թէ հայերը հին ազգ են, իսկ Հայաստանի ընդերքն էլ հարուստ է, Արաբացին ամերիկացիներին առաջարկում է Հայաստանը բաժանել երկու մասի՝ ընդերքը՝ առանց հայերի, եւ հայերը՝ առանց Հայաստանի»,- նշեց Յարութիւնեանը։
Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ այս ծրագիրը չի կորցրել հրատապութիւնը, եւ այն, որ Ալիեւն առաջարկում էր Հայաստան մտնել ոչ թէ տանկերով, այլ աւտոմեքենաներով, հէնց այդ ծրագրի վկայութիւնն է. «Վերջերս Մհեր Գրիգորեանն ասաց, թէ իբր սահմանազատման յանձնաժողովները հիմա քննարկում են՝ ո՞րն է լինելու միւս հատւածը։ Դա Տիգրանաշէնն է լինելու, մենք յանձնելու ենք այդ գիւղը, գործող իշխանութեան մօտեցումներն «անկլաւների» հարցում յայտնի են։ Տիգրանաշէնը դառնալու է ոչ թէ քաղաքացիների վերաբնակեցման վայր, այլ ռազմական յենակէտ։ Դէպի հարաւ՝ Սիւնիք գնացող մեր ճանապարհը եւ ենթակառուցւածքը յայտնւելու է մի կողմից՝ Ջերմուկի գլխին կանգնած ադրբեջանցիների, միւս կողմից՝ անմիջապէս Տիգրանաշէնում հաստատւած ռազմական յենակէտի ազդեցութեան ներքոյ»:
«Հերիք է մէկ-երկու կրակոց լինի այդ ճանապարհով գնացող մեքենաների ուղղութեամբ, եւ ոչ մի մեքենայ այլեւս չի գնայ Սիւնիք։ Սա Սիւնիքը Հայաստանից կտրելու ամենակարճ, անցաւ եւ հնարաւոր տարբերակն է, որին Ալիեւը գնալու է։ Այստեղից մուտքը դէպի Սիւնիք կը դադարի, բայց այնտեղից արտահոսքը կը լինի։ Ստեղծւած իրավիճակում Ալիեւը բոլոր հնարաւորութիւնները հոյակապ է օգտագործում, եւ դա անում է Հայաստանի իշխանութիւնների թողտւութեամբ եւ նրանց պասերով։ Նա կարողանում է սեպ խրել թէ՛ հայ-ռուսական, թէ՛ Հայաստանի եւ Արեւմուտքի յարաբերութիւնների մէջ, եւ բաւական ճկուն է գործում»,- ամփոփեց Խոսրով Յարութիւնեանը: