Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արթուր Խաչատրեան. «Հայաստանն Ադրբեջանին «միջանցք» է տրամադրում, որի վրայ իր ինքնիշխանութիւնը սահմանափակւած է»

«ԱԼԻՔ» – Մինչ իշխանութիւնը Վաշինգտոնում եռակողմ հանդիպման արդիւնքներով ստորագրւած համատեղ հռչակագիրը «յաղթանակ» ու «պատմական» է որակում, խորհրդարանական ընդդիմութիւնն այն «հերթական զիջողականութիւնն» է համարում։ ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը բացասական է գնահատում ոչ միայն Վաշինգտոնում Թրամփի, Փաշինեանի եւ Ալիեւի ստորագրած հռչակագիրը, այլեւ կառավարման 7 տարւայ ընթացքում Փաշինեան-Ալիեւ ցանկացած պայմանաւորւածութիւն։

Ըստ նրա՝ իր կառավարման ընթացքում Փաշինեանն արտաքին քաղաքական ոլորտում որեւէ ձեռքբերում չի արձանագրել։

Արթուր Խաչատրեանի պնդմամբ՝ Հայաստանն Ադրբեջանին տրամադրում է «միջանցք», որի վրայ ՀՀ-ի ինքնիշխանութիւնը սահմանափակւած է, փոխարէնն Ադրբեջանից ոչինչ չի ստանում։ «Ադրբեջանը փոխադարձութեան սկզբունքի հիման վրայ չի ասում՝ մենք էլ ձեզ ենք ճանապարհ տրամադրում։ Սա բացառապէս զիջում է։ Ադրբեջանը շահեկան վիճակում դուրս եկաւ, որովհետեւ ստացաւ «միջանցք», 907 յօդւածը չեղարկեց։ Ադրբեջանի պահանջով ՀՀ-ն եւ Ադրբեջանը դիմեցին, որպէսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարւի։ Թող ասեն, թէ ինչ իրաւական ռեժիմ է գործելու այդ ճանապարհի վրայ»: Factor.am-ի հետ զրոյցում ասել է Խաչատրեանը։

Դիտարկմանը, որ վաշինգտոնեան հանդիպումը յաջողութիւն է համարւում, որվհետև Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը եւ «Թրամփի ուղին» գործելու է ՀՀ-ի ինքնիշխանութեան եւ իրաւազօրութեան ներքոյ, Խաչատրեանն ընդգծել է․ «Ուրեմն, այդ մանիպուլեատորներին ասեմ, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը ճանաչել է դեռեւս 1992 թւականի ձմռանը, երբ ՀՀ-ն Հայաստանն ու Ադրբեջանն անդամակցել են ՄԱԿ-ին, երբ անդամակցել են Եւրոպական խորհրդին։ Սակայն, դա չի խանգարում, որ Ադրբեջանը օկուպացնի ՀՀ տարածքից մօտ 250 քառակուսի կմ հատւած»,- նկատել է նա։

Յիշեցմանը, որ այս հարցն, ըստ իշխանութիւնների, սահմանազատման ընթացքում է լուծւելու, Խաչատրեանն արձագանքել է․ «Իշխանութիւններն այդ յայտարարութիւնն անում էին նաեւ նախորդ տարի, բայց սահմանազատման ընթացքում ՀՀ տարածքից որեւէ միլիմետրով Ադրբեջանը դուրս չի եկել։ Եթէ ասում են, որ դա սահմանազատման ընթացքում է լուծւելու, այս դէպքում այս թղթի արդիւնքը ո՞րն է»։

Բացի այս, Խաչատրեանի խօսքով՝ խաղաղութեան պայմանագրի նախաստորագրումն իրաւական ուժ չունեցող փաստաթուղթ է։

Related Articles

Back to top button