Այլ

Միջերկրածովեան սննդակարգն օգնում է վերահսկել միզապարկի գործառոյթը

Միջերկրածովեան սննդակարգը նւազեցնում է գերակտիւ միզապարկի զարգացման ռիսկը. իրավիճակ, որի դէպքում յաճախակի եւ յանկարծակի միզելու ցանկութիւն է ի յայտ գալիս։ Նման եզրակացութեան են յանգել Չինաստանի Լանժոուի համալսարանի գիտնականները։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Journal of Health, Population, and Nutrition (JHPN) բժշկագիտական հանդէսում։

Հեղինակները վերլուծել են 2005-2018 թւականներին Ազգային առողջապահութեան եւ սննդի հետազօտութեան հարցման ընթացքում հաւաքւած 65 տարեկանից փոքր աւելի քան 23 հազար ամերիկացի մեծահասակների տւեալները։ Մասնակիցները բաժանւել են խմբերի՝ կախւած նրանից, թէ որքանով են նրանք հետեւում միջերկրածովեան սննդակարգի սկզբունքներին։ Այդ սննդակարգը ներառում է մեծ քանակութեամբ բանջարեղէն եւ մրգեր, ինչպէս նաեւ ձուկ, ընկոյզ եւ ձիթապտղի իւղ։

Պարզւել է, որ այս սննդակարգին հաւատարմօրէն հետեւող մարդկանց շրջանում գերակտիւ միզապարկ զարգացնելու հաւանականութիւնն անհամեմատ քիչ է։ Նոյնիսկ բազմաթիւ գործօններ՝ տարիքը, սեռը, եկամուտները, կրթութիւնը, խրոնիկական հիւանդութիւնները եւ սովորութիւնները, մասնաւորապէս՝ ծխելը եւ ոգելից խմիչքի օգտագործումը, հաշւի առնելուց յետոյ այդ կապը պահպանւել է։

Գիտնականները պարզաբանել են, որ միզապարկի գերակտիւութեան դէպքում միզապարկի մկանը սկսում է կծկւել նոյնիսկ փոքր-ինչ լցւած լինելու դէպքում։ Այդ խանգարումը հանդիպում է բոլոր տարիքի մարդկանց, բայց աւելի յաճախ՝ տարեց մարդկանց շրջանում։

Հետազօտողների կարծիքով՝ արդիւնքները ցոյց են տալիս, որ բուսական ծագման սննդամթերքի եւ օգտկար ճարպերի վրայ հիմնւած սննդակարգը կարող է բարենպաստ ազդեցութիւն ունենալ ոչ միայն սրտանօթների, այլեւ միզուղիների առողջութեան վրայ։

News.am

Related Articles

Back to top button