Հայաստան - ԱրցախՔաղաքական

Պիոտր Կոլչին. «Փաշինեանի քաղաքական թուլութիւնը Հայաստանը կը տանի աշխարհաքաղաքական աղէտի»

«ԱԼԻՔ» – Ռուս քաղաքագէտ եւ ռազմական փորձագէտ Պիոտր Կոլչինը Alpha News-ին տւած հարցազրոյցում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի յայտարարութիւնն այն մասին, որ «իր համար պատիւ է նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտութեան կարգաւորմանը»։

Քաղաքագէտի խօսքով՝ վաշինգտոնեան համաձայնագրերը եւ դրանց հետ կապւած հրապարակային յայտարարութիւնները մեծ մեդիախաղի մի մաս են։

«Թրամփի նպատակները պարզ են` ստանալ եւս մէկ նշում մեծ դիւանագիտական յաղթանակների ցանկում, որոնք, ըստ նրա, իրեն կը հասցնեն Խաղաղութեան Նոբէլեան մրցանակի։ Դրա համար նա պէտք է արդիւնքի հասնի ցանկացած գնով եւ ցանկալի է մօտ ապագայում։ Ալիեւը հիանալի օգտւում է դրանից՝ հասնելով իր բոլոր նպատակներին եւ հաստատելով իր ազդեցութիւնը Հարաւային Կովկասում։ Բայց կարգաւորման մէջ ինչ-որ իրական առաջընթացների մասին, իհարկէ, խօսել պէտք չէ։

Թրամփը պատկեր է ստեղծում, փորձում է ճնշում գործադրել Իրանի վրայ՝ նրա հիւսիսային սահմաններին ռիսկեր ստեղծելու միջոցով։ Բայց իրական կարգաւորում տեղի չի ունենում։ Ադրբեջանը չի հրաժարւում իր ռազմատենչ նկրտումներից, յաջորդ տարւայ համար երկրի ռազմական բիւջէն աճում է։ Ալիեւը չի հրաժարւում «Արեւմտեան Ադրբեջանի» նախագծերից։ Եւ, ամենայն հաւանականութեամբ, «Թրամփի երթուղին» փաստացի լինելու է Անկարայի եւ Բաքւի տիրապետութեան տակ։ Այդ իսկ պատճառով այստեղ ինչ-որ իրական խաղաղութեան մասին խօսել պէտք չէ։

Փաշինեանի քաղաքական թուլութիւնը Հայաստանը տանում է աշխարհաքաղաքական աղէտի։ Եւ եթէ ժամանակին չփոխւի այդ պրոցեսների ընթացքը, երկիրը կարող է բախւել անվտանգութեան ոլորտում շատ լուրջ խնդիրների, որոնք կարող են կործանարար լինել նրա ինքնիշխանութեան համար՝ ռազմավարական հեռանկարում»,- եզրակացրել է Կոլչինը։

Related Articles

Back to top button