Լաւրովն ու Բայրամովը քննարկել են «Ադրբեջանական աւիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման շուրջ իրավիճակը
«ԱԼԻՔ» – Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգէյ Լաւրովը եւ Ջէյհուն Բայրամովը դեկտեմբերի 28-ին կայացած հեռախօսազրոյցի ընթացքում քննարկել են դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մօտ «Ադրբեջանական աւիաուղիների» մարդատար ինքնաթիռի կործանման շուրջ զարգացումները։ Այս մասին յայտնում է ԱԳՆ-ն։
Ընդգծւում է, որ զրոյցը տեղի է ունեցել այս հարցի շուրջ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաղորդակցութեան շարունակութեամբ։
«Հաստատելով նախագահների պայմանաւորւածութիւններն այս ողբերգական միջադէպի առաւել մանրակրկիտ յետաքննութիւնն ապահովելու անհրաժեշտութեան վերաբերեալ՝ նախարարները խորին ցաւակցութիւն են յայտնել զոհւածների ընտանիքներին, իսկ վիրաւորներին մաղթել շուտափոյթ ապաքինում։
Ընդգծւել է միջադէպի բոլոր պատճառները պարզելու եւ հրատապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտութիւնը՝ ապագայում նմանատիպ իրավիճակները կանխելու եւ տեղի ունեցածը բոլոր հանգամանքները հաշւի առնելով վերջնականապէս եւ ամբողջութեամբ լուծելու համար։
Մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաեւ ամենաբարձր եւ բարձր մակարդակներով ռուս-ադրբեջանական առաջիկայ շփումների վերաբերեալ»,- ասւած է ՌԴ ԱԳՆ հաղորդագրութեան մէջ։