Ալիեւի յաջորդ նպատակը Հայաստանի դէմ նկրտnւմներն են, որի «տեսական» զէնքը Արեւմտեան Ադրբեջանի թէզն է

«ԱԼԻՔ» – Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքն անդրադարձել է նոյեմբերի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն Ադրբեջանի Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի 80-ամեակի կապակցութեամբ ունեցած ելոյթին, որի առանցքային թեմաներից մէկը Հայաստանի Հանրապետութեան տարածքի «պատմական անցեալն» էր, տարածքի պատմական պատկանելիութեան հարցը.
«Ադրբեջանի նախագահի ելոյթում հնչեցւած թէզերը նոր չեն եւ հնչեցւել են տարբեր լսարանների առջեւ իր ելոյթների ժամանակ: Այստեղ առաւելապէս ուշադրութեան է արժանի այն, որ ակադեմիայում արտայայտւող մտքերն աւելի շատ իրենց գիտական հանրոյթին ուղղւած հրաման էր:
Ըստ Ադրբեջանի նախագահի ներկայիս Հայաստանի Հանրապետութեան տարածքում հայ բնակչութիւնը բնիկ չէ, բնակւում է այստեղ 19-րդ դարից, ինչը ռուսական կայսրութեան միտումնաւոր քաղաքականութեան հետեւանքն է: Այս կէտով ուղղակի ակնարկւում է, որ ՀՀ տարածքի պատմական եւ մշակութային ժառանգութիւնը հայերինը չէ եւ հայերը պատմական իրաւունք չունեն այդ տարածքների նկատմամբ: Ըստ ադրբեջանական կողմի՝ սրանից բխում է, որ հայերը չունեն հայրենիքի պատմական իրաւունք:
Ելոյթում նշւեց, որ ադրբեջանցիների պատմական հայրենիքի տարածքն աւելի մեծ է, քան այսօրւայ Ադրբեջանի Հանրապետութեան տարածքը, ինչից եզրահանգում արւեց, որ ադրբեջանցիները իրաւունք ունեն վերադառնալու իրենց «պատմական հողերը»: Նկատելի է, որ ադրբեջանական կողմը իր նոր նկրտումները հիմնաւորում է պատմական իրաւունքի, պատմական անցեալի սկզբունքներով: Եւ այս թէզը ստեղծւել է առաջին հերթին այսպէս կոչւած «Արեւմտեան Ադրբեջանի» գաղափարը ներքին եւ արտաքին լսարաններում առաջ տանելու համար:
Շատ կարեւոր է փաստել, որ մինչեւ 2020 թւականը պատմական հայրենիքի, պատմական իրաւունքի, պատմական անցեալի շեշտադրմամբ թէզերով ելոյթներ Ադրբեջանի նախագահը հնչեցրել է Արցախի տարածքի նկատմամբ իրենց յաւակնութիւնները, իրաւունքը հիմնաւորելու համար: ՀՀ տարածքի պատմական անցեալի մասին մինչեւ 2020 թւականի 44-օրեայ պատերազմը Ադբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը գրեթէ չի անդրադարձել, դա արել են աւելի շատ անհատ պատմաբաններ, քարոզիչներ:
Իրավիճակը փոխւեց 2020 թւականի 44-օրեայ պատերազմի եւ 2023 թւականին Արցախում էթնիկ զտումներից յետոյ: Հէնց այս ընթացքում պետական ամէնից բարձր մակարդակով սկսւեց քարոզւել «Արեւմտեան Ադրբեջանի», ադրբեջանցիների իրենց «պատմական հայրենիք, հողեր, տարածքներ» վերադարձի գաղափարը: Այս տարիներին ստեղծւեց եւ ակտիւացաւ «Արեւմտեան Ադրբեջանի համայնք» կոչւած հասարակական կազմակերպութիւնը, որն ուղիղ կերպով հովանաւորւում է եւ ֆինանսաւորւում պետութեան կողմից, իսկ կազմակերպութեան միջոցառումները աչքաթող չի անում նաեւ Իլհամ Ալիեւը:
Ադրբեջանի նախագահի ելոյթում պէտք է առանձնացնել այն հատւածը, որտեղ հրահանգ է տրւում կրկնապատել տարւող աշխատանքը եւ դրա հիմնաւորումը: Հրահանգը իջեցւում է գիտնականներին եւ հասարակական կազմակերպութիւնների (պարզ է, թէ որ) ներկայացուցիչներին: Որպէս աշխատանքի կրկնապատման հիմնաւորում նշւում է. «պէտք է ստեղծել աւելի շատ գիտական աշխատանքներ, հանրամատչելի նիւթեր, որպէսզի այս իրողութիւնները տարածւեն նաեւ Ադրբեջանից դուրս: Սա կը նպատստի նաեւ մեր Հայաստան վերադարձին, որպէսզի դա լինի տրամաբանական եւ արդարացի»:
Յաջորդ կարեւոր կէտն այն էր, որ այս քաղաքականութիւնը եւ քայլերը պէտք է անի պետութիւնը եւ հետեւողական լինի պետութիւնը: Շեշտւեց, որ ինքն անձամբ հետեւում է այս ուղղութեամբ կատարւող քայլերին: Նշւեց, որ «Ադրբեջանի պատմութեան կեղծմանը, այլափոխմանը» պէտք է տրւի կոշտ պատասխան: Հասկանալի է, որ այս հրահանգը ուղղւած է ընդդէմ հայկական կողմի: Հետաքրքիր է, որ որպէս գլխաւոր մեղաւոր հռչակւեց հայկական սփիւռքը:
Ելոյթում միակողմի եւ ոչ օբիեկտիւ մեկնաբանութիւն տրւեց Ռուսական կայսրութեան շրջանի՝ ՀՀ ներկայիս տարածքի բնակավայրերի տեղանունների, բնակչութեան էթնիկ կազմի մասին եղած փաստերին: Ռուսական կայսերական որոշ վաւերագրերին եւ քարտէզներին հղում տալը ներկայացւում է որպէս «օբիեկտիւութեան» ցուցիչ, միւս կողմից՝ որպէս պատմական նկրտումների «օբիեկտիւ» հիմնաւորում:
Հարկ ենք համարում նշել, որ ռուսական կայսերական վաւերագրերը, փաստաթղթերը, ճանապարհորդական նոթերը, քարտէզները, զեկուցումները հասանելի են, հրատարակւած եւ հեշտ ստուգելի: Այդ փաստաթղթերում մանրամասն խօսւում է տարածաշրջանի անցեալի, բնակչութեան էթնիկ կազմի, բնակչութեան տեղաշարժերի, այս կամ այն էթնիկ կազմի որեւէ տարածքում բնակւելու, բազմաթիւ բնակավայրերի անցեալի ու ներկայի մասին:
Ընդ որում տրւում են մանրամասն բացատրութիւններ, յղումներ տրւող ինֆորմացիային: Տարածքների հայկական պատմական, մշակութային պատկանելութիւնը, անցեալը երբեք չի ժխտւել եւ թաքցւել, դա վերաբերում է նաեւ 19-րդ դարում թաթարական բնակչութիւն ունեցող տեղանքներին: Նկարագրւում են նաեւ յուշարձանները, որոնք գերազանցապէս հայկական քրիստոնէական են: Յաճախ միեւնոյն բնակավայրի, տեղանքի թաթարական անւան կողքին նշւում է բնիկ հայկականը: Նոյնը կարող ենք տեսնել նաեւ տարածքների մասին առկայ եւրոպական բազմաբնոյթ վաւերագրերում:
Այսպիսով, կարող ենք փաստել, որ Ադրբեջանի նախագահի ելոյթը գաղափարաբանօրէն մշակւած, ռազմավարական տեսակէտից յստակեցւած քաղաքականութիւն է, որն ունի իր ենթանպատակները, որոնց հասնելու համար սահմանւում են եւ լուծւում են կոնկրետ խնդիրներ: 2020 թւականի 44-օրեայ պատերազմով եւ 2023 թւականի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողութիւններով Արցախի հայաթափմամբ Ադրբեջանը հասել է մի նպատակի: Յաջորդ նպատակը Հայաստանի Հանրապետութեան դէմ նկրտումներն են, որի «տեսական» զէնքը Արեւմտեան Ադրբեջանի թէզն է:
Հայերի անպատմութիւն ու անմշակոյթ, անհայրենիք լինելու թէզը ներկայացնում, հիմնաւորում, մանրամասնում է պետութեան առաջին դէմքը: Նա պահի տակ չի «հնարում», այլ կիրառում է մանրամասնօրէն մշակւած քարոզչական գաղափարաբանութիւն, որի գերագոյն նպատակն է վերացնել, իւրացնել, անւանափոխել, վերագրել հայկական մշակութային ժառանգութիւնը: Ու մի աստիճան եւս առաջ տանել «օրինական վերադարձի» խնդիրը»:



