Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հայաստանի Ժուռնալիստների միութիւն. «ԶԼՄ-ներն ու լրագրողներն իշխանութեան համար, ըստ էութեան, դարձել են դասակարգային թշնամիներ»

«ԱԼԻՔ» – Մայիսի 3-ի՝ մամուլի ազատութեան օրւայ առիթով, Հայաստանի Ժուռնալիստների միութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ, որում մասնաւորապէս նշւած է.

«Մամուլի ազատութեան միջազգային օրը՝ մայիսի 3-ը, ցաւօք, Հայաստանում նշւում է մամուլի ու լրատւամիջոցների նկատմամբ իշխանութիւնների կողմից կիրառւող ճնշումների, անհանդուրժողականութեան մթնոլորտում։

Քաղաքական դաշտի համակարգային խնդիրների, քաղաքացիական հասարակութեան կազմակերպութիւնների դերի ու նշանակութեան աղճատման պայմաններում ազատ մամուլը, իշխանութիւնների կողմից չվերահսկւող լրատւամիջոցները մնացել են իշխանութեանը վերահսկող, հակակշռող գործնականում միակ համակարգը։ Առաւելապէս այդ պատճառով, ԶԼՄ-ներն ու լրագրողներն իշխանութեան համար, ըստ էութեան, դարձել են դասակարգային թշնամիներ, որոնց դէմ պայքարում իշխանութիւնը՝ ինստիտուցիոնալ առումով, առանձին պաշտօնեաներ՝ անհատապէս, միջոցների մէջ խտրութիւն չեն դնում՝ յաճախ անցնելով ոչ միայն պաշտօնէական, այլ նաեւ մարդկային ու բարոյական պարկեշտութեան սահմանագծերը։ Դրա վառ ապացոյցն են բռնութեան դէպքերը, գրոհները լրագրողների նկատմամբ, լրագրողներին եւ լրատւամիջոցներին թիրախաւորելու դէպքերը, լրատւամիջոցների դէմ ներկայացւած տասնեակներով դատական հայցերը, ԶԼՄ-ների նկատմամբ ատելութեան եւ անվստահութեան խօսքի տարածումը… Պետական ինստիտուտների նկատմամբ հասարակութեան տոտալ անվստահութիւնը իշխանութիւնները փորձում են փոխակերպել լրատւամիջոցների նկատմամբ անվստահութեան:

Աւելին, օգտւելով սոցիալական մեդիայի դարաշրջանի առանձնայատկութիւններից, իշխանութիւններն իրենց հետ փոխկապակցւած անձանց եւ կազմակերպութիւնների միջոցով ստեղծել են սունկ կայքեր, իւթուբեան ալիքներ, որոնց միջոցով ապատեղեկատւութիւն են գեներացնում՝ մոլորեցնելով հասարակութեան եւ պատասխանատու եւ պրոֆեսիոնալ լրատւամիջոցների հետ դրանց նոյն հարթութիւնում դնելով:

Այս պայմաններում աշխատող լրատւամիջոցներն ու լրագրողները նոյնպէս, իրենց գործունէութեան ընթացքում, ցաւօք, միշտ չէ, որ պահպանում են մասնագիտական բոլոր չափանիշները։ Ինչ խօսք, դժւար է տեսնել, գիտակցել սպասւող նորանոր աղէտները, կորուստները, սեփական հայրենիքի կործանման վտանգները եւ էմոցիոնալ պոռթկումներ չունենալ, քաղաքացիական կեցւածք չդրսեւորել: Թէեւ նման դէպքերը յաճախ անխուսափելի են եւ ունեն օբիեկտիւ պատճառներ, այդուհանդերձ, դա մեր մասնագիտական համայնքի համար ոչ թէ արդարացման առիթ է, այլ մարտահրաւէր՝ անգամ ամենասահմանային, ամենածանր պայմաններում պրոֆեսիոնալ պարտականութիւնները կատարելու, իշխանութիւնների սադրանքներին չտրւելու իմաստով։

Հայաստանում մամուլի ազատութեան ու լրատւամիջոցների գործունէութեան վրայ ազդող մէկ այլ կարեւոր եւ հակասական իրողութիւն է այն, որ խօսքի ազատութիւնը, դրա իրական վիճակի գնահատականը դառնում է արտաքին քաղաքական կոնիւնկտուրայի առարկայ։ Խօսքի եւ մամուլի ազատութեան մակարդակը գնահատող մի շարք միջազգային կազմակերպութիւններ՝ առաջնորդւելով ոչ թէ օբիեկտիւութեան, այլ պահի իշխանութիւններին աջակցելու դրդապատճառներով, երբեմն աղճատւած, մանիպուլիատիւ գնահատականներ են ներկայացնում Հայաստանում խօսքի ազատութեան վերաբերեալ՝ ակամայ նպաստելով իշխանութիւնների կողմից մամուլի դէմ ուղղւած գործողութիւններին։ Միեւնոյն ժամանակ, մի շարք միջազգային լրագրողական կազմակերպութիւններ, չտրւելով աշխարհաքաղաքական կոնիւնկտուրային, հանդէս են գալիս բացառապէս մասնագիտական անաչառութեան դիրքերից եւ իրենց զեկոյցներում արտացոլում են Հայաստանում մամուլի ոլորտում առկայ իրավիճակը, ինչի համար շնորհակալ ենք մեր գործընկերներին։

Հայաստանի Ժուռնալիստների միութիւնը շնորհաւորում է բոլոր լրատւամիջոցներին, լրագրողներին ու նրանց աշխատանքն ապահովող տեխնիկական անձնակազմի ներկայացուցիչներին՝ մաղթելով առկայ մարտահրաւէրներին ու ճնշումներին դիմակայելու անսասան կամք եւ անկախ բոլոր պատճառներից՝ մասնագիտական առաքելութեանն ու չափանիշներին հաւատարիմ մնալու հաստատակամութիւն։

Շնորհաւոր Մամուլի ազատութեան միջազգային օրը»։

Related Articles

Back to top button