Մշակութային

«Արմենիա»-ի գոհարները Չինաստանում

«ԱԼԻՔ» – Նախորդ տարւայ նոյեմբերի 13-ից մինչեւ այս տարւայ փետրւարի 16-ը՝ շուրջ երեք ամիս, մետաքսի եւ համաշխարհային առեւտրի հանգուցային քաղաքի՝ Գուանջոյի կենտրոնական թանգարանում բացւել է «Արմենիա» խորագրով հրապարակային ցուցադրութիւն՝ նւիրւած 18-20-րդ դարերի ընթացքում ստեղծւած հայ մշակոյթի նիւթական գոհարներին: Ցուցադրութիւնը կեանքի է կոչւել չինական մարզային թանգարանի եւ Հայաստանի Պատմութեան թանգարանի համագործակցութեամբ:

Թանգարանի երրորդ յարկի յատուկ ցուցադրութիւնների սրահներից մէկն ամբողջութեամբ յատկացւել է Հայաստանի մշակութային գոհարներին: Չինացի զբօսաշրջիկների եւ շուրջ 19 միլիոն տեղաբնիկների համար մեծ հնարաւորութիւն է ընձեռւել շուրջ երեք ամիս դիտելու եւ վայելելու հայկական մշակութային մեծ ժառանգութեան ընդամէնը մի փոքրիկ մասը: Ընտրւած շուրջ հարիւր էթնոհայկական հագուստների, ազգային տարազի, ձեռագործ սպիտակեղէնի, գորգերի, արծաթեայ եւ ջնարակապատ սպասքի ցուցադրութիւնն ուղեկցւում է Հայաստանի եւ համաշխարհային առեւտրի մէջ նրա առանցքային դերի մասին չինարէն, անգլերէն տեղեկատւութեամբ: Ցուցահանդէսի մասին նախաբանը եւ վերջաբանը տրւում էր նաեւ հայերէնով:

Տեսաֆիլմերի, լուսանկարների օգնութեամբ թանգարանի այցելուները տեղեկատւութիւն են ստանում Հայաստանի աշխարհագրութեան, լեզւի, կրօնի, պատմական եւ առեւտրային նշանակութեան, հոգեւոր եւ նիւթական մշակութային ժառանգութեան մասին, իսկ անիմացիոն լուծումները ցոյց են տալիս այն երկար ճանապարհը, թէ ինչպէս են դարեր շարունակ առեւտրային քարաւանները Չինաստանից հասել Հայկական լեռնաշխարհ եւ հակառակը:

Յատկանշական է, որ յատկապէս խեցեղէնի, սպասքի եւ զարդեղէնի հաւաքածուում ընդգրկւել էին այնպիսի տնային պիտոյքներ եւ իրեր, որոնցում կիրառւել են տիպիկ չինական մշակոյթի երանգներ ու սիմւոլներ, ինչպիսին էր, օրինակ, չինական թանկարժէք քարը՝ ջէյդը: Ցուցահանդէսի բացատրագրերից մէկում կարեւորւում էր, թէ նուռը եւ նրա սիմւոլիկան ինչ մեծ կիրառութիւն ունեն հայկական եւ չինական մշակոյթներում:

Հայկական մշակոյթի ցուցադրութեանը մեծ հմայք էին հաղորդում յատկապէս հայկական առօրեայ եւ տօնական տարազները հայկական լեռնաշխարհի տարբեր հատւածներից՝ Երեւան, Մուշ, Համշէն, Ջաւախք, Երզնկա…:

Նկատենք, որ չինացիների հոսքը Armenia-ի գոհարների տաղաւար չէր աւարտւում անգամ օրւայ վերջում: Հայկական տաղաւարից հեռանալիս այցելուները հնարաւորութիւն ունէին հայերէն եւ չինարէն կարդալու Ե. Չարենցի հանճարեղ բանաստեղծութիւնը՝ «Ես իմ անուշ»-ը:

ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉԵԱՆ

«ԱՌԱՒՕՏ»

Related Articles

Back to top button