Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լարիսա Ալավերդեան. «Այդ անմեղսունակ յայտարարութիւններ անողն ասում է` «Արեւմտեան Ադրբեջանը» սա է՝ մատնանշելով միջազգային իրաւունքով Ադրբեջանին չպատկանող տարածքներ»

«ԱԼԻՔ» – Նիկոլ Փաշինեանը խաղաղութիւն հաստատելու Հայաստանի առաջարկներն է ներկայացրել նախօրէին՝ այդ շարքում նշելով նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Ի դէպ, Ադրբեջանը տարիներ շարունակ հետեւողականօրէն պայքարում էր Մինսկի խմբի դէմ՝ յայտարարելով, թէ հայանպաստ յայտարարութիւններ եւ դիրքորոշում ունեն։ Բաքւի բռնապետն ու իր բոլոր պաշտօնեաները ցայսօր էլ առիթը բաց չեն թողնում խօսել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին։

Վերլուծաբանները, այդ թւում՝ միջազգային, ադրբեջանական, այս մտահոգութիւնը պատահական չեն համարում՝ նկատելով, թէ դեռ պարզ չէ՝ աշխարհաքաղաքական իրավիճակն ինչպէս կը փոխւի, եւ, օրինակ, միջազգային դերակատարներն ինչ գործառոյթներ կը շնորհեն հէնց ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը կոչւած էր զբաղւելու Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խնդիրներով։

Փաստօրէն, Նիկոլ Փաշինեանը նաեւ այս քայլով է փորձում փարատել Ալիեւի մտահոգութիւնները։ Թէ ի՞նչ վտանգներ են առկայ Փաշինեանի հերթական նահանջի մէջ, 168․am-ը հետաքրքրւել է ՀՀ Մարդու իրաւունքների առաջին պաշտպան, իրաւապաշտպան Լարիսա Ալավերդեանից։

«Ամենամեծ վտանգը Նիկոլ Փաշինեանն է ու նրա թիմը,- ի պատասխան՝ արձագանգեց Լարիսա Ալավերդեանը, ապա յաւելեց,- իրենց բերելու, իրենց գալու  նպատակը եղել է դա։ Յիշէք, օրինակ, Արմէն Գրիգորեանը մինչեւ իշխանութեան գալն էր խօսում ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։ Դա նախապէս ծրագրւած, հետեւողականօրէն իրականացւող քաղաքականութիւն էր։ Ու ինձ համար այդտեղ որեւէ նորութիւն ու սենսացիա չկայ»։

Իրաւապաշտպանը նշեց, որ այս վտանգների մասին նա շարունակ բարձրաձայնել է դեռ 2018 թւականից՝ Փաշինեանի թիմի իշխանամուտից ի վեր։

«Նրանք իրականացնում են թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականութեան սպասարկումը, ընդ որում՝ շատ անգամ հէնց նոյնիսկ այս թիմի կողմից են լինում նախաձեռնութիւնները»։

Նա դարձեալ այս համատեքստում դիտարկեց ալիեւեան «Արեւմտեան Ադրբեջան» կեղծ թէզի ու Արեւմտեան Հայաստան պատմական իրողութիւնները միտումնաւոր խեղելու Նիկոլ Փաշինեանի փորձերը։

«Նախեւառաջ, նա յարիր կրթութիւն չունի՝ հասկանալու համար այդ գիտական սխալը, բայց նոյնիսկ կրթութիւնը չէ դրա պատճառը, այլ դարձեալ հետեւողականօրէն իրականացւող քաղաքականութիւնը, սկզբում խօսքերով էր՝ «Հայկական Ժամանակ» թերթով, ապա նաեւ՝ իշխանութեան գալով»,- յաւելեց նա։

Հանրութեանը մոլորեցնող այս իրողութիւնների արմատը, ըստ Լարիսա Ալավերդեանի, սկսւել է դեռ Առաջին նախագահի ու նրա թիմի կողմից տարածւող թէզերով։

«Շրջանառութեան մէջ դրւած էր թէզ, թէ՝ Արցախը տանք, լաւ կապրենք, Սերգօ՛ ջան, ինչպէս նաեւ Առաջին նախագահի թիմի կողմից առկայ խորքային մոլորութիւնը, թէ Հայաստանը, ազատւելով Արցախի բեռից, աւելի մեծ կշիռ է ունենալու միջազգային հանրութեան մէջ,- նշեց մասնագէտը՝ նկատելով, որ այդ մոլորութեան շարունակութիւնն է այսօր նաեւ այն, թէ՝ Հայաստանն այդքան տարի պահում էր Արցախը,- մինչդեռ Արցախի իրավիճակով էր, որ այսքան տարի իրացւում էր Հայաաստանի Հանրապետութեան սուբիեկտայնութիւնը»։

Իրականում, ըստ իրաւապաշտպանի, Արցախի էջը չի կարող փակւել իրենց լիդերներ ներկայացնող անձանց կողմից, ինչպէս եւ չի կարող Արեւմտեան Հայաստան հասկացութիւնը դուրս գալ պատմութիւնից։

«Այդ անմեղսունակ յայտարարութիւններ անողը շատ հանգիստ ասում է, թէ «Արեւմտեան Ադրբեջանը» սա է՝ մատնանշելով միջազգային իրաւունքով Ադրբեջանին չպատկանող տարածքներ, իսկ Հայաստանի արեւմտեան մասը նա ներկայացնում է՝ որպէս Սովետական Հայաստանի սահմաններում ինչ-որ շրջաններ,- Նիկոլ Փաշինեանի վերջին յայտարարութիւններին արձագանգեց նա՝ նկատառմամբ,-

Այդ քաղաքական անմեղսունակութիւնն ու գռեհկութիւնն այնքան ակնյայտ է, ու եթէ այսօր էլ կան մարդիկ, որոնք ջատագովն են այս իշխանաւորներին, նրանց ցաւակցում եմ. նրանք խորքային ինտելեկտուալ խնդիրներ ունեն»։

Նիկոլ Փաշինեանը սոցիալական ցանցերում գրառում է կատարել՝ մասնաւորապէս նշելով, թէ «Արեւմտեան Ադրբեջանը» Ղազախն է, Թովուզն է, Աղստաֆան է, Գեդաբէյն է, Դաշքեսանն է, Քելբաջարն է, Լաչինն է, Կուբաթլուն է, Զանգելանն է: Սրանից դուրս չկայ եւ չի կարող լինել «Արեւմտեան Ադրբեջան»:

«Եթէ շատ են ուզում այլ տեղ փնտրել, Նախիջեւանն էլ կարող ենք համարել «Արեւմտեան Ադրբեջան»:

Արեւմտեան Հայաստանն Արմաւիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկայ եւ չի կարող լինել Արեւմտեան Հայաստան:

Արեւելեան Հայաստանը Իջեւանն է, Բերդն է, Ճամբարակն է, Վարդենիսն է, Ջերմուկն է, Գորիսն է, Կապանն է, Ներքին Հանդն է, Նռնաձորն է. սրանից դուրս չկայ եւ չի կարող լինել Արեւելեան Հայաստան….»։

Related Articles

Back to top button