Ադրբեջանցի պատգամաւորը յայտարարել է, որ «Տատիկ-պապիկ» յուշարձանը, ինչպէս նաեւ 1988 թւականից ի վեր Արցախում կառուցած ցանկացած յուշարձան պէտք է ապամոնտաժւի

«ԱԼԻՔ» – Ադրբեջանցի պատգամաւոր Հասանգուլիեւը յայտարարել է, որ «Մե՛նք ենք մեր սարերը» (Տատիկ-պապիկ) յուշարձանը, ինչպէս նաեւ 1988 թւականից ի վեր Արցախում կառուցած ցանկացած յուշարձան պէտք է ապամոնտաժւի։ Հաղորդում է Tert.am-ը:
«Խանքենդիում (օկուպացւած Ստեփանակերտ) 1967 թւականին կառուցւած եւ «հայ ազգայնականների եւ հայկական անջատողականութեան խորհրդանիշ» (չակերտները՝ Tert.am-ի) դարձած «Մենք եւ մեր սարերը» կոչւող յուշարձանը պէտք է ապամոնտաժւի, եւ դրա տեղում պէտք է կանգնեցւի ադրբեջանցի զինւորի պատւին շքեղ յուշարձան»։
Ընդհանուր առմամբ, 1988 թւականից ի վեր «հայ անջատողականների» (չակերտները՝ Tert.am) կողմից կառուցւած ցանկացած յուշարձան պէտք է ապամոնտաժւի։ Որովհետեւ նման յուշարձանները իրականում վերստին արիւնահոսում են տարիների ընթացքում անջատողականութեան պատճառած վէրքերը եւ յիշեցնում մեզ պատերազմի ցաւի մասին։
Խանքենդին (օկուպացւած Ստեփանակերտ) պէտք է յայտարարւի առնւազն երկրի երկրորդ մայրաքաղաք, այնտեղ պէտք է կառուցւի Ադրբեջանի Հանրապետութեան նախագահի ժամանակակից գրասենեակ, իսկ պետութեան ղեկավարը պէտք է ամառային ամիսներին այնտեղ ընդունի իր հիւրերին։ Կառավարութիւնը պէտք է մտածի այս մասին»,- յայտարարել է «Արդարութիւն, Իրաւունք, Ժողովրդավարութիւն» կուսակցութեան նախագահ, պատգամաւոր Հասանգուլիեւը։