Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արծւիկ Սարգսեան. «Մարդիկ գիշեր ու ցերեկ մտածում են իրենց հողի, գերեզմանների մասին, յուսով սպասում, որ մի օր կը վերադառնան. քամին քնում է, բայց թշնամին՝ ոչ»

«ԱԼԻՔ» – Հինգ տարի առաջ՝ 2020 թւականի Արցախի 44-օրեայ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից այս օրերին արդէն օկուպացւել էր Շուշին, նաեւ Արցախի մի մասը։ Անառիկ բերդաքաղաքի անկումը մինչեւ օրս առեղծւած է շատերի համար, քանի որ այն Ադրբեջանն այդպէս հեշտ ու հանգիստ չէր կարող գրաւել։

Շուշիի քաղաքապետ Արծւիկ Սարգսեանի խօսքով՝ Արցախի կորուստը չէր լինի, եթէ Հայաստանում ամէն ինչ կազմակերպւած լինէր, իսկ մարդիկ՝ միասնական։

«Տեղի ունեցած այս սխալը հնարաւոր է շտկել միայն մէկ ճանապարհով՝ միասնականութեամբ, մեր ազգը պէտք է միասնական լինի։ 1988 թւականին հասարակութեան գոնէ մի մասը միասնական էր, դա էլ դարձաւ մեր յաղթանակի, Արցախի ազատագրման գլխաւոր գրաւականը։ Հիմա էլ այդպէս լինելու դէպքում, մենք կորցրածը կը վերադարձնենք, մէկ բռունցք դառնալ է պէտք։ Իհարկէ, 44-օրեայ պատերազմի սկզբի օրերին այդ միասնականութիւնը կար, բայց յետոյ, ինչպէս ասում են՝ ամէն ինչ վերածւեց «խաղի», դրա համար էլ արդիւնքն այս եղաւ։ Մեր ազգի մէջ չպէտք է պառակտում լինի, երբ այս ազգը պառակտւած է լինում, միշտ պարտւում է, կորցնում»,- 168.am-ի հետ զոյցում նշել է Արծւիկ Սարգսեանը։

Նա շեշտել է՝ մինչեւ 1988 թւականն էլ են եղել պառակտումներ, անհամաձայնութիւններ, բայց այս աստիճան չէ։

«Ցաւօք, մենք այսօր նոյնիսկ ազգային գաղափարախօսութիւն չունենք, հասարակութեանը բաժանել են մի քանի մասերի, նրանք տարբեր գաղափարներ են պաշտպանում ու տարբեր անձանց։ Նրանք ասում են, որ Ադրբեջանը պատրաստւում է խաղաղութեան, բայց ես խաղաղութիւն Ադրբեջանից չեմ սպասում, քանի որ մեր թշնամու ղեկավարը մշտապէս խօսում է հայկական նոր տարածքների, «Արեւմտեան Ադրբեջանի», Սեւանի մասին։ Այս պայմաններում մենք չպէտք է խաղաղութեան սպասենք, մեր ազգն այն ազգն է, որ միշտ դժւարին պահին իրար թիկունքի են կանգնել, հիմա էլ նոյնը պէտք է անել»,- յաւելել է Սարգսեանը։

Նրա դիտարկմամբ՝ 44-օրեայի պարտութեան գլխաւոր պատճառներից մէկը պառակտւածութիւնն էր, սխալ կառավարումը, եթէ ազգին ճիշտ կառավարէին, ապա այդպէս չէր լինի։

«Այսօր ունենք ոչ միայն առաջնորդողի կարիք, այլեւ լաւ քարոզչութեան, պէտք է այնպէս լինի այդ քարոզչութիւնը, որ Հայաստանին, Արցախին ու սփիւռքին մէկ միասնական ուժի մէջ տեսնեն։ Լաւ խօսք կայ, ասում են՝ որքան կեանքը դժւարանում է, մարդիկ այնքան շատ են ամրանում։

Վստահ եմ, այդ օրը կը գայ, ու մենք միասնական կը լինենք, սխալ է սպասելը, որ մեր թշնամին կը փոխւի կամ կը նահանջի, մենք պէտք է փոխւենք։ Քամին քնում է, բայց թշնամին՝ ոչ։ Վստահ եմ՝ մեր 18-20 տարեկան տղաները, աշխարհազօրը միշտ էլ պատրաստ է նախկինի նման իր հողը պաշտպանելու»,- շեշտել է նա։

Արծւիկ Սարգսեանը Արցախ վերադարձը հնարաւոր է համարում, եթէ արցախահայերի անվտանգութիւնն ապահովող լինի։

«Մարդիկ գիշեր ու ցերեկ մտածում են իրենց հողի, գերեզմանների ու սրբավայրերի մասին, յուսով սպասում, որ մի օր կը վերադառնան իրենց տներ»,- ընդգծել է Արծւիկ Սարգսեանը։

Զրոյցը՝ ԶՒԱՐԹ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ

Related Articles

Back to top button