Վիկտոր Սողոմոնեան. «Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, բայց տարածաշրջանից դուրս գալ չի կարող»
«ԱԼԻՔ» – Քաղաքական գիտութիւնների դոկտոր, Մոսկւայի միջազգային յարաբերութիւնների պետական ինստիտուտի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնեանը Alpha News-ի ուղիղ եթերում անդրադարձել է ՀՀ իշխանութիւնների՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին յայտարարութիւններին։
«Եթէ տարածաշրջանի համար ճակատամարտը յաղթում է Ռուսաստանը եւ եթէ այս տարածաշրջանը մնում է յետխորհրդային ռուսական գերտէրութեան ազդեցութեան ներքոյ (իսկ դա արդէն գործնականում իրականութիւն է), կարող ենք արձանագրել հետեւեալը․ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, բայց տարածաշրջանից դուրս գալ չի կարող։ Իսկ տարածաշրջանը մեզ նորից ստիպելու է վերադառնալ ե՛ւ ՀԱՊԿ, ե՛ւ ԵԱՏՄ։ Այս տեսանկիւնից մենք յայտնւել ենք մի պարզ իրավիճակում՝ Վրաստանում էլ են դա հասկացել Ադրբեջանում էլ։ Մեզանով տեղի է ունենում մտավարժանք, թէ «ՀԱՊԿ-ից դուրս կը գանք»։ Ո՞ւր էք դուրս գալու»,- հարց է տւել Վիկտոր Սողոմոնեանը։
Նա նկատել է, որ եթէ դուրս գանք տարածաշրջանից, այլեւս վերադառնալ չենք կարող։
«Եթէ դուրս գանք տարածաշրջանից, էլ չենք վերադառնայ։ Ուղղակի ուրիշ երկրագունդ չկայ, որ գնանք ու այնտեղ տեղաւորւենք։ Այս տարածաշրջանը, անկախ ամէն ինչից, եթէ մի փոքր առաջ ընկնենք ու արձանագրենք՝ Ռուսաստանը դիմակայեց ու կարողացաւ ճակատամարտը յաղթել, ապա այս տարածաշրջանը շատ երկար լինելու է ռուսական գերտէրութեան ազդեցութեան ներքոյ։ Կարծում եմ՝ այստեղ ուրիշ տարբերակներ չեն լինելու»,- ասել է Վիկտոր Սողոմոնեանը։