Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների բովանդակային քննարկում Երեւանում

ԳԷՈՐԳ ՂՈՒԿԱՍԵԱՆ

Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու

 

Վերջին շրջանում միջազգային եւ տարածաշրջանային մակարդակներում տուրբուլենտ քաղաքական գործընթացները ոչ միայն չեն հանդարտւում, այլ աւելին՝ ականատես ենք լինում անկայունութեան նոր օջախների առաջացմանը, պետութիւնների քաղաքական առաջնահերթութիւնների անկանխատեսելի կերպափոխմանը, միջազգային յարաբերութիւններում լատենտ գործընթացների շեշտակի աճին։ Ցաւօք այս բոլոր երեւոյթները նոյնական են ինչպէս մեր տարածաշրջանի, այնպէս էլ մեզ հարեւան եւ մեզ համար առանցքային նշանակութիւն ունեցող տարածաշրջաններում, որոնցում տեղ գտնող զարգացումները ուղղակիօրէն առնչւում են մեզ։ Վերջին օրինակը սիրիական զարգացումներն էին, որոնց վերաբերեալ անյստակութիւնները դեռեւս աւելի շատ են, քան յստակութիւնները։

Արեւելեան Եւրոպայում, Մերձաւոր Արեւելքում, որոշ առումով նաեւ Աֆրիկէում տեղի ունեցող իրադարձութիւններն ու դրանց մասշտապների շարունակական ընդլայնումը թոյլ են տալիս ենթադրել, որ միջազգային յարաբերութիւնների նոր համակարգում ազդեցիկ տեղ ու դեր ունենալու պայքարը մտել է աւելի վճռական եւ որոշիչ փուլ՝ իրենից բխող բոլոր վտանգներով ու հնարաւորութիւններով։

Միջազգային քաղաքական վերադասաւորումներն ուղղակիօրէն առնչւում են մեզ նաեւ այն պատճառով, որ հարեւան Թուրքիայի Հանրապետութիւնն ակտիւօրէն ներգրաււած է աշխարհում քաղաքական եւ ռազմաքաղաքական ազդեցութեան գօտիների վերաբաժանման գործընթացներում։ Սա անշուշտ բարձրացնում է Թուրքիայի տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական կշիռը, այդ թւում թուրքական պետութիւնների համագործակցութեան շրջանակում։ Այնուամենայնիւ, դեռեւս վաղ է պնդել, որ ներկայ գործընթացներում թուրքական ներգրաււածութիւնը ամբողջութեամբ յանգեցնելու է ցանկալի այն արդիւնքին, որ թուրքական վերնախաւն ունի, սակայն միւս կողմից էլ ակնյայտ է, որ այսօր տեսնում ենք թուրքական գործօնի բաւականին ուժեղացում։

Տարածաշրջանում Թուրքիայի դերի ու ազդեցութեան շեշտակի եւ շարունակական աճը, տարածաշրջանում աւանդական ուժային ներկայութիւն եւ ազդեցութիւն ունեցող կոդրոնների, յատկապէս Իրանի եւ Ռուսաստանի քաղաքական եւ նաեւ ռազմաքաղաքական վարքաբանութեան կտրուկ փոփոխութիւնը, ինչպէս նաեւ տարածաշրջանային փոխզսպման ու հաւասարակշռման մեխանիզմների կատարեալ խախտումը, Թուրքիայի առջեւ կարող են բացել ծաւալապաշտութեան նոր հորիզոններ։

Միջազգային յարաբերութիւնների բնոյթի, աշխարհի ու տարածաշրջանի երկրների հետ կերպափոխւում է նաեւ Թուրքիան՝ մեզ կանգնեցնելով նորանոր մարտահրաւէրների առջեւ։

Ադրբեջանին անվերապահ քաղաքական ու ռազմական օժանդակութիւնը, Հարաւային Կովկասի հաղորդակցական ու հիմնական էներգատար ուղիների վրայ գրեթէ ամբողջական վերահսկողութիւնը կամ դրա ձգտումը, դէպի Մերձաւոր եւ հեռաւոր Արեւելք տնտեսաքաղաքական ներկայութիւն հաստատելու ծրագրերը եւ առհասարակ, այլեւս վաղուց բացայայտ դարձած փանթուրքական նկրտումները Թուրքիայի Հանրապետութեանը դարձրել են մեզ համար ճակատագրական պետութիւն, ոչ միայն անցեալի փորձով ու Հայոց Ցեղասպանութեան յիշողութեամբ պայմանաւորւած, այլ նաեւ ներկայ մարտահրաւէրներով։

Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների էութեան, առկայ մարտահրաւէրների ու հնարաւորութիւնների վերհանումը հեշտ գործ չէ՝ պայմանաւորւած խնդրի սոցիալ-հոգեբանական բարդութիւններով, պատմական յիշողութեամբ, իսկ արդէն հիմա՝ նաեւ Հայաստանի իշխանութիւնների մոլորեցնող քաղաքականութեամբ։ Ամէն դէպքում սակայն, Հայաստանի քաղաքական դաշտը, փորձագիտական հանրութիւնն ու առհասարակ հասարակութեան լայն շերտերը այդ երկրի նկատմամբ յստակ դիրքորոշւելու եւ հայ ժողովրդին այդ դիրքորոշումները պարզ ու հասանելի ներկայացնելու մարտահրաւէրի առաջ են, ինչին ի պատասխան, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը 2024 թ. դեկտեմբերի 14-ին հրաւիրել էր «Հայաստան-Թուրքիա. հնարաւորութիւն թէ սպառնալիք» խորագիրը կրող միջազգային խորհրդաժողով՝ ոլորտային յայտնի մասնագէտների եւ թուրքական գործօնից տարիներ շարունակ առնչւած քաղաքական գործիչների մասնակցութեամբ։ Քննարկման երեք հիմնական թեմաները հետեւեալներն էին․

– Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը որպէս անվտանգային եւ զսպիչ գործօն

– Աշխարհաքաղաքական զարգացումներ․ փանթուրքականութիւնը տարածաշրջանային սպառնալիք

– Հայ-թուրքական տնտեսական յարաբերութիւններ․ կախւածութիւն, թէ՞ հնարաւորութիւն

Պէտք է նկատել, որ խորհրդաժողովն իր տեսակով սպասւած էր Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում, ինչի մասին վկայում էր տարբեր հոսանքներ ու քաղաքական ուղղութիւններ ներկայացնող մասնակիցների մեծ քանակը եւ այն արձագանգները, որ խորհրդաժողովն ունեցաւ մամուլում։

Թուրքիայի հետ յարաբերութիւնները մշտապէս եղել են, կան եւ լինելու են Հայաստանի արտաքին քաղաքականութեան բարդագոյն խնդիրներից, նոյնիսկ անկախ այն հանգամանքից բաց են սահմանները, թէ ոչ, հաստատւած են դիւանագիտական յարաբերութիւնները, թէ ոչ։

Ակնյայտ է, որ Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան նպատակը պէտք է լինի բոլոր պետութիւնների հետ բարիդրացիական եւ փոխշահաւէտ յարաբերութիւնների զարգացումը՝ Հայաստանի Հանրապետութեան ու հայ ժողովրդի կենսական շահերի պահպանմամբ ու սպասարկմամբ։ Արտաքին յարաբերութիւններում չպէտք է վտանգւեն հայ ժողովրդի անժամանցելի եւ անօտարելի իրաւունքները, պէտք է բացառւեն կենսական զիջումները եւ կորուստները՝ յստակ ամրագրելով հայութեան շահերը ՀՀ գործող սահմանադրաիրաւական կարգաւորումներին, միջազգային նորմերին ու դիւանագիտական պրակտիկային համահունչ։ Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը պէտք է հիմնուած լինի կանխատեսելիութեան եւ հաւասարակշռման վրայ՝ երկիրը հեռու պահելով ուժային կենտրոնների միջեւ հակամարտութիւններից եւ դրանց ածանցեալ բացասական քաղաքական գործընթացներից։

Ինչ վերաբերում է տարածաշրջանային երկրների, յատկապէս Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի յարաբերութիւններն բնոյթին, ապա վերը ասւածը նոյնպէս արդիական է, սակայն այստեղ էլ մոլորութեան մէջ են Հայաստանի իշխանութիւնները, որոնք Հայաստանի երկու հարեւանների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի թշնամական դիրքորոշումը պայմանաւորում են առաւելապէս Հայաստանի դիրքորոշումներով։ Ըստ իշխանութիւնների՝ մեր այդ երկու հարեւանները այլապէս չունեն նկրտումներ Հայաստանի տարածքային ամբողջականութեան ու ինքնիշխանութեան նկատմամբ։ ՀՀ զիջողական այս վարքագիծը ոչ միայն չի ապահովում ՀՀ անվտանգութիւնը, այլ՝ նոր պատերազմների եւ կորուստների գրաւական է դարձել։ Ասուածը հիմնաւորւում է նրանով, որ տեւական զիջումներից յետոյ Ադրբեջանը ոչ միայն չի գնում այսպէս կոչւած խաղաղութեան պայմանագրի ստորագրման, այլ կանխամտածւած կերպով դեռեւս գնում է դրա վիժեցմանը՝ Հայաստանի նկատմամբ նորանոր պահանջներ առաջադրելով։

Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում էական առաջընթացի բացակայութիւնը, նոյնական է նաեւ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների պարագայում։ Յատկանշական է, որ նոյնիսկ իշխանութիւնների ներկայացուցիչներն են վերջերս սկսել յայտարարել, որ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում առաջընթացի բացակայութիւնը պայմանաւորւած է բացառապէս Թուրքիայում Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման շուրջ քաղաքական կամքի բացակայութեամբ։

Իր հերթին Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ իր յարաբերութիւնները պայմանաւորել Հայաստանի հետ Ադրբեջանի յարաբերութիւններով, ինչն էլ յաւելեալ ապացոյց է այն պարզ իրողութեան, որ Հայաստանի հետ յարաբերութիւններում թուրքական կողմը շարունակում է նախապայմանների քաղաքականութիւնը։ Ըստ էութեան հասնելով աւանդական երեք նախապայմանների իրագործմանը՝ Արցախից հրաժարում, Հայաստան-Թուրքիա առկայ փաստացի սահմանի իրաւական ամրագրում եւ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացից յետքայլ՝ թուրքական կողմը Հայաստանի առջեւ դրել է նոր նախապայմաններ՝ մասնաւորապէս այսպէս կոչւած «Զանգեզուրեան միջանցք»-ի բացում, Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագրի փոփոխութիւն, ՀՀ Սահմանադրութեան փոփոխութիւն, պետական խորհրդանիշների փոփոխութիւն եւ այլն։
Թուրքիան, Ադրբեջանի հետ գործակցութեամբ, շարունակում է ճնշել ՀՀ-ին՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ իր յարաբերութիւնների բնականոնացման գործընթացներում առաւելագոյնը զիջելու։

Մենք երբեք դէմ չենք եղել Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ պետական սահմանի բացմանը եւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատմանը։ Սակայն դա պէտք է արւի առանց նախապայմանների, առանց ճնշման քաղաքականութեան եւ Հայաստանի կողմից համապատասխան պաշտպանական միջոցառումների ձեռնարկումից յետոյ։

Թուրքական պետութիւնն ինքն է փակել սահմանը եւ իր կողմից դրա բացմանն ուղղւած քաղաքական կամքի առկայութիւնը բաւական է այն բացելու համար, սակայն փոխանակ դրա, թուրքական կողմը տասնամեակներ շարունակ մի կողմից որդեգրել է Հայաստանի Հանրապետութեան մեկուսացման քաղաքականութիւն, միւս կողմից, Ադրբեջանի միջոցով, վարում է ուժի եւ դրա սպառնալիքի կիրառման քաղաքականութիւն՝ Հայաստանի առաջ դնելով մի շարք նախապայմաններ, որոնք պարբերաբար թարմացւում են, երբ Հայաստանի իշխանութիւնները դրանց տեղի են տալիս։
Այն փաստը, որ Հայստանի Հանրապետութեան բոլոր իշխանութիւններն էլ փորձել են Թուրքիայի հետ բարիդրացիական յարաբերութիւններ հաստատել եւ ձախողել են, ցուցիչ է այն բանի, որ թուրքական կողմում բացակայում է Հայաստանի հետ յարաբերութիւններ հաստատելու քաղաքական կամքը եւ այդ երկիրը հետապնդում է Հայաստանի Հանրապետութեան անվտանգային համակարգի ամբողջական կազմաքանդումը, արտաքին ու ներքին դիմադրողականութեան վերացումը, Թուրքիայից կախեալ պետութեան ձեւաւորումը։

2020 թ. արցախեան պատերազմում թուրքական զինւորականութեան, զօրքերի եւ զինտեխնիկայի ուղղակի ներգրաւումը, այդ թւում Թուրքիայի Հանրապետութեան տարածքից օդային հրամանատարութեան գործառոյթների իրականացումը փաստեց, որ Թուրքիան Հայաստանի Հանրապետութեան դէմ ներգրաււել է եթէ ոչ բացայայտ, ապա վստահաբար պրոքսի պատերազմում, որում թուրքական մասնակցութիւնը վճռական նշանակութիւն է ունեցել պատերազմի ելքի վրայ։ Մի հանգամանք, որ անթաքոյց հպարտութեամբ քանիցս ընդունւել է թուրքական պետութեան բարձրագոյն ղեկավարութեան կողմից։

Ասւածի համատեքստում ակնյայտ է, որ ցեղասպանութիւնը թուրքական պետութեան համար եղել եւ շարունակում է մնալ արտաքին քաղաքականութեան խնդիրների լուծման գործիք ինչպէս 19-րդ դարավերջում եւ 20-րդ դարասկզբում, այնպէս էլ հիմա։

Այս ամէնին գումարւում է ի հարկէ Թուրքիայի փանթուրանական նկրտումները, թուրքական պետութիւնների հարթակում (Թուրքական խորհուրդ) առաջնորդող դերը, այս շրջանակում նրա աշխարհաքաղաքական հետաքրքրութիւնները եւ այլն։ Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումները, Թուրքիա շտապող ամերիկեան եւ Եւրոպական բարձրաստիճան պատւիրակութիւնները, Սիրիայի հարցով առանցքային քննարկումները Թուրքիայի հետ վարելը արդէն իսկ ընդգծում են գոնէ միջնաժամկէտ կտրւածքում թուրքական դերակատարութեան բարձրացումը տարածաշրջանում։ Ինչո՞ւ ենք պնդում միջնաժամկէտ, որովհետեւ ոլորտային բազմաթիւ մասնագէտների կարծիքով Սիրիայում իրավիճակի կայունացման թուրքական առաջնորդութիւնը կարող է ձախողւել, հաշւի առնելով նաեւ տեղում քրտական գործօնը։ Սրա արդիւնքում, Թուրքիան՝ մխրճւելով հսկայական մի երկրում բազմաշերտ հակամարտութիւնների մէջ, կարող է արտաքին, անվտանգային ու տնտեսական նոր խնդիրների բախւել։ Սակայն սա՝ երկարաժամկէտ կտրւածքում։

Կարճաժամկէտ կտրւածքում Թուրքիայի դիրքերը բաւական ուժեղ են։ Այս պայմաններում, երբ Թուրքիայի տարածաշրջանային դերն ու նշանակութիւնը շարունակաբար աճում է, իսկ փանթուրանական նկրտումները վաղուց արդէն տեղափոխւել են գործնական փուլ, օբիեկտիւօրէն հարցադրում կարող է առաջանալ այն մասին, թէ արդեօ՞ք Հայաստանը, իր սակաւ հնարաւորութիւններով եւ այս որակի իշխանութիւններով թուրքական ծաւալապաշտութեանը դիմադրելու որեւէ շանս ունի, թէ՞ պէտք է ամբողջապէս բաւարարել թշնամական պայմանները։

Մեր համոզումն այն է, որ Հայաստանի Հանրապետութիւնը, միջազգային յարաբերութիւնների նոյնիսկ այս բարդ իրավիճակում, ունի թուրքական ծաւալապաշտութեանը չյանձնւելու գործնական հնարաւորութիւններ, ինչպէս ներքին, այնպէս էլ արտաքին։ Նախ, ինչ վերաբերում է ներքին իրավիճակին՝ ակնյայտ է, որ Հայաստանի իշխանութիւնները ի զօրու չեն առաջնորդել Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման արժանապատիւ գործընթաց։ Ուստի, նրանց մնալն արդէն իսկ խնդրայարոյց է։ Երկրորդ, Հայաստանի դիրքորոշումը, բացի նախապայմանների բացառումը, ապագայում, մինչ յարաբերութիւնների կարգաւորումը, պէտք է կեդրոնանայ օրէնսդրաիրաւական պաշտպանիչ կարգաւորումներ ստեղծելու վրայ, որոնք սահմանի հնարաւոր բացումից յետոյ Հայաստանի տնտեսութիւնը կը պաշտպանեն թուրքական տնտեսական էքսպանսիայից, կը պաշտպանեն ներքին արտադրողին ու հայկական տնտեսութեան յարաբերական անկախութիւնը։

Գալով արտաքին հնարաւորութիւններին։ Միջազգային յարաբերութիւնների էութիւնը գրեթէ միշտ, սակայն գոնէ ձեւակերպւած 17-րդ դարի կէսերից ենթադրում է ուժի հաւասարակշռման եւ փոխզսպման գործուն մեխանիզմների առկայութիւն։ Այս յարաբերակցութեան թուլացումը թէ գլոբալ, թէ գլոկալ կամ տարածաշրջանային մակարդակներում յանգեցնում է միջազգային յարաբերութիւնների խաթարման։ Այսինքն, Թուրքիայի ազդեցութեան շարունակական աճի պարագայում, աշխարհին այս տարածաշրջանում պէտք է լինելու Թուրքիային հաւասարակշռող ու հակակշռող գործօններ, որոնք դեռեւս բացայայտ չեն նշմարւում, սակայն տեսական քաղաքագիտութիւնը պնդում է, որ նման գործօններն առաջիկայում անխուսափելիօրէն ձեւաւորւելու են։ Թուրքիային առաջիկայում հակակշռող պետութիւնների այդ շրջանակը մեծ չէ, եւ ի թիւս այլնի կարող է ներառել օրինակ Հնդկաստանը, Իրանը, Ֆրանսիան, Եւրոպական միութիւնը, տարածաշրջանում քրդական գործօնը՝ ԱՄՆ-ի հետ բացայայտ կամ լատենտ ներգրաււածութեամբ եւ այլն։ Ի դէպ, տեւական ժամանակ թուրքական գործօնի առաջնային հակակշիռը տարածաշրջանում Ռուսաստանն էր։ Սակայն սա արդէն նոր քննարկման նիւթ է։ Այնուամենայնիւ, աներկբայ է, որ միջազգային յարաբերութիւնների տրամաբանութիւնն ինքնին ենթադրում է ուժի հաւասարակշռում եւ փոխզսպում։ Վստահաբար աշխարհը չի հանդուրժելու ի դէմս Թուրքիայի նոր գերտէրութեան ձեւաւորում եւ հակակշիռները շուտով ի յայտ են գալու։

Քանի դեռ Թուրքիան պատրաստ չէ Հայաստանի հետ բնականոն դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման ու յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի մեկնարկի, Հայաստանի Հանրապետութեանը մնում է միջազգային նոր գործընկերների ներգրաւմամբ, եւ ներսում՝ ազգային միասնութեամբ ու իրապէս որակապէս նոր իշխանութեամբ, գտնել միջազգային դերակատարների այն շրջանակը, որի համար անընդունելի է աշխարհում եւ առաւել լայն տարածաշրջանում թուրքական ազդեցութեան չափից դուրս մեծացումը։

Հորիզոն

Related Articles

Back to top button