Արա Այւազեան. «Ալիեւի յայտարարութիւնները եւ կայուն խաղաղութեան հնարաւոր ճանապարհը»
«ԱԼԻՔ» – Ներկայացնում ենք Դիւանագէտների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այւազեանի յօդւածը՝ Ռուսաստանի պետական հեռուստատեսութեանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ վերջերս տրւած հարցազրոյցի վերաբերեալ:
«Ռուսաստանի պետական հեռուստատեսութեանն Իլհամ Ալիեւի՝ օրերս տրւած հարցազրոյցն ուղղւած էր տարբեր լսարանների՝ Ռուսաստանին, Արեւմուտքին եւ իր անմիջական հարեւաններին: Հայրենի վերլուծական եւ փորձագիտական համայնքը մեծամասամբ կենտրոնացել էր Հայաստանին վերաբերող հաստատումների վրայ: Այդուհանդերձ, կարեւոր է անդրադառնալ նաեւ միւս յայտարարութիւններին եւ ըստ այդմ փորձել պատասխաններ գտնել մեր շուրջ ստեղծւող՝ աւելի վտանգաւոր դարձող իրավիճակին:
Նախ, Ադրբեջանի ղեկավարն ընդգծում է, որ «աշխարհն արմատապէս փոխւել է, իսկ Երկրորդ Համաշխարհային պատերազմից յետոյ ընդունւած կանոններն այլեւս չեն գործում: Նորից թատերաբեմում ի յայտ է եկել ուժի գործօնը: Եւ այն երկրները, որոնք դա հասկացել են նախօրօք, կարող են իրենց աւելի անվտանգ զգալ»: Այսպիսով, նա եւս մէկ անգամ անթաքոյց պնդում է, որ ուժային քաղաքականութիւնը եղել եւ շարունակում է մնալ ամենաարդիւնաւէտ գործիքը՝ իր օրակարգն առաջ տանելու համար: Պատմութեան ընթացքում ուժի մարտահրաւէրին առճակատւել են բազմաթիւ երկրներ, որոնց յաջողւած եւ ձախողւած փորձը պէտք է նաւիգացիոն ուղղորդութիւն դառնար Հայաստանի համար: Ագրեսիւ ուժային քաղաքականութիւնը, հետեւաբար՝ ծաւալապաշտական նկրտումները կենսագործման մեծ հաւանականութիւն ունեն, երբ չեն հանդիպում իրենց հաւասարակշռող եւ զսպող դիմադրողականութեան, որն ունակ կը լինէր խիստ եւ անվերականգնելի կորուստներ պատճառելու այդ յաւակնութիւններին: Հէնց այս պարզ ճշմարտութիւնը պէտք է դրւի մեր ներկայիս արտաքին եւ անվտանգային քաղաքականութեան հիմքում:
Երկրորդ. Ռուսաստանի հանդէպ Ադրբեջանի դաշնակցային պարտաւորութիւնների յանձնառութեան վերաբերեալ ճգրտող հարցին Ալիեւը պատասխանում է, որ «մենք միշտ լրջօրէն ենք վերաբերւում մեր դաշնակցային պարտաւորութիւններին եւ այդպէս ենք գործելու նաեւ առաջիկայում»: Միաժամանակ, նա ընդգծում է, որ Ադրբեջանն աշխարհում միակ երկիրն է, որը ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Թուրքիայի դաշնակիցն է, այսինքն «մեր դաշնակցային պարտաւորութիւնները դիւերսիֆիկացւած են, եւ մենք կը կողմնորոշւենք՝ ելնելով իրավիճակից»: Չնայած Ֆրանսիայի հասցէին իր ամբարտաւան քննադատութեանը («ձախողւած պետութիւն», որի հետ մինչեւ Մակրոնի նախագահութիւնն Ադրբեջանն ունէր ամենասերտ համագործակցութիւնը), չնայած ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին ուղղւած կծու ռեմարկներին («Հայաստանի հովանաւոր Պետդեպը», Բայդէնը, որը խախտել է հաւասարակշւած մօտեցումը հարաւկովկասեան երկրներին եւ «պարտադրում է այսպէս կոչւած «օգնութիւն»՝ ի տարբերութիւն Թրամփի, որը «մեզ (Ադրբեջանի եւ Ռուսաստանի) հետ նոյն նաւակում է՝ ի պաշտպանութիւն աւանդական արժէքների»), նա իւրատեսակ գործարք է առաջարկում Արեւմուտքին՝ դիտարկել Ադրբեջանը, ինչպէս դա տեղի է ունեցել անցեալում, որպէս վստահելի եւ արժէքաւոր միջնորդ ու հարթակ Ռուսաստան-Արեւմուտք երկխօսութեան համար, փոխարէնը՝ աչք փակել Արցախի եւ Հայաստանի նկատմամբ իր կատարած ոճրագործութիւնների վրայ: Բնականաբար, արեւելեան սիրախաղի մեծ վարպետը առիթը բաց չթողեց ռուսական լսարանին հաճոյանալու համար, մատնացոյց անելով, որ «Ադրբեջանը Հարաւային Կովկասի ամենառուսախօս երկիրն է», մինչդեռ Հայաստանը «յայտնի է, թէ ուր է գնում»՝ իր սահմանների երկայնքով ՆԱՏՕ-ի ենթակառուցւածք ստեղծելով: Այսպիսով, քաջատեղեակ լինելով, որ Արեւմուտքը չի երաշխաւորի Հայաստանի անվտանգութիւնը, Ալիեւը բացայայտ կերպով ձգտում է վերջնական սեպ խրել Երեւանի եւ Մոսկւայի միջեւ, որպէսզի դեռեւս գոյութիւն ունեցող երկկողմ դաշնակցային յարաբերութիւնները եւ ՀԱՊԿ-ը որեւէ կերպ խոչընդոտ չդառնան Հայաստանի հանդէպ ապագայ ոտնձգութիւնների համար: Ներկայիս իրավիճակում միայն դաշնակիցների եւ դաշինքների միջոցով է հնարաւոր ապահովել Հայաստանի անձեռնմխելիութիւնը: Բնականաբար, կուտակւել են շատ լեգիտիմ հարցեր, սակայն գլոբալ եւ տարածաշրջանային իրավիճակը սրընթաց փոփոխութիւնների գործընթացում է, որն ընձեռում է նաեւ հնարաւորութիւններ: Ալիեւի վերջնական նպատակը Հայաստանն աշխարհաքաղաքականօրէն մեկուսացնելն է: Երեւանի գերխնդիրն է՝ ճշգրիտ իրատեսական հաշւարկների եւ ոչ թէ «արժեքային» պատրանքների վրայ ապահովել համադրւող եւ համընկնող շահեր ունեցող դաշնակիցների արդիւնաւէտ փոխգործակցութիւնը»:
Երրորդ. Ալիեւը պահանջների/վերջնագրերի նոր չափաբաժին նետեց դաշտ, որոնց կը հետեւեն նորերը, եւ այսպէս անվերջ: Իւրաքանչիւր երկրի բանակցային սակարկութիւնների կարողութիւնը կախւած է այն տարբերակներից, որոնք ենթադրւում է, որ նա ունի: Դրանցից զրկւելը հեշտացնում է հակառակորդի ծրագրերը եւ նեղացնում Realpolitik-ի կիրառողների հաշւարկները: Հայաստանի ճակատագրական սխալ եւ անհեռատես հրաժարումն Արցախի հիմնախնդրի արծարծումից արմատապէս խարխլեց մեր դիւանագիտութեան պաշտպանական բնագծերը, փոխարէնը գրգռելով հակառակորդի պահանջատիրական ախորժակը: Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների հարցն օրակարգ վերադարձնելու հարցը աւելի քան հրատապ է: Հաշւի առնելով ներկայիս իրավիճակը եւ հիմնւելով միջազգային կազմակերպութիւնների, խորհրդարանների եւ առանձին պետութիւնների ընդունած յայտարարութիւնների ու բանաձեւերի վրայ՝ պէտք է գործադրել համակարգւած ջանքեր, որպէսզի ամրագրւի 2020-2023 թթ. Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպանական քաղաքականութեան եւ էթնիկ զտումների վերաբերեալ միջազգային կոնսենսուսը: Դրան զուգահեռ, տարբեր երկրներում եւ միջազգային ատեաններում անհրաժեշտ է ձեռնարկել Արցախի բարեկամների խմբերի վերականգնումն ու նորերի ստեղծումը, ինչը լրացուցիչ եւ կարեւոր ազդանշան կը դառնայ, որ Լեռնային Ղարաբաղի էջը փակւած չէ: Հայկական Սփիւռքի եւ արտերկրում մեր բարեկամների նախաձեռնութեամբ կարեւոր մայրաքաղաքներում հարկաւոր է կազմակերպել գիտաժողովներ, կլոր սեղաններ, ցուցահանդէսներ եւ հրապարակումներ Արցախի վերաբերեալ: Չափազանց կարեւոր է երաշխաւորել նման միջոցառումներին արցախցի ընտրւած ներկայացուցիչների մասնակցութիւնը, ինչը վերջերս խոչընդոտւում է մի շարք դեսպանութիւնների կողմից մուտքի արտօնագրերի մերժման հետեւանքով: Վերը նշւած առաջարկների կենսագործումը լրջօրէն կը զսպի Ադրբեջանին դիւանագիտական ճակատում:
Եւ վերջինը. Ալիեւն իր հարցազրոյցում երեսպաշտօրէն նշել է, թէ «խաղաղութիւնը հանրային կոնսենսուսի արդիւնք է, իսկ վէրքերը դեռ չեն սպիացել, հետեւաբար անհրաժեշտ է երկխօսութիւն»: Վերջերս ինչպէս Եւրախորհրդարանը, այնպէս էլ Շւէյցարիայի Ազգային խորհուրդը հանդէս են եկել նման առաջարկով: Անհրաժեշտ է այս միտումը տարածել այլ երկրներում: Պէտք է նպաստել երկխօսութեան հաստատմանը առանց սահմանափակումների: Գուցէեւ վերջին տարիներին արեւը փայլում է Ադրբեջանի վրայ, բայց նոյն ադրբեջանցիները եւ նրանց հովանաւորները գիտակցում են, որ միշտ այդպէս չի լինելու: Տեւական եւ կայուն խաղաղութիւնը պէտք է արդար լինի, հակառակ դէպքում խօսքն ընդամէնը միջպատերազմեան նոր եւ անցողիկ զինադադարի մասին է: Վստահ եմ, որ մեր տարածաշրջանը կարօտ է իրական խաղաղութեան»: