Հնդկաստանն անտեսանելի կործանիչ է մշակում Պակիստանի հետ լարւածութեան պայմաններում

«ԱԼԻՔ» – Հնդկաստանի պաշտպանութեան նախարարը հաստատել է երկրի ամենաժամանակակից անտեսանելի կործանիչի արտադրութիւնը՝ Պակիստանի հետ լարւածութեան ֆոնին: Յայտնում է Reuters-ը։
Հնդկաստանի պետական աւիացիայի զարգացման վարչութիւնը, որն իրականացնում է ծրագիրը, շուտով պաշտպանական ընկերութիւններին կը հրաւիրի մշակելու 5-րդ սերնդի երկշարժիչ կործանիչի նախատիպը։
Նախագիծը կարեւորագոյն նշանակութիւն ունի Հնդկաստանի ռազմաօդային ուժերի համար, որի՝ հիմնականում ռուսական եւ նախկին խորհրդային ինքնաթիռներից կազմւած էսկադրիլիաները թոյլատրւած 42-ից կրճատւել են մինչեւ 31, մինչդեռ մրցակից Չինաստանն արագօրէն ընդլայնում է իր ռազմաօդային ուժերը։ Պակիստանն իր զինանոցում ունի Չինաստանի ամենաժամանակակից մարտական ինքնաթիռներից մէկը՝ J-10-ը։
Հնդկաստանը գաղտնի կործանիչների ծրագրի շրջանակում կը համագործակցի տեղական ընկերութիւնների հետ: Ընկերութիւնները մրցոյթին կարող են մասնակցել անհատապէս կամ համատեղ ձեռնարկութիւնների կազմում։ Դիմումները բաց կը լինեն ինչպէս մասնաւոր, այնպէս էլ պետական ընկերութիւնների համար։