Հայաստանը հաստատակամ-սողացող քայլերով գնում է դէպի թուրքական ազդեցութեան գօտի
ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային» նախագծեր խումբ
Հայաստանը հաստատակամ-սողացող քայլերով գնում է դէպի թուրքական ազդեցութեան գօտի:
Ամենավտանգաւորը ոչ թէ Նիւ Եօրքի իրադարձութիւններն էին, այլ՝ երեւանեան դատարկութիւնը։
ՄԱԿ-ից տպաւորութիւնը տխուր էր. անիմաստ մի Հայաստան, որը յայտարարելով՝ ես յանձնւել եմ, չկամ, պարզում է սպիտակ դրօշ, որի վրայ բոլորը թքած ունեն։ Չի ձեւակերպում որեւէ քաղաքական հարցադրում, ցոյց չի տալիս իր հետ կատարւածի հանդէպ որեւէ ընդվզում. աշխարհն ընդամէնը արձանագրում է, որ տւեալ պետութիւնն ասելիք չունի։
Փոխարէնը՝ քաղաքական յայտարարութիւն արւեց Էրդողանի հետ հանդիպման ժամանակ եւ յետոյ։ Հայաստանը հաստատակամ-սողացող քայլերով գնում է դէպի թուրքական ազդեցութեան գօտի։ Ընդորում, այստեղից էլ դեռ դրական պատասխան չկայ։
Ամենավատը սակայն սա չէ:
Եթէ Հայաստանում կայ սոցիալական շերտ, որը նրան կարող է ասել «Մեծարգոյ», ապա նա էլ ունի բարոյական իրաւունք՝ գտնելու իր «մեծարգոյ»-ին։ Ստացւում է, որ Էրդողանը յանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդէն ունի իր սոցիալական յենարանը։ Արդեօք դա այդպէ՞ս է։
Եւ ինչո՞վ է սրան հակազդում մնացեալ Հայաստանը։ Հանրային մոլորւածութիւն, սպառւած ու որեւէ լուրջ բանի անունակ քաղաքական վերնախաւ։
Նիւ Եօրքում հրապարակայնացւեց շատ վտանգաւոր սցենար։ Ինչպէ՞ս է դրան հակազդում հայաստանեան քաղաքական-հանրային վերնախաւը։ Ոչնչով։ Հետեւաբար, ամենավտանգաւորը ոչ թէ Նիւ Եօրքում իրադարձութիւններն էին, այլ՝ Երեւանեան դատարկութիւնը։
Սրա մասին ընդունւած չէ խօսել, որովհետեւ շատերը դա անձնապէս իրենց են վերագրում կամ շատերն ինտեգրւած են այս կամ այն ձեւաչափում ու հայավարի լռում են։ Բայց պրոբլեմը հէնց սրա մէջ է, իսկ նժարին մեր պետութիւնն է։
Գործող վերնախաւը, որը պէտք է լինէր հակակշիռ՝ «մեծարգոյ» ասող շերտին, նոյնիսկ չի կարողանում լայն հասարակութեանը պարզ ներկայացնել, թէ ի՛նչ է սպասւում Հայաստանին եւ բոլորիս։ Սա պէտք է անել ոչ թէ ոտանաւորի կամ հայհոյանքի ձեւով, այլ՝ ռացիոնալ սցենարների, եւ լուծումներն էլ, դէմն առնելն էլ պէտք է լինեն յստակ ծրագրերի տեսքով։ Միայն այդ կերպ կարթնանայ հասարակութիւնը։ Յաջորդ քայլով պէտք է հասնել այն բանին, որ պետական համակարգը, նոյնիսկ՝ ՔՊ-ի մի զգալի մասը, նոյնիսկ՝ այսօրւայ «մեծարգոների» համայնքի մի մասը հասկանայ, թէ ո´ւր է տանում ընթացքը, ի վերջոյ նրանց մի զգալի մասը չի ուզում Հայաստանը տեսնել մեծ գաղթի եւ պատմական թուրքացման մէջ։
Իսկ եթէ այսպէս շարունակւի, մենք դա մեր աչքերով տեսնելու ենք, ինչպէս տեսանք Արցախի գաղթը։
Հայաստանում առաջիկայ քաղաքական պրոցեսները պէտք է լուծեն երեք խնդիր.
1. Ունենալ յստակ բովանդակութիւն՝ նիւեօրքեան թէզերին հակադիր յստակ թէզեր:
2. Գնալ հանրային երկխօսութեան։ Ստեղծել միջավայր, որտեղ Հայաստանի թուրքացման-վերացման կողմնակիցները կը դառնան խիստ սահմանափակ մի շրջանակ։
3. Հայաստանի շուրջ մթնոլորտն էապէս փոխւել է, իրավիճակը պահանջում է հայկական իդէալների ու տեսլականների էական խմբագրում։ Նոր Հայկական օրակարգը կարող է ձեւակերպել միայն նոր վերնախաւը, ինչն էլ կը ստեղծի նոր մթնոլորտ Հայաստանում։
Այսօրւայ ձեւաչափերով սա անել հնարաւոր չէ։ Եւ ցանկացած ոք, ով սա հասկանալով շարունակում է լռել իր կոմֆորտում, ինքն իր չափով նպաստում է վատագոյն սցենարներին։ Հայաստանեան դատարկութիւնը պէտք է փոխել զարգացման նոր ծրագրերով։ Չանենք սա՝ չենք անելու՝ ոչինչ։
Վաղւանից հատւածաբար տպագրելու եմ իմ եւ Վարդան Օսկանեանի զրոյցը, որտեղ լրիւ նոր տեսանկիւններից փորձել ենք քննարկել իրավիճակը եւ մեր անելիքը: