Ալիեւ. «Խօսելու իրաւունքը մեզ է պատկանում. սահմանազատումն ու սահմանագծումն իրականացւում է մեր պայմաններով»
«ԱԼԻՔ» – Այսօր մեր մէկ պահանջով Ղազախի չորս գիւղ է վերադարձւում մեզ։ Այդ կերպ էլ շարունակւելու է։ Այստեղ խօսելու իրաւունքը մեզ է պատկանում, մենք ենք առաջատար պետութիւնը Կովկասում: Մենք առաջատար պետութիւն ենք տնտեսական, քաղաքական, ռազմական առումներով եւ բոլոր առումներով, բոլորը պէտք է հաշւի նստեն մեզ հետ։ Ինչպէս տեղեկացնում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ այս մասին յայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օկուպացւած Շուշիում վերաբնակեցւածների հետ հանդիպմանն իր ելոյթում։
Ագրեսոր երկրի ղեկավարը հերթական յոխորտանք է դրսեւորել՝ յայտարարելով՝ թէ՛ Հայաստանը, թէ՛ նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կը փոշմանեն, եթէ իրենց հետ հաշւի չնստեն։
«Այսօր 1990 եւ 1992 թթ. օկուպացւած Ղազախի հողերը վերադարձւում են մեզ առանց մէկ կրակոց արձակելու։ Սահմանազատումն ու սահմանագծումն իրականացւում է մեր պայմաններով, եւ սա մեր հերթական յաղթանակն է»,- նշել է Ալիեւը: