ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Դեսպան Սոբհանի. «Իրանը վճռականօրէն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականութեանը»

Իրանը «միջանցքի» հարցում որեւէ մէկի հետ գործարքի չի գնայ

«ԱԼԻՔ» – «Իրանն իր հիմնական յանձնառութիւնն է համարում տարածարջանում յարատեւ  խաղաղութեան եւ կայունութեան հաստատումը։ Իրանը կտրականապէս դէմ է միջազգային սահմանների փոփոխութեանը, աշխարհաքաղաքական փոփոխութիւններին, ուժի կիրառմանը՝ տարածաշրջանային խնդիրների լուծման համար  վճռականօրէն աջակցում է  երկրների, յատկապէս Հայաստանի տարածքային ամբողջականութեանը»: Այս մասին փետրւարի 6-ին հրաւիրւած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին:

«Կեղծ նարատիւների, սպառնալիքների, կասկածների, տեսանիւթերի ստեղծումը չի կարող խաթարել երկու երկրների միջեւ առկայ ամուր յարաբերութիւնները կամ  պառակտում եւ կասկածներ նետել մեր միջեւ»,- ասել է Սոբհանին՝ յաւելելով, որ  երկու երկրների յարաբեութիւնների ապագան շատ պարզ է, ոչ ոք չի կարող դա շեղել։ 

Նա յիշեցրել է, որ այս տարի լրանում է Իրանի եւ Հայաստանի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 33-րդ ամեակը.

«Երկու երկրների միջեւ յարաբերութիւնները ձեւաւորւել են փոխադարձ յարգանքի ու վստահութեան,  խաղաղ գոյակցութեան, միմեանց հանդէպ  յոյսի շողի եւ աջակցութեան հիման վրայ։  Իրանը Հայաստանին ու հայ ժողովրդին համարում է  իր բարեկամը, Իրանը վերջին  տասնամեակների ընթացքում մշատապէս աջակցել է Հայաստանի աճին ու  հզօրացմանը, երկու երկրների յարաբերութիւններն աստիճանաբար հասել են  հասունութեան եւ խորութեան անհրաժեշտ մակարդակի, երկու երկրների յարաբերութիւններում  առկայ է փոխադարձ ըմբռնում, իսկ փոխյարաբերութիւնների տնկին վերածւել է հաստաբուն ծառի»։ 

Անդրադառնալով այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի թեմային, դեսպան Սոբհանին յստակեցրել է, որ Իրանն այդ հարցում որեւէ երկրի հետ գործարքի չի գնայ.  «Եթէ ԱՄՆ-ի՝ մեծ սատանայի նման երկրի առաջ չենք ընկրկել, ինչո՞ւ պիտի գործարքի գնանք ուրիշների հետ»:

Խօսելով ճանապարհների ապաշրջափակման մասին, Մեհդի Սոբհանին ասել է, որ պաշտօնական Թեհրանը դէմ չէ դրան, եթէ այն իրականացւում է երկրների ինքնիշխանութyան եւ տարածքային ամբողջականութեան ներքոյ։

«Մենք կողմ ենք Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն այն պէտք է իրականացւի ինքնիշխանութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը յարգելու հիման վրայ։ Ցանկացած ճանապարհ, որն իր մէջ կը ներառի միջանցքի տրամաբանութիւն, մենք դրան դէմ ենք»,- յայտարարել է նա:

Պատասխանելով Իրանի տարածքով բեռնափոխադրումներ կատարելու Ադրբեջանի յայտարարութեան մասին հարցին, Մեհդի Սոբհանինն ասել է. «Նախկինում Ադրբեջանն Իրանի տարածքով հաղորդակցութեան ուղի ունեցել է։ 2020 թւականի պատերազմից յետոյ ադրբեջանցիներն աւելի մօտեցան ե՛ւ Հայաստանի սահմանին, ե՛ւ մեր սահմանին:

Ադրբեջանական կողմին առաջարկեցինք նոր կէտով շարունակել իրենց բեռնափոխադրումները դէպի Նախիջեւան։ Նոր ճանապարհի կառուցումից յետոյ, ադրբեջանական բեռնատարները կարող են նոր երթուղով հասնել Նախիջեւան, որի երկարութիւնը 50 կմ է»:

Նա նշել է, որ այդ երթուղին, որն անցնում է Իրանի տարածքով, ամբողջովին գտնւում է Իրանի ինքնիշխանութեան, տարածքային ամբողջականութեան ներքոյ, եւ մաքսային կանոնակարգերը իրականացւում են Իրանի օրէնսդրութեամբ։ Դա տրանսպորտային երթուղի է։ 

Related Articles

Back to top button