Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արցախի ԱԺ յայտարարութիւնը Վաշինգտոնեան բանակցութիւնների կապակցութեամբ

«ԱԼԻՔ» – Արցախի ԱԺ խմբակցութիւնները յայտարարութիւն են տարածել Հայաստանի, Ադրբեջանի եւ Միացեալ նահանգների ղեկավարների միջեւ Վաշինգտոնում կայացած հանդիպման արդիւնքների կապակցութեամբ։

Յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշւած է.

«Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը բարձր է գնահատում միջազգային հանրութեան կողմից Հարաւային Կովկասում խաղաղութեան եւ կայունութեան ամրապնդման ուղղութեամբ տարւող բազմամեայ ջանքերը։ Որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ը կարեւոր դեր է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման գործընթացում, ինչը ըստ արժանւոյնս է գնահատւել Արցախի ժողովրդի ու նրա իշխանութիւնների կողմից:

Տարիների ընթացքում եւ հետեւողական ու համբերատար աշխատանքի արդիւնքում Ամերիկայի Միացեալ Նահանգները միւս երկու համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ միասին Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կողմերին ներկայացրել են միջազգային իրաւունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանող կարգաւորման մի բանաձեւ՝ Մադրիդեան սկզբունքներ անունով, որի առանցքում եղել են ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման անթոյլատրելիութիւնը, ինքնորոշման իրաւունքը եւ տարածքային ամբողջականութիւնը։ Մինչեւ 2020 թ. Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները ամենաբարձր՝ նախագահների մակարդակով վստահեցրել են Արցախի ժողովրդին, որ հիմնախնդիրն ունի միայն խաղաղ լուծում եւ այն իրականացւելու է վերոնշեալ սկզբունքների հիման վրայ:

Ամէն ինչ փլուզւեց 2020 թ. սեպտեմբերի 27-ի ադրբեջանական լայնածաւալ ագրեսիայի հետեւանքով, իսկ դրա դատապարտաման բացակայութիւնը յանգեցրեց աւելի մեծ ողբերգութեան, երբ հազարամեայ հայկական Արցախի 150 հազար բնակչութիւնը, ցեղասպանւելու սպառնալիքի տակ, տեղահանւեց իր հայրենիքից եւ ապաստան գտաւ Հայաստանի Հանրապետութիւնում:

Ակնկալւում էր, որ գոնէ այդ մեծ արհաւիրքից յետոյ միջազգային ազդեցիկ կենտրոնները եւ, իհարկէ, առաջին հերթին ՄԽ համանախագահ երկրները պարտաւոր էին արագ արձագանքել՝ փակուղուց դուրս գալու ելքեր առաջարկելով: Սակայն, ցաւով պէտք է նշենք, որ ՄԽ համանախագահ երկրները ընտրեցին «ամենահեշտ» ճանապարհը՝ տարբեր պատրւակներով հրաժարւեցին միջնորդ-խաղաղարարի իրենց պարտաւորութիւններից եւ նոյնիսկ, փաստացի քաջալերելով մարդկութեան դէմ յանցագործութիւնը, անտեսեցին Արդարադատութեան միջազգային դատարանի՝ իր պատմական հայրենիք անվտանգ եւ երաշխաւորւած վերադառնալու Արցախի ժողովրդի իրաւունքը վերահաստատող պարտադիր որոշումը:

Խաղաղութեան եւ կայուն զարգացման նշանակութիւնը ոչ ոք աւելի լաւ չգիտի, քան Արցախի ժողովուրդը, որ իր իրաւունքների պաշտպանութեան համար անցել է բազում զրկանքների ու զոհողութիւնների միջով, դիմակայել է Ադրբեջանի կազմակերպած մօտ տասը ամսւայ համատարած շրջափակմանը, բայց այսպիսի ընթացքը չի կարող մօտեցնել այն սպասւած խաղաղութեանը, որի կարիքն ունեն տարածաշրջանի բոլոր ժողովուրդները:

Հաւատացած ենք, որ Հայաստանի իշխանութիւնների կեցւածքը Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների անտեսման հարցում միայն թւացեալ յաջողութեան պատրանք կարող է առաջացնել միջազգային անվտանգային օրակարգում եւ առաջիկայում խորը հիասթափութեան առիթ է դառնալու իրական խաղաղութեամբ շահագրգիռ դերակատարների համար:

Համոզւած ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման փաթեթն անպայման պէտք է ներառի.

– Արցախի ժողովրդի անվտանգ եւ արժանապատիւ վերադարձի իրաւունքն իր պատմական հայրենիք եւ մշտական բնակութեան վայրեր,

– Արցախի ժողովրդի հոգեւոր-մշակութային ժառանգութեան պաշտպանութեան հարցը, որն արդէն խիստ վտանգւած է ադրբեջանական օկուպացիայի հետեւանքով,

– Հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց, այդ թւում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան վերադարձի չլուծւած հարցերը, որոնք յանգեցնում են Բաքւի բանտերում նրանց իրաւունքների ոտնահարման եւ անօրէն դատական գործընթացների:

Նման իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացի սկիզբը բացայայտում է համանախագահ երկրների վարած արտաքին քաղաքականութեան ոչ հետեւողական լինելը, խաթարում է նրանց հեղինակութիւնը եւ ստանձնած պարտաւորութիւնների հանդէպ առաջացնում անվստահութիւն եւ փաստում, որ փոքր կամ «նւազ ռազմավարական» տարածաշրջանները շարունակում են որպէս մանրադրամ օգտագործւել քաղաքական մեծ խաղերի համար:

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը ահազանգում է խաղաղարարութեան առաքելութիւնը տապալած դերակատարների պատասխանատւութիւնը քողարկելու փորձերի մասին եւ վերահաստատում է իր հաւատարմութիւնը իրական խաղաղութեան գաղափարին՝ հիմնւած արդարութեան, իրաւունքի եւ փոխվստահութեան վրայ։

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցութիւն

«Միասնական հայրենիք» խմբակցութիւն

«Արդարութիւն» խմբակցութիւն

«Հ. Յ. Դաշնակցութիւն» խմբակցութիւն

«Արցախի ժողովրդավարական» կուսակցութիւն» խմբակցութիւն

12.08.2025 թ.

Երեւան»:

 

Related Articles

Back to top button