Արեֆը՝ Փաշինեանի հետ հանդիպման ժամանակ. «Իրանի քաղաքականութիւնը Հայաստանի նկատմամաբ սկզբունքային է եւ կայուն»
«ԱԼԻՔ» – ԵԱՏՄ համաժողովի շրջանակում, Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆը երէկ՝ հոկտեմբերի 1-ին, Երեւանում հանդիպել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ:
Հանդիպման ընթացքում, Մհամմադ Ռեզա Արեֆը եւս մէկ անգամ յստակեցրել է, որ Հայաստանի նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետութեան քաղաքականութիւնը սկզբունքային է եւ կայուն: Վերահաստատելով Իսլ. յեղափոխութեան առաջնորդի խօսքերը, նա եւս մէկ անգամ ընդգծել է, որ Իրանը լիովին պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը եւ անընդունելի է համարում տարածաշրջանում ցանկացած սահմանային փոփոխութիւն: Միաժամանակ, Արեֆը շեշտել է Հայաստանի հետ բազմաոլորտ համագործակցութեան Իրանի նպատակադրումն ու պատրաստակամութիւնը:
Իր հերթին, Նիկոլ Փաշինեանը նշել է, որ Իրանի հետ Հայաստանի յարաբերութիւնների շարունակական զարգացումը ՀՀ Կառավարութեան առաջնահերթութիւններից է: Նա բարձր է գնահատել Իրանի սկզբունքային եւ հրապարակային դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականութեան եւ միջազգայնօրէն ճանաչւած պետական սահմանների անքակտելիութեան վերաբերեալ:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ առեւտրատնտեսական յարաբերութիւններին եւ դրանց զարգացմանը, էներգետիկայի, ենթակառուցւածքների, ճանապարհաշինութեան, զբօսաշրջութեան եւ այլ ուղղութիւններով համագործակցութեանը վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակւել երկուստեք հետաքրքրութիւն ներկայացնող այլ հարցերի շուրջ: