Այլ

Միկրոպլաստիկն աւելի յաճախ է թափանցում մարդու ուղեղ

«ԱԼԻՔ» – Միկրոպլաստիկը թափանցում է մեր ուղեղ առողջութեան համար անյայտ հետեւանքներով, նշւել է նոր հետազօտութիւնում։

Մարդիկ ամէն օր շնչում կամ կլանում են պլաստիկի մնացորդների մանր մասնիկները, որոնք յայտնի են որպէս միկրոպլաստիկ եւ նանոպլաստիկ։

Գիտնականները վաղուց էին կասկածում, որ դրանք կարող են յաղթահարել հեմատոէնցեֆալիկ պատնէշը, որը գործում է որպէս զտիչ կենտրոնական նեարդային համակարգի եւ օրգանիզմի մնացած մասերի միջեւ՝ ուղեղը պաշտպանելով թունաւոր նիւթերից եւ նրան մատակարարելով սննդարար նիւթեր։

Հետազօտութիւնը, որը հրապարակւել է Nature Medicine ամսագրում, հետազօտութիւններից վերջինն է, որը վկայում է այն մասին, որ դա իսկապէս տեղի է ունենում։

Նիւ Մեքսիկոյի համալսարանի (ԱՄՆ) հետազօտողներն ուսումնասիրել են մարդու ուղեղի 52 հետմահու նմուշներ, այդ թւում 28-ը՝ վերցւած 2016 թ., եւ 24-ը՝ 2024 թ., գրել է Euronews Health-ը։

Նրանք միկրոպլաստիկ են յայտնաբերել ուղեղի իւրաքանչիւր նմուշում, որի խտութիւնները 2024 թ. 50 տոկոսով աւելի բարձր են եղել, քան 2016 թ.:

Բացի այդ, ուղեղում յայտնաբերւել է միկրոպլաստիկի աւելի բարձր մակարդակ, քան այլ օրգաններում, ինչպիսին են երիկամները եւ լեարդը:

«Գիտական ​​ապացոյցները, որոնք հաստատում են պլաստիկից աղտոտւածութիւնը իւրաքանչիւր օրգանիզմում, աւելանում են, ուստի, ցաւօք, դա ինձ այլեւս չի զարմացնում»,- նշել է էկոթունաբան Բեթանի Քարնի Ալմրոթը, որն ուսումնասիրում է պլաստիկի ազդեցութիւնը շրջակայ միջավայրի վրայ Գեօթեբորգի համալսարանում:

Միկրոպլաստիկները նախկինում յայտնաբերւել են մարդու արեան մէջ, թոքերում, կրծքի կաթում:

Բայց «մտահոգիչ է այն միտքը, որ մասնիկները… կարող են անցնել հեմատոէնցեֆալիկ պատնէշը»,- ասել է Ալմրոթը, որը չի մասնակցել նոր հետազօտութեանը:

Հետազօտողները դեռ չգիտեն, թէ ինչպէս եւ որքանով են միկրոպլաստիկներն ազդում առողջութեան վրայ: Այլ հետազօտութիւններ յայտնաբերել են պոտենցիալ կապեր լուրջ խնդիրների, այդ թւում՝ քաղցկեղի մի քանի տեսակների, շնչառական խնդիրների, սրտի կաթւածի եւ աղիների բորբոքային հիւանդութեան հետ:

Նոր հետազօտութիւնն առաջարկում է եւս մէկ հանելուկ. գիտնականներն ուսումնասիրել են դեմենցիայով տառապող 12 մարդկանց ուղեղը եւ յայտնաբերել նրանց ուղեղում միկրոպլաստիկի աւելի մեծ խտութիւններ, քան այդ ախտորոշումը չունեցող մարդկանց:

Միեւնոյն ժամանակ, ուղեղում միկրոպլաստիկի խտութիւնների աճը, ամենայն հաւանականութեամբ, արտացոլում է պլաստմասի արտադրութեան եւ օգտագործման աւելացումը, նշել է Մեծ Բրիտանիայի Էքսեթերի համալսարանի էկոթունաբանութեան պրոֆեսոր Թամարա Հալոուէյը, որը չի մասնակցել հետազօտութեանը:

Ուղեղի նմուշներում յայտնաբերւած պլաստիկի մասնիկների մեծ մասը պոլիէթիլենից է եղել, որը լայնօրէն օգտագործւում է սննդի եւ խմիչքի փաթեթաւորման մէջ, ինչպէս նաեւ շամպունի շշերի, աղբամանների եւ այլնի մէջ:

Յատկանշական է, որ մահւան պահին հիւանդների տարիքի եւ նրանց ուղեղում միկրոպլաստիկների քանակի միջեւ որեւէ կապ չկայ, ինչը ենթադրում է, որ «միկրոպլաստիկները չեն կուտակւում ուղեղի հիւսւածքում մեր տարիքում»,- նշել է Հալոուէյը:

«Սա շատ կարեւոր է, քանի որ յուշում է, որ եթէ մենք նւազեցնենք շրջակայ միջավայրի աղտոտումը միկրոպլաստիկով, ազդեցութիւնը մարդու վրայ նոյնպէս կը նւազի»,- աւելացրել է նա:

Հետազօտութեան հեղինակները նշել են, որ ուղեղի նմուշները հաւաքւել են ԱՄՆ տարբեր մասերում, ինչը կարող է ազդել արդիւնքների վրայ։

Նրանք նաեւ ընդգծել են, որ աւելի շատ հետազօտութիւններ են անհրաժեշտ՝ կատարելապէս պարզելու համար, թէ արդեօք ուղեղում միկրոպլաստիկները նրականում առողջական խնդիրներ են առաջացնում:

Այնուամենայնիւ, անկախ հետազօտողները նշել են, որ բացայայտումները մտահոգիչ են՝ հաշւի առնելով շրջակայ միջավայրում միկրոպլաստմասների տարածւածութիւնը:

«Միշտ դժւար է ապացուցել պատճառահետեւանքային կապը, յատկապէս մարդկանց վրայ ուսումնասիրութիւններում, որոնք հակւած են կորելեացիայի»,- ասել է Ալմրոթը: Բայց «առողջութեան վրայ պլաստիկի մասնիկների ազդեցութեան ապացոյցներն աւելանում են»:

Related Articles

Back to top button