ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Ի՞նչ են բանակցում Իրանի հետ Էրդողանն ու Ալիեւը, եւ ինչո՞ւ է Փաշինեանը զանգահարել Թուրքիա եւ Իրան

Ռեգիոնալ երկրների ղեկավարների միջեւ ինտենսիւ շփումներ են ծաւալւում, այս դէպքում՝ հեռախօսազանգեր։

Այս օրերի ընթացքում հեռախօսազրոյցներ են ունեցել Էրդողանն ու Փեզեշքիանը, Ալիեւն ու Փեզեշքիանը, Փաշինեանն ու Էրդողանը, ինչպէս նաեւ Փաշինեանն ու Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Փեզեշքիանը։ Նիկոլ Փաշինեանը նախօրէին հեռախօսազրոյց է նախաձեռնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Փաշինեանի խօսնակ Նազելի Բաղդասարեանը տեղեկացրել էր, որ Փաշինեանը եւ Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր՝ պայմանաւորւելով շարունակել երկխօսութիւնը։

Թուրքական կողմի տարածած հաղորդագրութեան համաձայն, հեռախօսազրոյցը նախաձեռնել է Փաշինեանը, որի ընթացքում քննարկւել են Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ շփումները, ինչպէս նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր։

Հաղորդագրութեան համաձայն՝ ընդգծելով տարածաշրջանում համապարփակ կարգաւորման եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղ բանակցութիւնների կարեւորութիւնը՝ Էրդողանը յայտնել է իր գոհունակութիւնը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ շփումների կապակցութեամբ։

Նշենք, որ վերջին շրջանում սա Փաշինեանի ու Էրդողանի երկրորդ շփումն է։ Մայիսի 16-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում Եւրոպական քաղաքական համայնքի վեցերորդ գագաթաժողովի շրջանակում Փաշինեանը շփում էր ունեցել Էրդողանի հետ, ապա, Էրդողանի ու Ալիեւի հետ միասին, որը երեւում է գագաթաժողովից տարածւած մի շարք տեսանիւթերից։

Բացի այս, Փաշինեանը յունիսի 6-ին հեռախօսազրոյց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Իրան յարաբերութիւնների օրակարգային, ինչպէս նաեւ տարածաշրջանային անվտանգութեանն առնչւող հարցեր:

Ուշագրաւ է նաեւ այն հանգամանքը, որ Թուրքիայի ու Իրանի ղեկավարների հետ հեռախօսազրոյցներից առաջ, նախօրէին Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախօսազրոյցներ էին ունեցել Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարները՝ քննարկելով ռեգիոնալ ու երկկողմ թեմաներ։

Իսկ աւելի վաղ՝ մայիսի 29-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Լաչինից վերադարձի ճանապարհին, օդանաւում պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել էր Ադրբեջանի պահանջած, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի մասին հարցին՝ յայտարարելով, որ ակնկալում են Իրանի աջակցութիւնը։

«Ինչ վերաբերում է Զանգեզուրի հարցին, Զանգեզուրի անցուղին Ադրբեջանի համար ոչ միայն ցամաքային կապ է Նախիջեւանի հետ, այլեւ նոր ինտեգրացիոն գիծ, որը տարածւում է դէպի թուրքական աշխարհ՝ Թուրքիայի միջոցով: Այս անցուղու կարճ ժամանակում բացումը նաեւ կամրապնդի Կովկասի տրանսպորտային եւ էներգետիկ ենթակառուցւածքները»,- թուրքական լրատւամիջոցների փոխանցմամբ՝ ասել էր Ռեջեփ Էրդողանը: Նա նաեւ յաւելել էր, որ ակնկալում են, որ հարեւան Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք «կը ծառայեն մեր տարածաշրջանի խաղաղութեանը, կայունութեանը եւ զարգացմանը»։

Ռուս արեւելագէտ Վիկտոր Նադէին-Ռաեւսկին 168.am-ի հետ զրոյցում ասել է, որ ՀՀ իշխանութիւնները Թուրքիայի ուղղութեամբ իրենց քաղաքականութիւնը չեն փոխում եւ հետեւողականօրէն ընթանում են սերտ ու ջերմ յարաբերութիւններ հաստատելու ուղղութեամբ։ Ըստ նրա՝ ՀՀ իշխանութիւնները դեռ յոյս ունեն, որ Թուրքիան կառուցողական դերակատարում կունենայ Երեւան-Բաքու կարգաւորման հարցում՝ ինչ-որ տեղ մեղմելով Բաքւի պահանջները։

«Սակայն Թուրքիան յստակ հասկացնում է, որ հայ-թուրքական յարաբերութիւնները կը կարգաւորւեն Ադրբեջանի հետ հարցերը լուծելուց յետոյ, Թուրքիան ցոյց է տալիս, որ թէեւ ՀՀ-ի հետ յարաբերութիւններում ներկայումս Թուրքիան խնդիր չունի, դրանք պատրաստ են կարգաւորման, սակայն չեն կարգաւորւում եւ պայմանաւորւած են երրորդ երկրի ազդեցութեամբ, ինչը քաղաքականապէս կոռեկտ չէ։ Սակայն դա ՀՀ որոշումն է։ Այնուամենայնիւ, ներկայումս հեռաւոր են թւում թէ՛ հայ-ադրբեջանական, թէ՛ հայ-թուրքական կարգաւորման հեռանկարները»,- ասել է արեւելագէտը։

Նա չի բացառել, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահի հետ Էրդողանն ու Ալիեւը քննարկում են ռեգիոնում ճանապարհների բացման թեման։

«Էրդողանի վերջին յայտարարութիւններն Իրանի հետ յարաբերութիւնների, եւ այսպէս կոչւած, միջանցքի վերաբերեալ, ինչպէս նաեւ Փաշինեանի հեռախօսազանգերը ցոյց են տալիս, որ գուցէ կա գործընթաց, որը տեսանելի չէ, եւ գուցէ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են «աշխատել» Իրանի հետ՝ փոխելով Իրանի հաստատակամ դիրքորոշումը, այսպէս կոչւած, միջանցքի հարցում։ Հետագայ յայտարարութիւնները ու կոնտակտները թոյլ կը տան աւելի կայուն կանխատեսում անել, սակայն ռեգիոնալ այս ինտենսիւ կոնտակտները թոյլ են տալիս ասելու, որ խօսակցութեան թեման միանշանակ ռեգիոնալ է, եւ հայկական կողմն ամենայն հաւանականութեամբ փորձում է իր հերթին տրամադրութիւններ հասկանալ։ Կարելի է մակերեսայնօրէն ասել, որ հեռախօսազանգերի առիթը մուսուլմանական տօնն է (Էյդ Ղորբան-ԽՄԲ.), սակայն, կարծում եմ, այն առիթ է քննարկելու նաեւ խորքային հարցեր»,- նկատել է Վիկտոր Նադէին-Ռաեւսկին։

ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

168.am

Related Articles

Back to top button