Հայաստան - ԱրցախՔաղաքական

Փաշինեանը մերժում է Հայոց Ցեղասպանութեան ժխտման յանցագործութիւնը

Այն պահից ի վեր, երբ վարչապետ Նիկոլ Փաշինեանն անցեալ ամիս Ցիւրիխում մի խումբ շւէյցարահայերի առաջ Հայոց Ցեղասպանութեան փաստերի մասին անտեղի հարցեր բարձրացնելու խայտառակ փորձ արեց, նա եւ նրա կոյր հետեւորդները փորձում են արդարացնել իրեն ամօթալի յայտարարութիւնների համար:

Փաշինեանը շւէյցարահայ խմբին անհոգօրէն ասաց. «Մենք Հայոց Ցեղասպանութեան պատմութեանն էլ պէտք է վերադառնանք, պէտք է հասկանանք՝ լաւ, ի՞նչ է տեղի ունեցել եւ ինչո՞ւ է տեղի ունեցել»։ Ապշեցուցիչ է, որ Հայոց Ցեղասպանութիւնից 110 տարի անց Հայաստանի Հանրապետութեան վարչապետը ձեւացնում է, թէ չգիտի՝ «ինչ է տեղի ունեցել եւ ինչու»։ Չեմ կարծում, որ պատճառը նրա գիտելիքների պակասն է. նա շատ լաւ գիտի, թէ ինչ է ասում եւ ինչու։

Նա շարունակեց՝ աւելի շինծու հարցեր տալով․ «Ինչպէ՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել, ո՞նց է, որ 1939 թ.-ին Հայոց Ցեղասպանութեան օրակարգ չի եղել, եւ ո՞նց է, որ 1950-ին Հայոց Ցեղասպանութեան օրակարգ յայտնւել է»։ Փաշինեանին պէտք է ասել, որ 1950-ից եւ 1939-ից շատ առաջ, դեռեւս 1921-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գէորգ Ե Սուրէնեանցը ապրիլի 24-ը սահմանել էր որպէս «Մեծ Եղեռնի» զոհերի յիշատակի օր։

Փաշինեանը անցեալում եւս նման կասկածելի յայտարարութիւններ է արել: Հանրութեանը շփոթեցնելու համար նա պարբերաբար հերքում է իր նախորդ յայտարարութիւնները եւ պնդում, որ իրեն սխալ են հասկացել: Մի բան հաստատ է. ադրբեջանցիներն ու թուրքերը ցնծում են, որ Հայաստանի վարչապետը համաձայն է նրանց հետ՝ «ցեղասպանութիւնը կասկածի տակ դնելու հարցում»:

Փաշինեանին արդարացիօրէն դատապարտեցին ամբողջ աշխարհի նշանաւոր հայերն ու կազմակերպութիւնները: Նա խիստ քննադատութեան ենթարկւեց Կաթողիկոսներ Գարեգին Բ-ի եւ Արամ Ա-ի, տարբեր պատմաբանների եւ Հայոց Ցեղասպանութեան հարցերով փորձագէտների, Լեմկինի ինստիտուտի եւ Շւէյցարիայի, Բելգիայի ու Հայաստանի հայկական կազմակերպութիւնների կողմից:

Հաշւի առնելով այն հանգամանքը, որ Փաշինեանը անարգել է հայ ժողովրդի բոլոր սրբազան խորհրդանիշները՝ Արարատից մինչեւ Հայաստանի զինանշանը եւ բազմիցս պնդել, որ Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչումը դրսեւորւել է արտաքին ուժերի կողմից՝ նկատի ունենալով Խորհրդային Միութիւնը, նա ընդհուպ մօտեցել է Հայոց Ցեղասպանութեան փաստերի ժխտմանը, որը համարւում է յանցագործութիւն Հայաստանում եւ պատժւում է 2-5 տարի ազատազրկմամբ։

Փաշինեանի յայտարարութիւնը, թէ ինչու Հայոց Ցեղասպանութիւնը 1939 թւականին օրակարգում չի եղել, եւ որ այն օրակարգում յայտնւել է միայն 1950 թւականին, շատ պարզ բացատրութիւն ունի։ Դաւադրութեան տեսութիւնների կարիք չկայ. Ստալինի բռնատիրական վարչակարգի տապալումից յետոյ, որը պատժում էր ազգայնականութեան դրսեւորումները բանտարկութեամբ, աքսորով եւ նոյնիսկ մահապատժով, ճնշիչ միջավայրը սկսեց աստիճանաբար մեղմւել, ինչը թոյլ տւեց Խորհրդային Հայաստանում կառուցել Սարդարապատի եւ Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիրները:

Միեւնոյն ժամանակ, ինչպէս 1939 թւականից առաջ, այնպէս էլ 1950-ից յետոյ, սփիւռքահայերը ոգեկոչել են Հայոց Ցեղասպանութիւնը՝ պահանջելով ճանաչել այն եւ վերադարձնել բռնազաւթւած Արեւմտեան Հայաստանը Թուրքիայից: 1940-ականների վերջին ՄԱԿ-ին եւ խոշոր տէրութիւններին ներկայացւեցին յուշագրեր եւ միջնորդութիւններ: Տասնեակ հազարաւոր հայեր բողոքի ցոյցեր անցկացրեցին Մերձաւոր Արեւելքի, Եւրոպայի եւ  Ամերիկայի տարբեր քաղաքներում՝ պահանջելով իրենց պատմական իրաւունքները:

2009 թւականի օգոստոսի 20-ին Փաշինեանը գրել է իր «Բանտային օրագիրը. ցեղասպանութեան մեխանիկան» վերնագրով եւ անցած շաբաթ այն կրկին հրապարակել ֆէյսբուքեան իր էջում. «Հայ աւանդական մտածողութիւնը «ցեղասպանութիւն» հասկացութիւնը նոյնացնում է «թուրքի», այսինքն՝ թշնամու, արտաքին աշխարհի թշնամական գործողութիւնների հետ։ Նոր հայաստանեան մտածողութիւնը երեւոյթը փորձում է ընկալել ինքնահայեցման միջոցով, փորձում է ընկալել երեւոյթի ներքին պատճառները, որ թաքնւած են ցեղասպանւած ժողովրդի, այսինքն՝ մեր իսկ մտածողութեան հիմքում»։ Որքան էլ տարօրինակ է, սակայն Փաշինեանը ցեղասպանութեան մեղքը գցում է զոհերի վրայ։

Ուզում եմ Փաշինեանի ուշադրութիւնը հրաւիրել երկու առանցքային փաստաթղթերի վրայ.

1) Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան Գերագոյն խորհրդի կողմից 1988 թ. նոյեմբերի 22-ին ընդունւած օրէնքը. մենք «դատապարտում ենք 1915 թւականին Օսմանեան Թուրքիայում հայերի ցեղասպանութիւնը որպէս մարդկութեան դէմ ուղղւած ծանրագոյն յանցագործութիւն եւ ապրիլի 24-ը յայտարարում հայերի ցեղասպանութեան գոհերի յիշատակի օր»։ 

2) ՀՀ քրէական օրէնսգրքի 136-րդ յօդւածը. «Ցեղասպանութիւնը կամ մարդկայնութեան դէմ ուղղւած յանցագործութիւնները հրապարակայնօրէն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգաւորութիւնը նսեմացնելը․

ա/ Ցեղասպանութիւնը կամ մարդկայնութեան դէմ ուղղւած յանցագործութիւնները հրապարակայնօրէն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգաւորութիւնը նսեմացնելը, եթէ դա կատարւել է ռասայական պատկանելութեան, մաշկի գոյնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրօնական պատկանելութեան հիման վրայ՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելութիւն, խտրականութիւն կամ բռնութիւն հրահրելու նպատակով՝ պատժւում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարիւր յիսունից երկու հարիւր յիսուն ժամ տեւողութեամբ, կամ ազատութեան սահմանափակմամբ՝ առաւելագոյնը երեք տարի ժամկէտով, կամ կարճաժամկէտ ազատազրկմամբ՝ մէկից երկու ամիս ժամկէտով, կամ ազատազրկմամբ՝ առաւելագոյնը չորս տարի ժամկէտով:

բ/ Սոյն յօդւածի «ա» մասով նախատեսւած արարքը, որը կատարւել է՝

– հրապարակայնօրէն ցուցադրւող ստեղծագործութիւններով, զանգւածային լրատւութեան միջոցներով կամ տեղեկատւական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ

– իշխանական կամ ծառայողական լիազօրութիւնները կամ դրանցով պայմանաւորւած ազդեցութիւնն օգտագործելով՝ պատժւում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկէտով»:

Ցաւօք, Փաշինեանի յայտարարութիւնները նոյնանման են Թուրքիայի կառավարութեան ժխտողական ռազմավարութեանը։ Թուրքերը համանման հարցեր են բարձրացնում՝ կասկածի տակ դնելու համար Հայոց Ցեղասպանութեան ճշմարտացիութիւնը:

Քանի որ Հայաստանի դատական համակարգը ներկայումս գտնւում է Փաշինեանի վերահսկողութեան տակ, ոչ մի դատաւոր չի համարձակւի նրան մեղաւոր ճանաչել: Բայց երբ նա այլեւս իշխանութեան ղեկին չի լինի, անկախ դատաւորը նրան կը պատժի ցեղասպանութեան ժխտման մասին օրէնքը խախտելու համար:

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button