Թուրք դիւանագէտներին Վաշինգտոնի դատարանում մեղադրում են ԱՄՆ օրէնքները խախտելու մէջ
Թուրք հետաքննող լրագրող Աբդուլլահ Բոզքուրտը Nordic Monitor-ում մի յօդւած է գրել՝ «Վաշինգտոնի դատարանում թուրք բարձրաստիճան դիւանագէտները մեղադրւում են մարդկանց թրաֆիքինգի եւ խարդախութեան մէջ» վերնագրով:
Բոզքուրտը յայտնել է, որ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան երկրորդ բարձրաստիճան դիւանագէտ, առաքելութեան ղեկավարի նախկին տեղակալ Յուսնու Սինան Էրթայը եւ նրա կինը՝ դեսպանատան դիւանագիտական խորհրդական Անիլ Օզգէ Էրթայը, «մեղադրւել են մարդկանց թրաֆիքինգի, խարդախութեան, անհիմն հարստացման, պայմանագրի խախտման եւ ԱՄՆ-ի աշխատանքային ու աշխատավարձի մասին օրէնքների խախտումների մէջ»: Քաղաքացիական հայցը մայիսին ԱՄՆ Վաշինգտոնի շրջանային դատարան է ներկայացրել նրանց դայակը՝ Ֆիլիպինների քաղաքացի Շերոն Թոմաս Ագդիփանը: Եթէ դատաւորը համաձայնի գործը վարոյթ ընդունել, ապա դատարանը կորոշի ամուսինների մեղաւորութիւնը կամ անմեղութիւնը:
Թուրք դիւանագէտները բնակւել են մէկ միլիոն դոլար արժողութեամբ, 120 քառակուսի մետր մակերեսով առանձնատանը՝ դեսպանատան Պարկ Դրայւում գտնւող փակ համայնքում, Վաշինգտոնի Վեսլի Հայթս թաղամասում: Նրանց դայակը յայտարարում է, որ «նրան հրապուրել են Ֆիլիպիններից Միացեալ Նահանգներ տեղափոխւել՝ աշխատանքի, արդար վարձատրութեան եւ սեփական սենեակի խոստումներով, բայց փոխարէնը նա ենթարկւել է բռնի աշխատանքի»: Ըստ նրա փաստաբանների՝ «նա զգացական եւ ֆիզիկական տառապանք է կրել, զրկւել է կանոնաւոր սննդից եւ առանձին ննջարանից, խիստ ցածր է վարձատրւել, նրան սպառնացել են արտաքսմամբ եւ յաճախակի ենթարկել բանաւոր բռնութեան»։
Բոզքուրտը գրել է, որ «թուրքական դիւանագիտական համայնքի իր աղբիւրները, որոնք զրուցել են Nordic Monitor-ի հետ, զարմացած չեն մեղադրանքների առնչութեամբ՝ վկայակոչելով Էրթայ զոյգի բնոյթն ու բնաւորութիւնը: «Տիկին Էրթայն իր գործընկերների շրջանում յայտնի է որպէս դաժան անձնաւորութիւն», ասել է աղբիւրը, որը ցանկացել է մնալ անանուն: Այլ աղբիւրներ պնդել են, որ նրա ամուսինն իր պաշտօնն ապահովել է արտաքին գործերի նախարարութիւնում հիմնականում իր հօր՝ անձնակազմի գծով պատասխանատու փոխգործնախարարի ազդեցիկ դերի շնորհիւ»:
Բոզքուրտը գրել է, որ «Ագդիփայի փորձութիւնները սկսւել են 2019 թւականի նոյեմբերին, երբ տիկին Էրթայը նրան աշխատանք է առաջարկել Վաշինգտոնում, սակայն, երբ Ագդիփան սկսել է աշխատել զոյգի մօտ 2020 թւականի փետրւարին, նրա պարտականութիւնները տարածւում էին նրանց 5-ամեայ որդուն խնամելու սահմաններից դուրս՝ ներառելով տնային տնտեսութեան տարբեր գործեր՝ մաքրութիւնից ու խոհարարութիւնից մինչեւ պարտիզպանութիւն»։
Բոզքուրտը յայտնել է. «Չնայած նրա պայմանագրով նախատեսւած էր շաբաթական 35-ժամեայ աշխատանքային օր՝ ժամը 14 դոլարով, Ագդիփան աշխատել է շաբաթական աւելի քան 80 ժամ եւ նրանից պահանջւել է բոլոր ժամերին սպասողական վիճակում մնալ՝ զոյգի պահանջները բաւարարելու համար: Նա ոչ մի փոխհատուցում չի ստացել արտաժամեայ աշխատանքի համար, ինչը պայմանագրի պայմանների ակնյայտ խախտում է:
Հայցում ասւում է, որ զոյգն ստիպել է Ագդիփային վերադարձնել իր աշխատավարձի մի մասը՝ հրահանգելով նրան կանխիկ գումար հանել բանկոմատից եւ վերադարձնել իրենց… Զոյգի համար 15 ամիս աշխատելու ընթացքում Ագդիփայից պահանջւել է վերադարձնել իր ընդհանուր աշխատավարձի մօտաւորապէս մէկերրորդը, որը կազմում էր 9450 դոլար»։
Հայցում ասւում է, որ թուրք ամուսինները «դաժան են վարւել նրա հետ՝ վիրաւորանքներ ու հայհոյանքներ գործածելով, վռնդելու սպառնալիքներով եւ յուզական ու հոգեբանական անհանգստութիւն պատճառելով: Նրան ասել են, որ աշխատանքային պայմաններից բողոքելու դէպքում իրեն կարտաքսեն երկրից»։
Ագդիփան պնդում է, որ հակառակ պայմանագրին, իրեն մերժել են կանոնաւոր սնունդ տալ, թոյլ չեն տւել ինքնուրոյն պատրաստել իր սնունդը, մերժել են անհրաժեշտութեան դէպքում բժշկական օգնութիւն տրամադրել եւ հիւանդութեան ժամանակ արձակուրդ տալ: Բոզքուրտն հաղորդել է. «Չնայած պայմանագրով նախատեսւած էր, որ նա պէտք է առանձին սենեակ եւ սնունդ ստանայ, Ագդիփային յանձնարարել են քնել առանց պատուհանի նկուղում: Թուրքական առաքելութեան ղեկավարի տեղակալը կանոնաւոր կերպով մուտք է գործել այս տարածք»։
2021 թւականի մայիսի 5-ին դայակը փախել է դիւանագէտների տնից՝ թողնելով իր ունեցւածքի մեծ մասը։ Վաշինգտոնում Ֆիլիպինների դեսպանատան աշխատանքային հարցերով կցորդը, տեղեկանալով նրա իրավիճակի մասին, Ագդիփային ուղարկել է փաստաբանական գրասենեակ՝ նրան պաշտպանելու համար:
Փաստաբանական գրասենեակը ծանուցել է ԱՄՆ կառավարութեանն այս գործի մասին այն բանից յետոյ, երբ Ագդիփան ցուցմունք է տւել իր կրած բռնութիւնների եւ հարկադիր աշխատանքի մասին: Սակայն մինչ օրս ԱՄՆ իշխանութիւնների կողմից դիւանագէտների դէմ քրէական գործ չի յարուցւել։
Ագդիփայի փաստաբանների hայցում ասւում է, որ «Էրթայների գործողութիւնները՝ սկսած Ագդիփային հաւաքագրելուց եւ նրան Միացեալ Նահանգներ մեկնել համոզելուց, մինչեւ արտաքսման սպառնալիքը եւ աշխատավարձը գողանալը, խախտում են բազմաթիւ օրէնքներ… Աւելին, նրանց վարքագիծը, ենթադրաբար, կապւած է պայմանագրի խախտումների, անհիմն հարստացման, յուզական անհանգստութեան միտումնաւոր պատճառման եւ խարդախութեան հետ»:
2024 թւականի մայիսի 20-ին Ագդիփայի փաստաբանները՝ Օլամիդէ Ս. Օրեբամջոն, Մելիսա Լ. Պատերսոնը եւ Էլիզաբեթ Ս. Ֆասիհը Վաշինգտոնի «Ջոնս Դէյ» փաստաբանական գրասենեակից, դատարանից պահանջեցին երդւեալ ատենակալների դատավարութիւն:
Յայտնի չէ, թէ դատաւորը ինչպէս կը վարւի այս գործով, հաշւի առնելով այն հանգամանքը, որ թուրք ամուսինները վերադարձել են Թուրքիա եւ վայելել են դիւանագիտական անձեռնմխելիութիւնը։
Բուզքուրտը յայտնել է, որ թուրք զոյգն աշխատում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնում, Անկարայում։ «Պարոն Էրթայը ներկայումս ծառայում է որպէս Արեւելեան Ասիայի գլխաւոր տնօրինութեան վարչութեան պետ», իսկ տիկին Էրթայը «Հիւսիսային Ամերիկայի գլխաւոր տնօրինութեան վարչութեան ղեկավարն է»:
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ