Հայ-իրանական համագործակցութիւնը կախւած է նաեւ խոշոր անհատների ջանքերից

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Գ. Ծառուկեանի՝ Հայաստանում ընթացող դատավարութիւնը մեծ արձագանգ է ստանում ինչպէս Հայաստանում, այնպէս էլ միջազգային հանրութեան մօտ։ Հրապարակւած բոլոր փաստերը խօսում են վերջինիս անմեղութեան մասին, սակայն նաեւ շարունակում է մնալ կալանքի տակ։
Ինչպէս Ծառուկեանը եւ նրա թիմը, այնպէս էլ լայն հանրութիւնը վստահ են, որ արդարութիւնը միեւնոյն է յաղթելու է, եւ Ծառուկեանը շուտով հնարաւորութիւն է ստանալու՝ վերադառնալու իր բնականոն կեանքին եւ իրականացնելու իր խոշորածաւալ նախագծերը։
Այս ամբողջ ընթացքում նա մշտական աջակցութիւն է ստանում Սփիւռքի հայ համայնքներից ու ազդեցիկ գործիչներից։ Սա պատահական չէ. Սփիւռքի հայկական օջախների հետ Ծառուկեանը միշտ ունեցել է աշխատանքային եւ մարդկային ջերմ կապեր։
Ծառուկեանը հայաստանեան ազգային խոշոր կապիտալի առաջին ներկայացուցիչն էր, որ տարիներ առաջ յայտարարեց, թէ սփիւռքից օգնութիւն ակնկալելուն զուգահեռ, Հայաստանն էլ պէտք է օգնի եւ աջակցի Սփիւռքի հայկական համայնքներին՝ այս կամ դժւար իրավիճակում։
Այս առումով նրա դերը հայապահպանութեան գործում իսկապէս դժւար է գերագնահատել։
Գ. Ծառուկեանն իրաւամբ համարւում է նաեւ Իրանի հայկական համայնքի եւ ընդհանրապէս Իրանի Իսլամական Հանրապետութեան անկեղծ բարեկամը։
Որպէս քաղաքական ուժի ղեկավար՝ «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան նախագահ, Ծառուկեանն իր ծրագրային ելոյթներում մշտապէս կարեւորել է հայ-իրանական յարաբերութիւնները, ընդգծել դրանց բացառիկ կարեւորութիւնը, հազարամեայ պատմութիւնը։ Նա մշտապէս հանդէս է գալիս երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ բոլոր մակարդակներում սերտ համագործակցութեան, բոլոր ոլորտներում յարաբերութիւնների խորացման օգտին։
«Շատ կարեւոր է, որ մեր ժողովուրդները աւելի շատ շփւեն, ճանաչեն միմեանց մշակոյթը, արժէքները, շատ լինեն այցելութիւնները, պարզ մարդկային հաղորդակցութիւնը»,- իր հրապարակային ելոյթներից մէկում ասել էր նա։
Ծառուկեանն առանձնայատուկ կարեւորութիւն է տալիս հայ-իրանական տնտեսական յարաբերութիւններին։ Նրա ջանքերով եւ աջակցութեամբ Հայաստանում աւելի քան 18 հազար քմ տարածքի վրայ բացւել է աշխարհում ամենամեծ իրանական առեւտրի կենտրոնը։ Հարիւրից աւելի տաղավարներ նախատեսւած են իրանական արտադրողների եւ առաջատար ձեռնարկութիւնների համար՝ ներկայացնելու իրենց արտադրանքը։
Ծառուկեան ընտանիքը աջակցութիւն է ցուցաբերել ՀՀ-ում Իրանի դեսպանութեանը կից Շահիդ Ֆահմիդէհ կրթահամալիրի բարեկարգման աշխատանքներին, ինչը յարգանքի եւ բարեկամութեան քայլ է։
Դեռեւս 2016 թ.-ին, Թեհրան կատարած աշխատանքային այցի ժամանակ, Ծառուկեանը զգալի աջակցութիւն ցուցաբերեց Իրանի համահայկական 48-րդ խաղերի կազմակերպմանը։
Նրա կապերը Իրանի հայ համայնքի հետ միշտ եղել են սերտ ու արդիւնաւէտ։ Նրան մշտապէս ջերմութեամբ են ընդունել Իրանի հայկական մարզամշակութային, կրթական օջախներում։
Քչերը գիտեն, որ փետրւարին Իրանի վրայ սկսւած ռազմական յարձակումներից յետոյ, երբ հաստատւեց հրադադար, Ծառուկեանն իր անձնական միջոցներով դեղորայք եւ այլ հումանիտար օգնութիւն է ուղարկել Իրանի բարեկամ ժողովրդին։
Վերջին ամիսներին էլ, գտնւելով կալանքի տակ, Ծառուկեանը չի դադարեցնել իր հայապահպան գործունէութիւնը եւ շարունակում է իր ջանքերը դնել հայկական աշխարհի միասնութեան եւ հայկական շահի առաջ մղման գործում։
Յայտարարւել է «Ծառուկեան միջազգային մրցանակաբաշխութիւն», որտեղ ի թիւս այլ անվանակարգերի առանձնանում են երկուսը։ Առաջինը անւանակարգն է Հայ ժողովրդի բարեկամ՝ այն օտարերկրեայ գործիչների եւ կազմակերպութիւնների համար, որոնք հայ ժողովրդի համար նշանակալից գործունէութիւն են իրականացնում, ներառեալ՝ հայկական պատմամշակութային կոթողների եւ ոչ նիւթական արժէքների պահպանութիւն։ Միւս անւանակարգը՝ Հայկական միասնականութիւն՝ նախատեսւած է անհատների կամ խմբերի համար, որոնք գործունէութիւն են ծաւալում հայապահպանութեան եւ Հայաստան-Սփիւռք կապերի ամրապնդման ուղղութեամբ։
Վստահ եմ՝ Իրանի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ, անհատներ, կազմակերպութիւններ իրենց կատարած ազգանւէր գործունէութեան համար կը լինեն յաւակնորդների ցանկում։
Վստահ եմ նաեւ, որ մրցանակաբաշխութեան հանդիսաւոր արարողութեան ժամանակ Ծառուկեանն անձամբ կը յանձնի մրցանակները, ինչպէս նաեւ վստահ եմ, որ Ծառուկեանն առաջիկայում կեանքի կը կոչի իր միւս խոշոր նախագծերը՝ ուղղւած հայապահպանութեանը եւ հայկական աշխարհի միասնականութեանը։



