ԻրանՄիջազգայինՔաղաքական

«Հիւսիս-Հարաւ միջանցք»-ը Լարիջանի-ՌԴ փոխվարչապետի հանդիպման օրակարգում

«ԱԼԻՔ» – Իրանի Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին Թեհրանում հանդիպել է ՌԴ փոխվարչապետ Վիտալի Սաւիեւի հետ՝ քննարկելու Հիւսիս-Հարաւ ռազմավարական միջանցքի արագացման եւ գործնական փուլին անցնելու հարցերը։

Հանդիպումը կայացել է Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդում՝ երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերւած բարձր մակարդակի համաձայնութիւնների շրջանակում։ Կողմերը նշել են միջանցքի նշանակութիւնը տարածաշրջանային աշխարհաքաղաքականութեան համար, իսկ Լարիջանին ընդգծել է Իրանի պատրաստակամութիւնը՝ կարճ ժամանակահատւածում վերացնելու բոլոր խոչընդոտները եւ հաստատելու անհրաժեշտ համաձայնագրերը։

Նշւել է, որ միջանցքի երթուղում գտնւող բոլոր հողատարածքները մինչեւ տարեվերջ կը փոխանցւեն պետութեանը՝ ծրագրի անխափան իրականացումն ապահովելու համար։ ՌԴ փոխվարչապետը պատրաստակամութիւն է յայտնել արագացնել ռուսական հատւածում նախագծի իրագործումն ու անցնել գործնական փուլին։

Հանդիպման աւարտին կողմերն ընդգծել են միջանցքի կարեւորութիւնը Իրանի եւ Ռուսաստանի համատեղ ռազմավարութեան համար եւ պայմանաւորւել մշտադիտարկման մեխանիզմների եւ կանոնաւոր համակարգման մասին։

Յատկանշական է, որ Ալի Լարիջանին երեքշաբթի դեկտեմբերի 16-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել նաեւ Գերագոյն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդատու Ալի Աքբար Վելայաթիի հետ, որի ընթացքում քննարկւել են տարածաշրջանային կարեւոր հարցեր եւ միջազգային վերջին զարգացումները: Նիստին ներկայ են եղել քաղաքական, մշակութային եւ անվտանգութեան ոլորտների մի շարք բարձրաստիճան պաշտօնեաններ ու փորձագէտներ։

Related Articles

Back to top button