«Արաքս» երթուղու կարեւորութիւնը եւ Կովկասի ու Եւրասիայի հարցերով իրանական ուղեղային կենտրոնների միաձայն յայտարարութիւնը
«ԱԼԻՔ» – Ղարաբաղեան 2-րդ պատերազմից յետոյ Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի միջեւ հակամարտութիւնում Թուրքիայի եւ դրան յաջորդած Բաքւին օգնութեան հասած Սիոնիստական ռեժիմի յստակ մուտքով եւ վերջապէս Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետութեան չակերտեալ յաղթանակով, Թուրքիան իր «Թուրանական միջանցք»-ի ծրագրով, որը փորձ է արւում ներկայացնել «Զանգեզուր» անւանումով, Բաքւին կանգնեցրել է դժւարին իրավիճակում՝ դիմակայելու Իրանի Իսլամական Հանրապետութեան ճանապարհին:
Կովկասի ու Եւրասիայի հարցերով իրանական ուղեղային կենտրոններն այս կապակցութեամբ յայտարարութեամբ հանդէս գալով շեշտել են, որ Բաքւի կառավարութիւնը ցուցադրաբար եւ ԶԼՄ-ների տարբեր վերնագրերով, Հայաստանի Սիւնիքն անւանում է «Զանգեզուր», կարծելով, որ Թուրքիայի ու Անգլիայի կուլիսային աջակցութեամբ կը կարողանայ փակել Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Եւրոպայի միջեւ կապը երկրի հիւսիս-արեւմուտքում:
Յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշւած է. «Սակայն բոլորը գիտեն, որ դիմադրութեան ճակատի երկրների ինտեգրմամբ եւ Իրանի համար, որպէս աշխարհի հետ հաղորդակցութեան ուղի՝ Միջերկրական ծով մուտք գործելու առիթով, կը կոտրւի Թուրքիայի ճանապարհով դէպի Եւրոպա այդ տարանցիկ մենաշնորհը… Թուրքիայի կառավարիչների աջակցութիւնը ԴԱԷՇ-ին Սիրիայի եւ Իրաքի անվտանգութիւնը խաթարելու գործում կարելի է մեկնաբանել նոյն համատեքստում:
Նման իրավիճակում, թւում է, թէ Ռուսաստանի, այսպէս կոչւած «Զանգեզուրի» մասին արած վերջին յայտարարութիւնները Մոսկւայի կողմից Թուրքիային վերահսկելու նպատակ է հետապնդում՝ կրիտիկական պահերին Էրդողանից միաւորներ կորզելու առիթներով, ինչպէս նաեւ տարածաշրջանից Ռուսաստանի հեռացման հետեւանքները նւազեցնելու կամ փոխհատուցելու համար:
Բարեբախտաբար, մեր երկրի փորձագէտների եւ պաշտօնեաների ճշգրիտ եւ ժամանակին ցուցաբերած զգայունութիւնը ռուս պաշտօնեաների արտասովոր մեկնաբանութիւնների նկատմամբ ստիպեց նրանց յետ կանգնել այս հարցում իրենց վարած քաղաքականութիւնից: Սակայն այս հարցը չպէտք է բերի զգայնունութեան պակսեցմանը: Նոյն նպատակով, Կովկասի հարցերով զբաղւող Իրանի Իսլամական Հանրապետութեան ակտիւ վերլուծական կենտրոնները, հետեւելով տարածաշրջանի երկրների կողմից իրականացւող իրադարձութիւններին ու քաղաքականութեանը եւ ընդգծելով Գերագոյն առաջնորդի մատնանշած չորս առանցքները՝ Ադրբեջանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան պահպանման, Իսլամական Իրանի սահմանների մերձակայքից թաքֆիրական ախտը հեռացնելու անհրաժեշտութեան, պատմական սահմանների անփոփոխութեան եւ պատերազմից յետոյ ղարաբաղցի հայերի անվտանգութեան անհրաժեշտութիւնը, յայտարարում ենք հետեւեալը.
-Կտրականապէս դէմ ենք սահմանային եւ աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխութեանը եւ պահանջում ենք այս ոլորտում Գերագոյն առաջնորդի առաջնորդութեամբ նոյն մօտեցման շարունակութիւնը։
-Ընդգծում ենք, որ Իրանը աջակցելու է կովկասեան տարածաշրջանում հաղորդակցութեան բոլոր գծերի եւ ուղիների միաժամանակեայ վերաբացմանը` յարգելով մասնակից երկրների ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը:
-Շեշտում ենք, յատկապէս, այն կէտը, որ 2020 թւականի Մոսկւայի հրադադարի համաձայնագրի 9-րդ կէտով նախատեսւած չի եղել Բաքւի եւ Անկարայի համար միջանցք ստեղծելու որեւէ իրաւունք, եւ մենք յայտարարում ենք, որ Հայաստանը չունի միջանցք ստեղծելու իրաւական պարտաւորութիւն։ Իրանական վերլուծական կենտրոնները համակարծիք են մի շարք հայկական վերլուծական կենտրոնների այն տեսակէտի հետ, համաձայն որի Երեւանի կառավարութիւնը պէտք է զգոյշ եւ հաշւարկւած որոշումներ կայացնի՝ անգամ նորմալ տրանսպորտային ուղիներ ապահովելու որոշման հարցում՝ հաշւի առնելով պատմական զարգացումներն ու կողմերի մտադրութիւնները։ Մոսկւայի 2020 թւականի հրադադարի պայմանագիրը կորցրել է իր իրաւական ուժը (Բաքւի կողմից) Լաչինի միջանցքի չեղարկումից ու Ղարաբաղից բնիկ հայերի տեղահանութիւնից ու էթնիկ զտումներից յետոյ։
Իրանական «Արաքս միջանցք»-ն Ադրբեջանի Հանրապետութեան արեւմտեան շրջաններից Նախիջեւան տանող ամենամատչելի ու տրամաբանական հաղորդակցութեան եւ տարանցիկ ուղին է, քանի որ այս միջանցքը նախագծւած է բացառապէս տարանցիկ նպատակների համար, եւ դրանում չկան էթնիկ խռովութիւնների, պատմական, անվտանգային նպատակներ կամ տարածքային նկրտումներ։ Մենք ցանկանում ենք, որ Իրանի կառավարութիւնը շատ արագ աւարտին հասցնի այս նախագծի իրականացման գործընթացը։
Աւելի քան 30 տարի Ադրբեջանի Հանրապետութիւնն օգտագործում է Իրանի տարանցիկ հնարաւորութիւնները Նախիջեւանին միանալու համար։ Ակնկալւում է, որ Բաքւի կառավարութիւնը, գնահատելով Իրանի այս եղբայրական մօտեցումը, գործնականում աջակցելու է իրանական «Արաքս երթուղու» իրականացմանը, վերջ տալով նախագծի մասին իր հակաքարոզչութեանը:
Իրանական վերլուծական կենտրոններն ակնկալում են, որ Ռուսաստանը 3+3 ձեւաչափի շրջանակներում եւ խուսափելով Կովկասի տարածաշրջանում ՆԱՏՕ-ին աշխարհաքաղաքական անցուդարձերին ներքաշելուց, զերծ կը մնայ ցանկացած ապակառուցողական գործողութիւնից ու դիրքորոշումներից, որոնք կարող են յանգեցնել ենթադրեալ «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծմանը (Թուրանական ՆԱՏՕ-ի միջանցք) եւ կաջակցի իրանական «Արասք»-ով երթուղու նախագծին, որը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից:
Հասկանալի է, որ ՆԱՏՕ-ն փորձում է ստեղծել «ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցք»-ի կամ կեղծ «Զանգեզուրի» տարբերակով աշխարհաքաղաքական դաւադրութիւն՝ նոր աշխարհակարգին անցնելու համատեքստում՝ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի դէմ էներգետիկայի, տարանցման, էթնոցենտրիզմի խնդիրներ բարձրացնելով, եւ արդիւնքում ՆԱՏՕ-ի ընդլայնումը որպէս ճնշման լծակ իրականացւած տեսնելը: Նման ծրագրի դէմ պայքարի լուծումը երկարաժամկէտ շահերի շրջանակներում Իրանի եւ Ռուսաստանի համագործակցութիւնն է եւ կարճատեւ շահերի վրայ կենտրոնանալուց խուսափելը: Վերջինիս դէպքում, ի վերջոյ, բերելու է ՆԱՏՕ-ի հզօրացմանը Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում»:
Ստորագրւած է՝
«Իրանի Իսլամական Հանրապետութեան Կովկասի եւ Եւրասիայի հարցերով ուղեղային կենտրոնների համատեղ վարչութիւն» անւան ներքոյ