Գարիկ Քեռեան. «Եւրոբիւրոկրատիան փայլում է իր ոչ ստանդարտ գործունէութեամբ»
«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Գարիկ Քեռեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է Թբիլիսիում ընթացող հակաիշխանական ցոյցերին ԵՄ անդամ երեք երկրների ԱԳ նախարարների մասնակցութեանը:
«Լիտւայի, Իսլանդիայի ե Էստոնիայի արտաքին գործերի նախարարները եկել են Վրաստան եւ Թբիլիսիում մասնակցում են ընդդիմութեան հանրահաւաքներին: Միտինգի ժամանակ ելոյթ է ունեցել Լիտւայի ԱԳ նախարար Լանդսբերգիսը: Սա բացառիկ իրողութիւն է, երբ մի քանի երկրների արտգործնախարարներ մասնակցում են մէկ այլ երկրի քաղաքական/հակաիշխանական գործողութիւններին:
Հասկանալի է, որ այս բարձրաստիճան պաշտօնեաները նման քայլի դիմել են ոչ թէ գաղտնի եւ սեփական նախաձեռնութեամբ, այլ նրանց գործուղել են:
Եւրոբիւրոկրատիան փայլում է իր ոչ ստանդարտ գործունէութեամբ: Վրաստանի դրէյֆը Արեւմուտքից դէպի Ռուսաստան, շատ հիւանդագին է ընդունւում Բրիւսէլում եւ Վաշինգտոնում, «Եւրոինտեգրման դռները փակւում են Վրաստանի համար», բարձրաձայնում են արեւմտեան բոլոր քաղաքական լիդերները: Հակառակ դրան Իւանիշւիլիի քաղաքական թիմը առանց վարանելու շարունակում է իր գիծը, առանց որեւէ զիջումների, արտասահմանեան գործակալների մասին օրէնքն արդէն ընդունւած է: Բացառւած չէ, որ Աբխազիայի եւ Հարաւային Օսիայի հակամարտութիւններում, Մոսկւան գրաւիչ առաջարկներ է արել, վրացիներին ոգեւորելու համար:
Ուկրաինական պատերազմի համատեքստում, որտեղ Պուտինը որդեգրել է երկարատեւ եւ հիւծիչ պատերազմի տակտիկան, սա շատ անհանգստացնող իրավիճակ է Արեւմուտքի համար: Զգացւում է լուրջ մտահոգութիւն, կապւած Հայաստանում ծաւալւած հակակառավարական քաղաքական գործողութիւնների հետ: Վրաստանում քաղաքական անհնազանդութիւնն առաջնորդող ուժերը արեւմտամէտ են, Հայաստանում՝ ոչ: Այնպէս, որ Թբիլիսիից արտգործնախարարներ Երեւան չեն գայ եւ ելոյթ չեն ունենայ: Թերեւս այս իրողութիւնները յստակօրէն ի ցոյց են դնում յետխորհրդային տարածքում ռուսական ազդեցութեան վերականգնման համար Պուտինի վարչակարգի որդեգրած քաղաքականութեան յաջողութեան խնդիրը:
Միջազգային հետազօտական ուղեղային կենտրոններում եւ բարձր քաղաքական-պետական ղեկավարների շրջանակներում սա թիւ մէկ խնդիրն է, որի լուծումից է կախւած նոր աշխարհակարգի հաստատումը: Գրեթէ բոլորն են ընգծում, որ այս խնդրի հանգուցալուծումը Պեկինում է, հասկանալի պատճառներով: Այս օրերին, երբ Պեկինում կնքւեց ռազմավարական համագործակցութեան ռուս-չինական համաձայնագրեր, Արեւմուտքի տագնապը էլ աւելի ուժեղացաւ: Հայաստանը նորից յայտնւել է համաշխարհային ուժային կենտրոնների բախման արանքում:
Մեզ մօտ ընթացող բողոքական/հակաիշխանական շարժումը ներքաղաքականից բացի ունի նաեւ այլ երանգներ, Թբիլիսիի հետ միասին, Երեւանը ուշադրութեան կենտրոնում է»,- գրել է նա: