Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տիգրան Աբրահամեան. «Ադրբեջանը հնարաւորութիւն է ստացել բաւականին լուրջ առաւելութիւն ստանալ ռազմավարական առումով»

«ԱԼԻՔ» – 2018-ից մեկնարկած գործընթացները աղէտալի էին բոլոր ուղղութիւներում, մասնաւորապէս՝ ՀՀ ԶՈՒ-ում իրականացւող քաղաքականութեան համատեքստում: Այս մասին ըստ հայաստանեան լրատւամիջոցների՝ երէկ՝ սեպտեմբերի 7-ին, «Սրբազան պայքար» շարժման կազմակերպած «Դէպի կայուն եւ երկարաժամկէտ խաղաղութիւն» թեմայով քննարկման ժամանակ յայտարարել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։

«2023 ժամանակահատւածն այն փուլն էր, երբ Ադրբեջանը ոչ միայն օկուպացնում էր Արցախի տարբեր շրջանները, այլ՝ բաւականին ագրեսիւ քաղաքականութիւն էր վարում ՀՀ-ի նկատմամբ»,- ասել է նա։

Աբրահամեանի խօսքով՝ դրա նպատակը ոչ միայն բանակցային գործընթացում Հայաստանի նկատմամբ ճնշումներն էին:

«Իրավիճակի բաւականին մանրազննին դիտարկումը եւ վերլուծութիւնը, տեղում դաշտային աշխատանքները ցոյց են տալիս, որ Ադրբեջանի նպատակները ոչ միայն ուղղւած են եղել բանակցային գործընթացում առաւելութիւն ապահովելուն կամ Հայաստանի հետ շանտաժի լեզւով խօսելուն, այլ՝ 2023 թւականի ընթացքում Ադրբեջանը հնարաւորութիւն է ստացել բաւականին լուրջ առաւելութիւն ստանալ ռազմավարական առումով, որովհետեւ բոլոր այն ուղղութիւնները՝ Սիւնիք, Վայոց Ձոր, կամ Գեղարքունիք, որտեղ եղել է ագրեսիա, որտեղ եղել է առաջխաղացում, օկուպացիա, դրանք ունեցել են կոնկրետ նպատակներ՝ այն է, վերահսկողութիւն ունենալ ՀՀ կարեւորագոյն կոմունիկացիաների, ենթակառուցւածքների նկատմամբ, կամ դիտարկման տակ առնել այն կարեւոր հանգոյցները, որոնք ապահովում են երկրի կենսունակութիւնն ու անվտանգութիւնը»,-ասել է պատգամաւորը։

Աբրահամեանի խօսքով՝ ՀՀ գործող իշխանութիւնները հիմնական ռեսուրսը կենտրոնացնում են բոլոր այն ուղղութիւններով, որոնք հնարաւորութիւն են տալիս պահպանել իշխանութիւնը։

«Բանակը նրանց համար մղւել է երկրորդ պլան: Բնականաբար այն թիրախաւորումները, որոնք այս վերջին 6 տարիներին եղել են Զինւած ուժերի նկատմամբ, չէին կարող ազդեցութիւն չունենալ, իրենց հոգեբանական ազդեցութիւնը չունենային եւ այսօրւայ դերը, որ տրւած է Զինւած ուժերին, չենք կարող ակնկալել բարեփոխումներ»,- ասել է նա։

Related Articles

Back to top button