Քաղաքական

Կասկածի տակ դնելով Ցեղասպանութիւնը՝ Փաշինեանը խրախուսում է թուրք եւ ադրբեջանցի ժխտողականներին

Վերջերս հայկական շրջանակներում թէժ բանավէճեր են ծաւալւել Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ վարչապետ Նիկոլ Փաշինեանի վիճահարոյց յայտարարութիւնների շուրջ։

Փաշինեանի կողմնակիցները պնդում են, որ նա չի ժխտել Հայոց Ցեղասպանութիւնը, այլ պարզապէս հարցեր է տւել։ Մինչդեռ նրա ընդդիմախօսները դատապարտում են նրան Ցեղասպանութիւնը ժխտելու կամ հիմնաւորւած պատմական փաստի վերաբերեալ աւելորդ հարցեր բարձրացնելու համար։

Սակայն ներհայկական բանավէճերից աւելի կարեւոր է այն վնասը, որը Փաշինեանը կարող է հասցնել Հայ Դատին՝ կրկնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից բարձրացւած նմանատիպ հարցերը՝ նպատակ ունենալով կասկածի տակ դնել Ցեղասպանութեան հաւաստիութիւնը:

Անցեալ ամիս Ամերիկայի թուրքական կոալիցիան յօդւած էր հրապարակել՝ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը Դաւոսում, Ցիւրիխ. «Ցեղասպանութիւնը Մոսկւայի ստեղծածն էր» վերնագրով։

Թուրքական կոալիցիան յաւելել է. «Փաշինեանը ակնարկել է, որ 1915 թւականին Օսմանեան կայսրութիւնում Հայոց Ցեղասպանութեան վաղուցւայ մեղադրանքները կարող են շինծու լինել, եւ որ այդ թեման ինքնին առաջ է մղւել Մոսկւայի կողմից Սառը պատերազմի ժամանակ… Աւելին, Փաշինեանը պնդել է, որ 1915 թւականի ողբերգութեան արմատները հայերին տրւած կեղծ խոստումների եւ նրանց անտեղի սպասումների մէջ են… Առաջին անգամը չէ, որ Փաշինեանը «ցեղասպանութեան» թեմային անդրադառնում է աւանդական ազգային պատմութիւնից շեղւող ձեւերով։

Ադրբեջանական եւ հրէական լրատւամիջոցները նոյնպէս օգտւել են Փաշինեանի անիմաստ հարցերից՝ ժխտելու Հայոց Ցեղասպանութիւնը։ Ադրբեջանական «Թրենդ» լրատւական գործակալութիւնը փետրւարի 25-ին յօդւած է հրապարակել՝ մէջբերելով THEJ.CA-ի (Միջազգային հրէական նորութիւններ Կանադայում) ծաւալուն յօդւածից՝ գրւած իսրայէլցի յայտնի ժխտողական Ռախել Աւրահամի կողմից, որն իրեն բնութագրում է որպէս «Բաքւի ձայնը»: Աւրահամի յօդւածը վերնագրւած էր՝ «Նիկոլ Փաշինեանը եւ 1915 թւականի իրադարձութիւնները»։ Աւրահամը «Դոնա Գրասիա դիւանագիտութեան կենտրոնի գործադիր տնօրէնն է եւ Իսրայէլաբնակ լրագրող»:

Աւրահամը գրել է. «Փաշինեանը բացեց հայկական Պանդորայի արկղը, մի բան, որը կասկածից վեր է եւ կասկածի տակ չի դրւում՝ Հայոց Ցեղասպանութիւնը։ Փաշինեանը կասկածներ է յայտնել հայերի կողմից 1915 թւականի իրադարձութիւնների մեկնաբանման վերաբերեալ եւ քննադատել, թէ ինչպէս են նրանք կառչած մնացել իրենց պատմութիւնից տարիներ շարունակ»։

Հետեւեալ երկու նախադասութիւններում Աւրահամը հակասել է ինքն իրեն Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման գործում Խորհրդային Միութեան ենթադրեալ դերի մասին։ Նախ, նա գրել է. «Ցեղասպանութեան» հայկական պատմութիւնը, դրան աւելացւած առասպելների հետ մէկտեղ, յօրինել է Խորհրդային Միութիւնը, եւ առաջ է քաշել Խորհրդային Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի անդամ Կարէն Դեմիրճեանը։ Այնուհետեւ նա պնդել է ճիշտ հակառակը. «չնայած սովետները խթանել են հայկական պատմութիւնը եւ առասպելներ աւելացնում իրադարձութիւնների իրենց մեկնաբանութեանը, հայկական պատմութիւնը յօրինւած էր ոչ թէ սովետների, այլ հէնց հայերի կողմից»:

Այնուհետեւ Աւրահամը մէկ այլ հակասական յայտարարութիւն է արել. «1985 թւականի փետրւարի 21-ին Խորհրդային Միութեան քաղբիւրոն Միխայիլ Գորբաչովի ղեկավարութեամբ քննարկեց «Հայոց Ցեղասպանութեան 70-րդ տարելիցի հետ կապւած միջոցառումները»… Գորբաչովը համաձայնեց հայերի պահանջներին, սակայն ստիպւած եղաւ հակառակ որոշում կայացնել կոմունիստական կուսակցութեան վետերանների՝ Տիխոնովի, Գրոմիկոյի եւ Գրիշինի հակադրման պատճառով։ Նրանք պնդում էին, որ հայկական պատմութեանն աջակցելը, որով թուրքերը մեղադրւում են ցեղասպանութեան մէջ, կը փչացնի Թուրքիայի հետ յարաբերութիւնները, որոնք այն ժամանակ սկսել էին ջերմանալ: Այդ հանդիպմանը Գորբաչովն անցաւ երեք վետերանների կողմը յանուն խորհրդային ներքին քաղաքականութեան, սակայն մէկ ամիս անց, երբ Գորբաչովը նշանակւեց գլխաւոր քարտուղար, նա երեքին էլ հեռացրեց Քաղբիւրոյից եւ նրանց փոխարինեց հայկական հարցի հանդէպ աւելի բարիացակամ վերաբերմունք ունեցող մարդկանցով»։ 

Այնուհետեւ Աւրահամը զաւեշտալի յայտարարութիւն արեց, որ Ուրուգւայը 1965 թւականին ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը միայն Մոսկւայից կանաչ լոյս ստանալուց յետոյ: Նա աւելի հեռուն գնաց՝ ասելով, որ ոչ մի երկիր չի ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը մինչեւ Հայաստանի 1991 թւականի անկախացումը: Նա սխալւում է, քանի որ Արգենտինան Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչել է 1985 թւականին, Հայաստանը՝ 1990 թւականին, Կիպրոսը՝ 1982-ին, նախագահ Ռոնալդ Ռէյգանը 1981 թւականին, իսկ ԱՄՆ կառավարութիւնը 1951 թւականին՝ Համաշխարհային դատարան ներկայացւած պաշտօնական փաստաթղթում։

Փաշինեանը կարծես թէ չի գիտակցում, որ ինքը Հայաստանի Հանրապետութեան վարչապետն է։ Որպէս այդպիսին, նրա խօսքերն ունեն հետեւանքներ Հայաստանի Հանրապետութեան, աշխարհասփիւռ հայութեան եւ Հայ Դատի համար։ Աւելին, նրա յայտարարութիւններն ամբողջ աշխարհում դիտւում են ինչպէս բարեկամների, այնպէս էլ թշնամիների կողմից: Ադրբեջանի եւ Թուրքիայի կառավարութիւնները միշտ պատրաստ են շահարկել նրա ասած իւրաքանչիւր բառը՝ վնասելու Հայաստանի շահերին։ Ուստի Փաշինեանը պէտք է շատ զգոյշ լինի իր հրապարակային յայտարարութիւններում։ Նրան անհրաժեշտ է արհեստավարժ ճառագիրների եւ փորձագէտ խորհրդատուների օգնութիւնը: Խնդիրն այն է, որ նա անփորձ է եւ ոչ մէկին չի լսում։ Վերջերս Հայաստանի խորհրդարանում նրան հարցրել էին, թէ որոշում կայացնելուց առաջ ում հետ է խորհրդակցում, նա պատասխանել էր՝ «Ոչ մէկի»։

Փաշինեանը մի օր հեռանալու է իր պաշտօնից, բայց այն վնասը, որը նա հասցնում է Հայաստանին եւ հայ ժողովրդին, կը տեւի տասնամեակներ։ Այդ իսկ պատճառով, որքան շուտ նա հրաժարական տայ, այնքան աւելի լաւ Հայաստանի համար։

Իսկապէս, հայ ժողովրդի համար աղէտալի է, որ Հայաստանի վարչապետը միանում է Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներին Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ հարցեր բարձրացնելու գործում:

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button