Լիլիթ Գալստեան. «Արեւմուտքի կրկնակի ստանդարտներն ու ժողովրդավարութեան նիկոլական դէմքը»
«ԱԼԻՔ» – ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է Հայաստանում եւ Վրաստանում ընթացող հակաիշխանական ցոյցերի նկատմամբ Արեւմուտքի կիրառած երկակի ստանդարդներին:
«ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջէյմս Օ’Բրայէնը յայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դէմ, եթէ ապացուցւի, որ ժողովրդավարութիւնը խարխլւել է օտարերկրեայ գործակալների մասին օրէնքի ընդունման գործընթացում։
Զարմանալիօրէն ԱՄՆ-ն եւ առհասարակ Արեւմուտքն այսպիսի նախանձախնդրութիւն չցուցաբերեցին եւ պատժամիջոցներ չկիրառեցին Ադրբեջանի նկատմամբ, երբ վերջինս 2020-ին Արցախում քիմիական զէնք էր օգտագործում, 9 ամիս տեւողութեամբ տոտալ բլոկադայի մէջ էր պահում Արցախահայութեանը, ուղղակիօրէն ցեղասպանական գործողութիւն էր իրականացնում՝ հայաթափելով երեքհազարամեայ Արցախը կամ այսօր, երբ անթաքոյց ոչնչացնում է Արցախի հայկական մշակութային ժառանգութիւնը։
Զարմանալիօրէն այն Արեւմուտքը, որը Շառլ Միշէլի շուրթերով Հայաստանին նշաձողն իջեցնելու յորդորներ էր տալիս, աչք փակեց նաեւ այդ քաղաքականութեան հետեւանք ադրբեջանական էթնիկ զտման եւ ռազմական գործողութեան վրայ, դառնալով ցեղասպանութեան գործակից եւ պատասխանատու։
Այդ նոյն Արեւմուտքը աչք փակեց Ադրբեջանի բռնապետի ոչ ժողովրդավարական ընտրութեան վրայ եւ առաջինը շնորհաւորեց բռնապետին։
Այդ նոյն Արեւմուտքը՝ Ֆոն դէր Լայէնի տեսքով փարւեց բռնատեր Ալիեւին՝ յայտարարելով ստրատեգիական գործընկերութեան եւ ակնյայտօրէն ռուսական բովանդակութեամբ ադրբեջանական նաւթագազային առաջնահերթութիւնների մասին։
Արեւմուտքի կրկնակի ստանդարտները, միջազգային իրաւունքի եւ սկզբունքների բռնաբարման անհաղորդութիւնը կամ խուլի եւ կոյրի վարքագծի դրսեւորումը սպանում են յարգանքը եւ հաւատը միջազգային կառոյցների նկատմամբ, անգամ «ժողովրդավարութիւն» խիստ էլաստիկ հասկացութեան նկատմամբ ալերգիա առաջացնում:
Ի դէպ, այս օրերին ոստիկանական ուժերը խայտառակ բռնութիւններ եւ անհամաչափ գործողութիւններ են գործադրւում խաղաղ հանրահաւաքների մասնակիցների նկատմամբ։ Հայաստանը վերածւել է համատարած ոստիկանապետութեան` արեւմտեան գրանտներով «բարեփոխւած» ոստիկանապետութեան։
Ոստիկանութիւնն, ըստ էութեան թքած ունի։ Համակարգը նման վարքագիծ եւ բռնութիւններ է գործադրում անգամ այն բանից յետոյ, երբ ՀՀ ոստիկանութեան անհամաչափ գործողութիւններն արձանագրւել են Freedom House-ի եւ Պետդեպ-ի զեկոյցներում։
Իսկ իրականում, այսօր Հայաստանում ոչ թէ Մարդու իրաւունքների, ոչ թէ ժողովրդավարութեան «խարխլման» հետ ենք առերեսւում, այլ սահմանադրական կարգի տապալման։
Հայաստանը յարաճող բռնապետութիւն է՝ խարսխւած ոչ թէ ժողովրդավարութեան այլ՝ ուժային կառոյցների վրայ։
Ժողովրդավարական արեւմուտքը կարծես թէ չի տեսնում… իսկ աւելի շուտ՝ տեսնում է այն, ինչ շահեկան է։
Կարծում եմ Արևմուտքը մտածելու բան ունի․եթէ նրանց պատկերացրած Ժողովրդավարութիւնը Նիկոլի դէմքն ունի, ապա արթնացող հայ մարդը իրաւունք կունենայ կողմնորոշիչներ ճշտելու.
ENOUGH IS ENOUGH!!!!
Թբիլիսիում ընդդիմութեան փողոցային երթում ԵՄ անդամ երկու երկրի դեսպանների ներկայութիւնը շատ բանի մասին է․․․»,- գրել է նա: