Արաղչին՝ ամերիկեան ԶԼՄ-ներին. «Դադարեցրէ՛ք Իրաքի պատերազմի նախօրէին կիրառւած պրոպագանդան»

ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նոյեմբերի 26-ին, X-ի իր էջում կատարած գրառման մէջ քննադատել է արեւմտեան լրատւամիջոցներում Իրանի հասցէին տարածւող մեղադրանքները, դրանք համեմատելով 2003 թւականին Իրաքի դէմ պատերազմի նախապատրաստման ընթացքում կիրառւած ապատեղեկատւական քարոզչութեան հետ։
Արաղչին արձագանգել է ամերիկեան լրատւամիջոցների հրապարակումներին, որոնց համաձայն՝ Իրանը, իբր, ծրագրում է Վաշինգտոնում կիրառել քիմիական զէնք եւ ջրային ենթակառուցւաքների ու ամբարտակների տակ կառուցում է հրթիռային ռազմակայաններ։
«Դադարեցրէ՛ք Իրաքի պատերազմի ոճով այս կեղծ քարոզչութիւնը, մանաւանդ երբ այս ամբողջ պատմութեան մէջ բացայայտօրէն Իսրայէլի մատն է խառը»,- գրել է Արաղչին։
ԱԳ նախարարի արձագանգը պատասխան էր The New York Times-ի եւ CNN-ի հրապարակումներին։ Առաջինը ենթադրութիւններ էր ներկայացրել Իրանի ջրային ենթակառուցւածքների եւ ստորգետնեայ հրթիռային կառոյցների հնարաւոր կապի մասին, իսկ CNN-ը, յղում կատարելով ամերիկեան անանուն հետախուզական աղբիւրներին, պնդել էր, թէ Իրանը քննարկել է Վաշինգտոնի դէմ «կեղտոտ ռումբի» կամ քիմիական զէնքի կիրառման տարբերակներ։ Միաժամանակ, հրապարակումներում այդ պնդումների հաստատման համար վերջնական ապացոյցներ չէին ներկայացւել, այս մասին է յայտնել ԻՌՆԱ-ն։



