Մակրոնը կայցելի Գրենլանդիա՝ անվտանգութեան հարցեր քննարկելու համար

«ԱԼԻՔ» – Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը կը դառնայ օտարերկրեայ պետութեան առաջին ղեկավարը, որը կայցելի Գրենլանդիա՝ անվտանգութեան հարցեր քննարկելու համար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ դանիական կղզին ԱՄՆ-ի կազմում ընդգրկելու ձգտման մասին յայտարարութիւններից յետոյ: Հաղորդում է Euronews-ը:
Մակրոնը, Դանիայի վարչապետ Մետէ Ֆրեդերիկսէնը եւ Գրենլանդիայի ինքնավարութեան վարչապետ Ենս-Ֆրեդերիկ Նիլսէնը կը քննարկեն անվտանգութիւնը Հիւսիսային Ատլանտիկայում եւ Արկտիկայում:
Ֆրանսիայի նախագահի այցը կը կայանայ յունիսի 15-ին Գրենլանդիայի եւ Դանիայի վարչապետների հրաւէրով։ Բացի տարածաշրջանում անվտանգութեան հարցերից, երեք ղեկավարները կը քննարկեն կլիմայի փոփոխութիւնը, էներգետիկ անցումը եւ կարեւորագոյն օգտակար հանածոների մատակարարումների անվտանգութիւնը։
«Այցի նպատակն է ամրապնդել համագործակցութիւնը Գրենլանդիայի հետ նշւած ոլորտներում, ինչպէս նաեւ ուժեղացնել եւրոպական ինքնիշխանութիւնը»,- ասւած է այցի առիթով Ելիսէյեան պալատի հրապարակած յայտարարութեան մէջ։
Նշենք, որ ապրիլի սկզբին Ֆրանսիան եւ Դանիան ստորագրել են ռազմավարական գործընկերութեան մասին համաձայնագիր: 2025 թւականի սկզբին Ֆրանսիան Դանիայի հետ քննարկել է Գրենլանդիա զօրքեր ուղարկելու հնարաւորութիւնը՝ տարածաշրջանում անվտանգութիւն ապահովելու համար։
Յիշեցենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս յայտարարել է, որ Գրենլանդիան պէտք է դառնայ Միացեալ Նահանգների մաս։ Նա ընդգծել է դրա ռազմավարական կարեւորութիւնը ազգային անվտանգութեան եւ «ազատ աշխարհի» պաշտպանութեան համար, այդ թւում՝ Չինաստանից եւ Ռուսաստանից։
Յաւելենք, որ Գրենլանդիան մինչեւ 1953 թւականը Դանիայի գաղութն էր։ Այն մնում է թագաւորութեան մաս, բայց 2009 թւականին ստացել է ինքնավարութիւն՝ ինքնակառավարման եւ ներքին քաղաքականութեան մէջ ինքնուրոյն ընտրութեան հնարաւորութեամբ։