Արթուր Խաչիկեան. «Փաշինեանը ԱՄՆ-ի համար երկրորդական, երրորդական ստատուս ունի»
![](/wp-content/uploads/2025/02/591-780x470.jpg)
«ԱԼԻՔ» – ԱՄՆ այցի շրջանակում, Նիկոլ Փաշինեանն հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջէյմզ Դէյւիդ Վենսի հետ: Ի դէպ, այդ հանդիպման մասին յայտնել է միայն հայկական կողմը։ ՀՀ կառավարութեան տարածած լուսանկարում երեւում է աշխատանքային սեղանի վրայ դրւած անձեռոցիկը, յետին պլանում ԱՄՆ դրօշը, բայց բացակայում է ՀՀ դրօշը:
Թէ ինչու նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունել Նիկոլ Փաշինեանին ու ինչու չկար մեր երկրի դրօշը՝ փոխնախագահի հետ հանդիպման ժամանակ, Alpha News-ի հետ զրոյցում վերլուծել է քաղաքագէտ Արթուր Խաչիկեանը:
«Ամերիկեան մեդիան չի լուսաբանել Հայաստանի ղեկավարի այցը Վաշինգտոն: Որեւէ տեղ գրւած չէ այդ մասին, միայն հայկական աղբիւրներն են գրում այցի մասին: Սա վերջին րոպէին պատրաստւած այց էր, որեւէ պաշտօնական հանդիպումներ չեն նախատեսւել: Նիկոլ Փաշինեանը վերջին րոպէին փորձեց օգտագործել կրօնական համայնքը, կրօնական լիդերներին, որոնց մի մասը աղանդներ են, որպէսզի կոնտակտներ գտնի Թրամփի ադմինիստրացիայում:
Որպէս երկրի ղեկավար, որպէս պաշտօնատար անձ՝ նրան չյաջողւեց հանդիպել Դոնալդ Թրամփի հետ: Նա հնարաւորութիւն ունեցաւ նկարւելու փոխնախագահի հետ, բայց որեւէ արդիւնք մենք չտեսանք այդ նկարներից: Նա սիրում է նկարւել, Էրդողանի հետ էլ էր նկարւել, Մոսկւայում էլ էր նկարւել»,- նշել է քաղաքագէտը:
Խաչիկեանի խօսքով՝ սա ամերիկեան կողմից ցուցիչ էր, որ Նիկոլ Փաշինեանը երկրորդական պաշտօնեայ է՝ հակառակ դէպքում Թրամփը կը հանդիպէր նրա հետ:
«Որպէս երկրի առաջին անձ, ըստ դիւանագիտական արարողակարգի, նրան պէտք է հանդիպէր այդ երկրի առաջին անձը: Փոխնախագահի հետ հանդիպումը նշանակում է, որ նա երկրորդական, երրորդական ստատուս ունի»,- յաւելել է Արթուր Խաչիկեանը:
Քաղաքագէտը յիշեցրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերութեան մասին փաստաթուղթն ու նշել, որ անգամ դրա ստորագրումից յետոյ Հայաստանը չարժանացաւ պաշտօնական որեւէ այցի կամ հանդիպման:
Խաչիկեանը հռետորական հարց է տւել՝ ով է հասկանում այս կառավարութեան վարած արտաքին քաղաքականութիւնը:
«Դուք ինքներդ ինչ-որ բան հասկանո՞ւմ էք այս կառավարութեան վարած արտաքին քաղաքականութիւնից: Մի օր գնում են Մոսկւա, ներողութիւն խնդրում իրենց ասածների համար, յաջորդ օրն էլ գնում են Վաշինգտոն, էլի Ռուսաստանի մասին բացասական բաներ ասում: Սա ի՞նչ արտաքին քաղաքականութիւն է»,- ասել է Արթուր Խաչիկեանը: