Ամստերդամը՝ Կարապետեանի եւ սրբազանների դէմ յարուցւած գործերի մասին. «Ես իմ կեանքում երբեք ոչ մի երկրում նման ամօթալի երեւոյթ չեմ տեսել»

«ԱԼԻՔ» – «Սամուէլ Կարապետեանի եւ հոգեւորականութեան դէմ յարուցւած մեղադրանքների անընդունելիութիւնը կը ցնցի օտարերկրեայ առաջնորդներին»։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ օգոստոսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է աշխարհահռչակ իրաւաբան եւ միջազգային մարդու իրաւունքների պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։
Փաստաբանի գնահատմամբ՝ այս գործերը կարճաժամկէտ հեռանկարում քաղաքական, իսկ միջնաժամկէտում՝ տնտեսական առումով ազդեցութիւն կունենայ Հայաստանի վրայ։
Նա Հայաստանի կառավարութեանը կոչ է արել երկխօսութեան մէջ մտնել քաղաքացիական հասարակութեան հետ եւ գիտակցել, որ եկեղեցին աջակցում է ժողովրդին, պետութեանը եւ հասարակութեանը։
«Դադարեցրէք նման անընդունելի վարքագիծ դրսեւորելը։ Ես իմ կեանքում երբեք ոչ մի երկրում նման ամօթալի երեւոյթ չեմ տեսել, որ այդ տարիքի մարդիկ, ովքեր իրենց կեանքը նւիրել են երկրին եւ իրենց կեանքում երբեք յանցագործութիւն չեն գործել, մեղադրւեն եւ ձերբակալւեն։ Այն պնդումը, թէ նրանք պէտք է ձերբակաւեն, բացարձակապէս ամօթալի է։ Իմ մտահոգութիւնները, որոնք դարձան իմ Հայաստան այցելութեան պատճառը, լիովին հաստատւել են»,- նշել է նա։
Ըստ իրաւաբանի՝ Հայաստանի առաջնորդները ներկայացնում են երեք միլիոն բնակչութիւն ունեցող երկիր, որը տնտեսական, քաղաքական եւ իրաւական աջակցութեան առումով կախւած է այլ երկրներից։
«Որպէս մարդ, որը Հայաստանին յաջողութիւն է ցանկանում, չեմ կարծում, թէ այն փաստը, որ ես երբեւէ ներկայացրել եմ ուրիշի շահերը, խնդիր է ստեղծում։ Նրանք դիմել են ինձ, քանի որ ես արդիւնաւէտ աշխատում եմ, եւ մտադիր եմ արդիւնաւէտ լինել նաեւ Հայաստանում։ Երբ ես աշխատում եմ քրիստոնեաների համար, ես ամենաարդիւնաւէտն եմ։ Նրանք հաւատացեալներ են, որոնք ցանկանում են իրականացնել իրենց կրօնական իրաւունքները։ Նման մարդկանց պաշտպանութիւնը բարձրագոյն առաքելութիւն է»,- ընդգծել է փաստաբանը։
Ըստ փաստաբանի՝ յարուցւած գործերում առկայ է ապացոյցների լիակատար բացակայութիւն եւ դժւար է նոյնիսկ հասկանալ եկեղեցու բարերարի դէմ ուղղւած մեղադրանքների էութիւնը։
«Հաշւի առնելով յարձակումների քաղաքական բնոյթը, ես չեմ քննարկի այն հարցը, թէ ում հետ եմ հանդիպում՝ վենդետայի վախից ելնելով։ Ես բախտաւոր եմ, որ ունեմ ամերիկեան անձնագիր։ Բայց շատ մարդիկ, որոնց հետ ես հանդիպում եմ, ապահով չեն։ Երբ որեւէ կառավարութիւն իրեն օրէնքի շրջանակից դուրս է դնում, ապա անվտանգութիւն չկայ»,- նշել է Ամստերդամը։
Նշենք, որ քաղաքական հարցերով առաջին կարգի միջազգային փաստաբանի այցը անհետաձգելի է եւ առնւում մի քանի աղմկայարոյց գործերի՝ արքեպիսկոպոսների գործի, Հայ Առաքելական եկեղեցու վրայ ճնշումների, գործարար Սամուէլ Կարապետեանի ձերբակալութեանը։