Փաստաբան. «23 oր տեւած հացադուլը լուրջ ազդեցութիւն է թողել Ռուբէն Վարդանեանի առողջութեան վրայ»

«ԱԼԻՔ» – «Հիմա` մարտի 12-ին հացադուլի աւարտից յետոյ Ռուբէնի վիճակը կայուն է։ 23 oր տեւած հացադուլը լուրջ ազդեցութիւն է թողել նրա առողջութեան վրայ»,-այս մասին «Նովայա Գազետա» պարբերականին յայտնել է Բաքւում պահւող Ռուբէն Վարդանեանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը։
«Նովայա Գազետա» պարբերականում Ազա Բաբայեանի ծաւալուն յօդւածն է հրապարակւել Բաքւում պահւող ամենայայտնի հայ գերու՝ Ռուբէն Վարդանեանի մասին, որի նկատմամբ «դատավարութիւնը» շարունակւում է, եւ այսօր հերթական նիստն է:
Յօդւածում հրապարակւած է նաեւ Ռուբէն Վարդանեանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերի կարճ հարցազրոյցը, որը թարգմանաբար ներկայացւում է ստորեւ.
– Ի՞նչ է յայտնի Ռուբէն Վարդանեանի ներկայիս վիճակի մասին: Ինչպէ՞ս է նա իրեն զգում:
– Մարտի 12-ին հացադուլն աւարտելուց յետոյ Ռուբէնի վիճակն այս պահին կայուն է: Ինչպէս մանրամասն նկարագրւած է իմ յայտարարութեան մէջ, նրա հացադուլը տեւել է 23 օր եւ լուրջ ազդեցութիւն է ունեցել առողջութեան վրայ: Նա կորցրել է աւելի քան 6 կգ, եւ նրա արեան ճնշումը վտանգաւոր բարձր մակարդակի վրայ է՝ 140/110, ինչը համապատասխանում է 2-րդ աստիճանի հիպերտոնիային: Կարմիր Խաչի միջազգային կոմիտէն (ԿԽՄԿ) առանցքային դեր ունէր նրա բժշկական խնամքն ապահովելու գործում: Սակայն ԿԽՄԿ-ն Ադրբեջանից վտարելու նախագահ Ալիեւի կարգադրութիւնը սպառնում է ինչպէս բժշկական օգնութեան հետագայ հասանելիութեանը, այնպէս էլ ընտանիքի հետ նրա կապի ապահովմանը:
– Ինչպիսի՞ն են Ռուբէն Վարդանեանի ազատ արձակման հնարաւորութիւնները:
– Մենք շատ ակտիւօրէն աշխատում ենք ոչ միայն Ռուբէն Վարդանեանի, այլեւ Ադրբեջանի կողմից պահւող բոլոր հայ քրիստոնեայ քաղբանտարկեալների ազատ արձակման ուղղութեամբ: Վերջին ամիսներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վրայ ճնշումը գնալով մեծանում է:
– Ինչո՞ւ է Արեւմուտքն այդքան պասիւ հայ գերիների, այդ թւում՝ Ռուբէն Վարդանեանի իրաւունքների պաշտպանութեան հարցում:
– Չեմ կարծում, որ իրավիճակի նման բնութագրումը արդարացի է: Գուցէ նախկինում այդպէս էր, բայց վերջին ամիսներին կարեւոր փոփոխութիւններ են տեղի ունեցել: Անցեալ տարւայ հոկտեմբերին, նախընտրական քարոզարշաւի ընթացքում, նախագահ Թրամփը յայտարարեց, որ Ալիեւի գործողութիւնները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտում են, եւ եթէ ընտրւի, կը պաշտպանի հալածւած քրիստոնեաներին:
Այդ ժամանակից ի վեր Թրամփի վարչակազմը հաստատում է այս դիրքորոշումը ինչպէս հրապարակային, այնպէս էլ մասնաւոր դիւանագիտութեան միջոցով: Օրինակ, 2025 թ. մարտի 16-ին ազգային անվտանգութեան խորհրդական Մայքըլ Ուոլցն այդ մասին հրապարակային գրառում արեց:
Նախագահ Թրամփի եւ նրա վարչակազմի դիրքորոշումից բացի, հարկ է նշել Եւրամիութեան եւ ՄԱԿ-ի մարդու իրաւունքների հարցերով գերագոյն յանձնակատարի վերջին նախաձեռնութիւնները: Մարտի 3-ին ՄԱԿ-ի գերագոյն յանձնակատար Ֆոլկեր Թուրքը կոչ արեց անյապաղ ազատ արձակել հայ գերիներին Ադրբեջանում, իսկ մարտի 12-ին Եւրամիութիւնը ներկայացրեց բանաձեւի համատեղ առաջարկ՝ դատապարտելով հայ պատանդների դէմ ցուցադրական դատավարութիւնները:
– Կարո՞ղ է Թրամփի վարչակազմը միջամտել Վարդանեանի գործին:
– Թրամփի վարչակազմն արդէն յստակ հասկացրել է, որ քաղբանտարկեալների ազատ արձակումն իր համար առաջնահերթ խնդիր է: Չեմ կարծում, որ նախագահ Թրամփը կաջակցի խաղաղութեան համաձայնագրին, եթէ գերիները չազատւեն մինչեւ դրա կնքումը կամ ստորագրման պահին: Վստահ եմ, որ Թրամփի վարչակազմը, այլ շահագրգիռ կողմերի հետ միասին, այս դիրքորոշումը հասանելի է դաձնում նախագահ Ալիեւին: Եթէ Ալիեւը պատշաճ կերպով չարձագանգի, ակնկալում եմ, որ ուղղակի հետեւանքներ կը լինեն:
Ալիեւի փոխարէն ես շատ կանհանգստանայի, քանի որ Թրամփը դասական քաղաքական գործիչ չէ, ով սահմանափակւում է աստիճանական միջոցառումներով: Ինչպէս արդէն տեսել ենք նրա երդմնակալութիւնից յետոյ, նա կարող է գնալ անսպասելի, անհամաչափ եւ նոյնիսկ կոշտ քայլերի:
ՌՈՒԲԷՆ ՎԱՐԴԱՆԵԱՆ