Հրանտ Բագրատեան. «Փաշինեանն Էրդողանին եւ Ալիեւին ասում է՝ ուրիշ տւող չէք տեսնի, բայց դրա գինն իմ յաւերժ իշխանավարումն է»
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման յանձնաժողովների կանոնակարգը կամայականութիւն է ստեղծում՝ կը սահմանազատեն եւ կը սահմանագծեն այնպէս, ինչպէս ուզում են։ Դժւար է հասկանալ՝ ինչ է ասում Նիկոլ Փաշինեանը, յաճախ թւում է՝ դրանք խելագար զառանցանքներ են, քանի որ նրա ասածների միջեւ տրամաբանական կապ չկայ։ Օրինակ, ասում է, թէ Ալմաթիի հռչակագրով իբր պէտք է սահմանւեն եւ ճշգրտւեն ՀՀ սահմանները։ Ալմաթիի հռչակագրում ասւում է՝ Խորհրդային միութիւնում առկայ սահմաններն ընդունւում են որպէս հիմք։ Հարց է ծագում՝ որո՞նք են Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդային հանրապետութիւնների սահմանները։ Պարզւում է, որ ամբողջ Խորհրդային միութիւնում սա միակ դէպքն է, երբ երկու երկրների սահմաններն ամբողջութեամբ սահմանազատւած եւ սահմանագծւած են եղել 1984-87 թւականներին։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է յայտնել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատեանը։
«1980-ականների սկզբին Ադրբեջանի այսօրւայ նախագահի հայրը՝ Հէյդար Ալիեւը, որն, ի տարբերութիւն Դեմիրճեանի, Կոմկուսի քաղբիւրոյի անդամ էր, դառնում է ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Ռիժկովի առաջին տեղակալ։ Ակնյայտ է, որ կային լուրջ սահմանային վէճեր, եւ այդ ժամանակ նա որոշում է նորից քննել երկու հանրապետութիւնների սահմանային հարցերը՝ ակնկալելով, որ Ադրբեջանը ստանալիք ունի։ Ադրբեջանցիները սիրում են ստել, եւ երբ սուտասան սերունդը մեռնում է, ու յաջորդ սերունդն է գալիս, նա սկսում է հաւատալ դրան։ Օրինակ, երբ այսօր ադրբեջանցի երեխային ասում են, թէ հայերն այս տարածաշրջանում եկւոր են, պէտք չէ դրա վրայ ծիծաղել, քանի որ նա այդպէս էլ դաստիարակւում է»,- ասել է քաղաքական գործիչը։
«Ինչո՞ւ են ադրբեջանցիները կեղծում պատմութիւնը։ Բոլորը գիտեն, որ նրանք կեղծում են, բայց վաղը այն սերունդը, որը նախորդ սերնդի հետ կապ չի ունեցել, դա ընդունելու է որպէս ճշմարտութիւն։ Խորհրդային տարիներին հայկական կողմից յանձնաժողովը գլխաւորում էր Վլադիմիր Մովսիսեանը։ Քարտէզները սովորաբար վաւէր էին, եթէ դրանք տպագրում էր Մոսկւան՝ համաձայնեցնելով երկու կողմերի հետ։ 1977 թւականի ԽՍՀՄ սահմանադրութիւնն ասում էր, որ միութենական հանրապետութիւններն իրար հետ կարող են պայմանաւորւել սահմանային հարցերում։ Այսօր ՀՀ-ն որդեգրել է տալու ստրատեգիան, առաջինը դա դրսեւորւել է 2020-ի դեկտեմբերին, երբ Գորիս-Կապան ճանապարհը սկսեցինք զիջել։ Հիմա արդէն հասկանալի է, որ Ադրբեջանը դա արեց, որպէսզի մենք դէպի Իրան ելք չունենանք»,- նշել է Բագրատեանը:
Ընդդիմադիր գործչի կարծիքով՝այդ ինչպէ՞ս է ստացւել, որ ժամանակին Ադրբեջանը Հայաստանի տարածքում ճանապարհ է կառուցել. «Իրանի հետ կապը կրկնակի պակասել է, Հալիձորի ճանապարհով կցորդներով մեքենաներն այլեւս չեն կարող գնալ։ Այսօր մենք ընդամէնը 28400 քառակուսի կիլոմետր ենք տնօրինում։ Այսինքն, մենք մեր տարածքից մօտ 1400 քառակուսի կիլոմետր չենք վերահսկում։ Եթէ 1920-ականների թւականների քարտէզներով առաջնորդւենք, Հայաստանը մօտաւորապէս 31 հազար քառակուսի կիլոմետր էր։ Ինչո՞ւ է Նիկոլը տարածքներ տալիս՝ վախի՞ց։ Տալիս է, որովհետեւ ուզում է տալ, վերացնել։ Այսօր ռուսների յետեւից է ընկել, վաղը ֆրանսիացիներին կը հետապնդի»:
«Փաշինեանը խաղում է Էրդողանի եւ Ալիեւի հետ, ասում է՝ ուրիշ տւող չէք տեսնի, ես ամէն ինչ տալիս եմ, սրա գինը մէկն է՝ ես անընդհատ պէտք է իշխանավարեմ Հայաստանում։ Հասկացնում է, որ ինքը թքած ունի Հայաստանի վրայ։ Ծաղրում է ռուսներին, ֆրանսիացիներին, ամերիկացիներին։ ԱՄՆ-ն ասում է, թէ պաշտպանում է ՀՀ տարածքային ամբողջականութիւնը։ Պետդեպում կարո՞ղ են մի քարտէզ ցոյց տալ, որով անկլաւներ կան Հայաստանի տարածքում։ Դրանով ԱՄՆ-ն քծնում է Ադրբեջանին, որն իր ռազմավարական գծի մէջ է՝ կռիւ տալ ՌԴ-ի եւ Իրանի դէմ։ Սրանք ռուսներին ռազմավարական դաշնակցից դարձրել են ոչ ոք, ռուսներն էլ ի պատասխան որոշել են անցնել թուրանական առանցքի կողմը։ Նիկոլը դեռեւս 2023-ին Բաքւի հետ գաղտնի պայմանագիր է կնքել եւ յանձնել միջանցքը»,- ամփոփել է Հրանտ Բագրատեանը: