Վարդան Օսկանեան. «Միայն Փաշինեանի ենթակաների այլընտրանքային իրականութեան մէջ կարող է «Զանգեզուրի միջանցք»-ի փաստացի յանձնումը ներկայացւել որպէս «ստրատեգիական յաղթանակ»»

«ԱԼԻՔ» – «Միայն Փաշինեանի ենթակաների այլընտրանքային իրականութեան մէջ կարող է «Զանգեզուրի միջանցք»-ի փաստացի յանձնումը ներկայացւել որպէս «ստրատեգիական յաղթանակ»»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար վարդան Օսկանեանը:
«Երբ դուք յանձնում էք ձեր երկրի ամբողջ լայնքով՝ արեւելքից արեւմուտք ձգւող մի գօտի, որը պէտք է վերահսկի երրորդ երկիրն ու օգտագործի Ադրբեջանը 99 տարի՝ առանց մաքսային վերահսկողութեան, առանց սահմանային ստուգումների եւ առանց նոյնիսկ տարրական իրաւունքի ստուգելու, թէ ինչ է անցնում, դուք զիջում էք ձեր ինքնիշխանութիւնը։ Ոչ մի քաղաքական հնարք չի կարող փոխել այս իրականութիւնը։ Դուք վարձակալութեամբ տալիս էք ձեր ինքնիշխանութեան մի մասը առնւազն երկու սերունդով։ Դա դիւանագիտութիւն չէ՝ դա ազգային արժանապատւութեան վաճառք է։
Յայտարարութիւնները, թէ «Ադրբեջանը չստացաւ այն, ինչ ուզում էր» եւ թէ «սա չի վնասում Հայաստանի ինքնիշխանութեանը», վիրաւորանք են հայ ժողովրդի բանականութեանը։ Պետականութեան ոչ մի լուրջ ընկալման մէջ հնարաւոր չէ, որ օտար երկրին՝ նրա պայմաններով, տրւի անխոչընդոտ անցում քո տարածքով եւ դա համարւի ինքնիշխանութեան պահպանում։
Սա «տրանսպորտային կապերի նորմալացում» չէ, այլ՝ կախւածութեան եւ նւաստացման միջանցք, խրւած Սիւնիքի սրտում։ Դա խորը վէրք է, կտրած Հայաստանի մարմնի մէջ»,- գրել է նա: