Ձիւնիկ Աղաջանեան. «COP29-ը ընդհանրապէս Ադրբեջան պետութիւնում անցկացւելու իրաւունքը չունէր»
«ԱԼԻՔ» – Եկէք ճիշտ հասկանանք այդ համաժողովի նշանակութիւնը։ Կարծում եմ, դա շատ ուռճացւած նշանակութիւն ունի։ Եւ այդ առումով Ադրբեջանը իր էական դերակատարումն է ունեցել։ Այդ մասին երէկ՝ սեպտեմբերի 7-ին, «Սրբազան պայքար» շարժման կազմակերպած «Դէպի կայուն եւ երկարաժամկէտ խաղաղութիւն» թեմայով քննարկման շրջանակում լրագրողների հետ զրոյցի ժամանակ յայտնել է ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Ձիւնիկ Աղաջանեանը՝ խօսելով Ադրբեջանում անցկացւելիք բնապահպանական COP29 համաժողովի մասին։
«Դա բնապահպանական համաժողով է։ Բնականաբար Ադրբեջանը պիտի փորձի մեծ հնչեղութիւն դրան հաղորդել, բայց ինքը բնապահպանական համաժողով է։ Այդ համաժողովը փաստացիօրէն եթէ նայենք եւ նաեւ բովանդակային առումով, Ադրբեջանի մինչ օրս տարւող քաղաքականութեան եւ բնապահպան առումով իր մօտեցումներին ընդհանրապէս, Ադրբեջան պետութիւնում անցկացւելու իրաւունքը չունէր։ Բայց դա եղել է քաղաքական գործարքի արդիւնք»,- ասել է Ձիւնիկ Աղաջանեանը։
Նրա խօսքով՝ Հայաստանը զիջել է իր դիրքերը յանուն մեր գերիների վերադարձի՝ այդ ժամանակ չհաշւարկելով, որ նաեւ դրանով հնարաւորութիւն է տալիս Ադրբեջանին քաղաքականացնելու այդ բնապհպանական գործընթացը եւ քաղաքականացնելու՝ ոչ միայն փորձելով նսեմացնելու միջոցով Հայաստանի որոշակի պաշտօնեաների ներկայութիւնը այնտեղ ապահովել, այլեւ փորձել այնտեղ իր դաշտում այսպէս կոչւած խաղաղութեան ինչ-որ փաստաթուղթ ստորագրել։
«Ես կարծում եմ, որ մասնակցել պէտք է, բայց պէտք է մասնակցել՝ բացառապէս մասնագիտական ներկայութիւն ապահովելով, այսինքն բնապհպանական ոլորտի, քանի որ իմանալով Ադրբեջանի 30 տարիների վարքագիծը՝ նրանք միշտ նման առիթները օգտագործում են ինչ-որ մի թիրախային թէզեր, քաղաքական բնոյթի թէզեր այդտեղ ներառելու»,- ընգծել է ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանը։