«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան գերագոյն առաջնորդը արդիւնաբերութեան մասնաւոր հատւածի գործարարների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. «Մենք քիչ բան ենք անում երկրի առաջընթացը հանրայնացնելու ոլորտում: Անհրաժեշտ է մեդիայի առումով եւս թափ հաղորդել մեր ջանքերին, որպէսզի հանրութիւնը ծանօթանայ այս ձեռքբերումներին»:
«Առաջընթացի ռահւիրաներ» նախագծի շրջանակում, այաթ. Սէյէդ Ալի Խամենէին երեքշաբթի՝ յունւարի 21-ի առաւօտեան այցելել է «Մասնաւոր սեկտորի արդիւնաբերական կարողութիւններն ու ձեռքբերումները» ցուցահանդէս։
Նա յաջորդ օրը հանդիպելով խոշոր արդիւնաբերողներին ու գործարաներին, ընդգծել է. «Մեզ անհրաժեշտ է մեդիա առաջադրանք, որպէսզի երիտասարդներն ու ուսանողները ծանօթանան այն զարգացումներին, որոնց մասին դուք բարձրաձայնում էք, եւ այդ մասին մենք եւս լսել ենք։ Նրանք, ովքեր ցանկանում են երկրում աշխատել, եւ իրենց մէջ տեսնում են այդ կարողութիւնը, գիտե՞ն, որ որպէս օրինակ փոքր քաղաքում կարելի է ստեղծել փոքր արտադրամաս, իսկ որոշ ժամանակ անց այն մի քանի տասնեակ անգամ մեծացնելու համար նրանց ի՞նչ է հարկաւոր։ Փորձե՞լ էք արդեօք պարզել, որ նրանք տեղեա՞կ են ձեր այս առաջընթացի մասին»։
Գերագոյն առաջնորդը նշել է, որ սա կարեւոր բացթողում է, եւ երկրի գործադիր համակարգը պէտք է այս հարցում աջակցի մասնաւոր հատւածին։
«Մէկ տարւայ համար 8% տնտեսական աճը հրաշքներ չի գործի, այն պէտք է լինի շարունակական եւ հաւասար հնրաւորութիւններով բաշխւի դրա օգուտները, որպէսզի շօշափելի ազդեցութիւն ունենայ մարդկանց կեանքի վրայ: Դրա համար մեզ պէտք է ելքեր՝ առաւելագոյնս օգտագործելով մասնակցութիւնը տարբեր ֆորումներին, ինչպիսին է BRICS-ը»,- յաւելել Գերագոյն առաջնրդը:
Այաթ. Խամենէին ընդգծել է, որ խնդիրներից մէկը դոլարից կախւածութիւնն է, եւ BRICS ֆինանսական համակարգն ու դրա անդամ երկրների արժոյթներով ֆինանսական գործարքները, որոնք պէտք է իրականացւեն, մեծապէս օգնելու են լուծել այս խնդիրը։
Հանդիպմանը իրենց տեսակէտներն ու կարծիքներն են ներկայացրել նաեւ մասնաւոր հատւածի գործարարները։
Արդիւնաբերական ԲՈՒՀ-երում սովորող ուսանողների ներգրաւումը եւ վերապատրաստումը, կառավարութեան ֆինանսական հրամանագրերում միատեսակութիւն եւ կայունութիւն ստեղծելու անհրաժեշտութիւնը, բանկային համակարգում գիտահէն ընկերութիւնների ֆինանսաւորման կանոնների յարմարեցման անհրաժեշտութիւնը, երկրի տնտեսութեան մէջ կոպերատիւների ներգրաււածութեան բացը, միջազգային մրցակցութիւններում եղած բացերն ու խնդիրները, 20-ամեայ ճանապարհային քարտէզի մշակումը՝ աւտոմոբիլային արդիւնաբերութեան համար, որպէս երկարաժամկէտ կայունութեան գրաւական ոլորտում, տեքստիլ արդիւնաբերութեան կարողութիւնները լուրջ ընդունելը՝ կանխելով անհարկի ներմուծումը, արտասահմանեան գործւածքների ու հագուստի մաքսանենութեան կանխելը, պետական հատւածից եւ մայր արդիւնաբերութիւնում խելացի տեխնոլոգիաների կիրառման պահանջը, նւազ զարգացած շրջաններում աշխատող արդիւնաբերութեանն աջակցելը եւ մասնաւոր հատւածի հետ կապւած ցանկացած կոռուպցիայի դէմ վճռականօրէն պայքարելու անհրաժեշտութիւնը եղել են գործարարների կողմից բարձրացւած խնդիրները: