ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Դեսպան Սոբհանին՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին. «Իրանը դէմ է ցանկացած բանի, որն ունի միջանցքային տրամաբանութիւն»

Հայաստանի եւ Իրանի սահմանը բարեկամութեան սահման է

«ԱԼԻՔ» – Հայ-իրանական գործակցութիւնը դարաւոր բարեկամութեան մասին է, ապագան եւս յստակ է, Կապանում նախօրէին յայտարարել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին։ Նա շեշտել է. «Որեւէ մէկը չի կարող ազդեցութիւն ունենալ երկու երկրների յարաբերութիւնների վրայ»:

Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերեալ Իրանի դիրքորոշմանը՝ Մեհդի Սոբհանին ասել է՝ Թեհրանը դէմ է ցանկացած բանի, որն ունի միջանքային տրամաբանութիւն։

«Մենք չենք ցանկանում այդ բառն օգտագործել: Համաձայն ենք հաղորդակցութիւնների բացմանն այն դէպքում, երբ դա տեղի կունենայ Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան հիման վրայ: Բացի այդ, մենք դէմ ենք ցանկացած բանի, որն ունի միջանցքային տրամաբանութիւն: Մենք դէմ ենք ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխութեան», –  նշել է նա։

Նրա խօսքով՝ Հայաստանի եւ Իրանի սահմանը բարեկամութեան սահման է:

Դեսպան Սոբհանին յայտնել է, որ Իրանի, Հայաստանի եւ Հնդկաստանի պաշտօնեաները պայմանաւորւել են հանդիպում անցկացնել տրանսպորտի ոլորտում եռակողմ համագործակցութեան շուրջ:

Նա նշել է, որ հանդիպման ամսաթիւը որոշելու համար անհրաժեշտ են հետագայ պայմանաւորւածութիւններ։

Դեսպան Սոբանին ասել է, որ տրանսպորտի ոլորտում համագործակցութիւնը օգուտ կը բերի երեք երկրներին՝ ընդգծելով եռակողմ համագործակցութեան դրական հեռանկարը:

Related Articles

Back to top button