Էլ ինչո՞ւ Էմիրութիւններ, Բաքւում նստէք-նկարւէք

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ
Yerevan.today-ի գլխաւոր խմբագիր
Յաճախ ենք ասում, որ Հայաստանի ու Ադրբեջանի, Թուրքիայի իշխանութիւնների՝ հայ ժողովրդի, նրա արժանաւոր զաւակների դէմ գործողութիւնները շատ նման են եւ կարծես համակարգւած լինի։ Անգամ ասւում է, որ հաւանական է՝ Հայաստանի իշխանութիւնների գործողութիւնները համակարգում են Ադրբեջանում, Թուրքիայում։ Իրականում, առանձնապէս ձայնագրութիւններ, գաղտալսումներ պէտք չեն դա հիմնաւորելու համար։ Ուղիղ նայում ենք ինչ է կատարւում։ Ինչ կատարւում է հայերի ու հայկական ինքնութեան նկատմամբ Ադրբեջանում ու Հայաստանում, շատ նման են, յաճախ՝ անգամ զուգահեռ։
Ներկայացնեմ բազմաթիւ օրինակներից մի քանիսը ընդամէնը, որոնք զուգահեռաբար անում են թէ՛ Նիկոլ Փաինեանը՝ որպէս ՀՀ իշխանութիւն, թէ՛ Ադրբեջան պետութիւնը ի դէմս Ալիեւի՝ Հայերի ու Հայաստան պետութեան նկատմամբ։ Համադրենք ու միասին փորձենք հասկանալ նմանութիւնները։
Այս պահին շինծու դատական ներկայացում է Ադրբեջանում հայ բարերար եւ խոշոր գործարար Ռուբէն Վարդանեանի նկատմամբ, մի 40 յօդւածով՝ ահաբեկչութիւն, վարձկանութիւն, ինչ-որ կարծեմ ահաբեկչական, սեպարատիստական ֆինանսաւորումներ եւ այլն։ Ռուբէն Վարդանեանը ոչ միայն խոշոր գործարար է, այեւ բազմաթիւ բարեգործութիւններ է արել, այդ թւում՝ Արցախում։ Շատ տեղական ու միջազգային կազմակերպութիւնների, փորձագէտների, լուրջ դէմքերի կողմից համարւում է նրա նկատմամբ կալանքը, այդ քրգործը յօրինւած, ապօրինի, գերու կարգավիճակ աւելի շուտ, քան ինչ-որ իրական յանցակազմ պարունակող գործընթաց։ Մարդուն բռնել են, պահում են, ոչ մի ուրիշ երկրի, էլ չասեմ՝ հայ փաստաբան, չի կարողանում իր շահերը ներկայացնել, մեղադրանքներին ծանօթանալ։ Արտաքին աշխարհի հետ շփումը բացառած է, միմիայն ամիսը կամ գուցէ մի քանի ամիսը մէկ թողնում են ընտանիքի անդամի հետ խօսել մի քանի րոպէ։ Նմանութիւն տեսա՞ք։
Այսօր Հայաստանում կալանքի տակ է գտնւում մէկ այլ բարերար, խոշոր գործարար՝ Սամուէլ Կարապետեանը։ Եւ ինչպէս Բաքւում Ռուբէն Վարդանեանը, այնպէս էլ Հայաստանում Սամուէլ Կարապետեանը խնդալու յածներով են. այստեղ էլ՝ իշխանութիւնը իբր զաւթելու հրապարակային կոչի յօդւած են գրել։ 40 վայրկեան տեսանիւթի մէջ ընդամէնը եկեղեցուն ուղղւած աջակցութեան խօսք է, պայքարելու, այդ խայտառակութեանը իր ձեւով, ցիտում եմ, դիմադրելու մասին, եւ դա ներկայացնում են իշխանութեան զաւթման փորձ։ Սամուէլ Կարապետեանը Հայաստանում, Ռուբէն Վարդանեանը Բաքւում գերի չեն թէկուզ հէնց այդ շինծու մեղադրանքների պատճառով։ Ոչ։ Այն պատճառով, որովհետեւ հայ են, ազդեցիկ հայ են, այդքան բան։ Սամուէլ Կարապետեանը 2020 թւից հետախուզման տակ է Ադրբեջանում, 2025 թւականին Հայաստանում Նիկոլի ուղիղ կոչով կալանաւորել են։ Այսինքն եթէ Սամուէլ Կարապետեանը գնար Ադրբեջան, նրա հետ կը կատարւէր ճիշտ նոյնը, ինչ Հայաստանում, շինծու մեղադրանքով կալանք, արտաքին աշխարհի հետ կապը միայն փաստաբանների միջոցով, խիստ ռեժիմ եւ այլն։
Ադրբեջանում դատում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանը, երկրորդ նախագահին, երրորդ նախագահին, պաշտպանութեան բանակի տարբեր տարիների հրամանատարների, ԱԺ նախագահին եւ այլն, յօրինած, քաղաքական մեղադրանքներով։ Ինչ-որ մէկը կա՞յ որ մտածում է, թէ Բակօ Սահակեանը կամ Արկադի Ղուկասեանը, Դաւիթ Բաբայեանը, կամ Դաւիթ Մանուկեանը յանցագործ են. իհարկէ ոչ, բացի ադրբեջանցիներից։ Դէ հիմա էլ այստեղ տեսէք։ Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում. նախկին նախագահների վրայ քրէական գործեր են, երկրորդ նախագահի վրայ՝ սրանց իշխանութեան գալուց ի վեր, 7-8 տարի քրէական ապօրինի գործերի մէջ է, էլի շինծու, էլի քաղաքական։ Նրա վրայ գործ չի սարքւել, որովհետեւ ինչ-որ բան այն չի արել, այլ նրա համար, որ Արցախի առաջին, Հայաստանի երկրորդ նախագահն է, որովհետեւ հայ է, ունի շատ մեծ անուն, հեղինակութիւն։ Վստահ կարող էք լինել, այդքանի համար է ընդամէնը։
Ինչպէս Բաքւում է դատւում ռազմաքաղաքական ղեկավարութիւնը, այնպէս էլ Հայաստանում դատում են Սէյրան Օհանեանին, որը պաշտանութեան բանակի հրամանատարն է եղել Արցախում, ՀՀ պաշտպանութեան նախարարը, գեներալ-գնդապետ, դատում են Արցախեան պատերազմում մեծ դերակատարութիւն ունեցած, Հայաստանի գենշտաբի նախկին պետ Իւրի Խաչատուրովին, գեներալ-գնդապետ։ Թէ՛ Ադրբեջանում են դատում հայ ռազմական հրամանատարութեանը, թէ՛ Հայաստանում։ Որեւէ մէկ հայ, իսկական հայ, երբեւէ կարո՞ղ էր համարել Խաչատուրովի ամագը 90-ների յաղթանակում՝ որպէս յանցագործութիւն. իհարկէ ոչ։ Իսկ ո՞վ կարող էր. միայն ադրբեջանցիները։ Անգամ մեր բարեկամ երկրները իրեն այդպիսին չեն համարել, դրա համար էլ այդ մարդը ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարն էր, մինչ սրանց իշխանութեան գալը։ Եկան-չեկան, գործ բացեցին վրան, սկզբից ուզում էին կալանքի տանել, յետոյ՝ թէ ռուսները սխալ կը հասկանան, էդ մի բանը չարեցին, բայց դէ գործից հանել տւեցին, որ ձեռքները ազատ լինի, ինչ ուզենան անեն։ Մի տեսակ, ոնց նայում ենք լրիւ ադրբեջանցիների սրտի իշխանութիւն՝ 18 թւից։ Կարո՞ղ էք ասել իրենց մեղքը որն է. հայ են, ժողովուրդ, ադրբեջանցիներին են ցաւեցրել, այդքան բան։ Իսկ որ տեսնում ես, որ Հայաստանում ադրբեջանցի դիւերսանտներին բաց են թողնում, չեն պահում, մարդասպանութեան համար պատիժ են նշանակում ու բաց են թողնում, ետ ուղարկում Ադրբեջան՝ քաջ իմանալով որ այնտեղ նրանց բաց են թողնելու, հերոսացնեն, ու դրան հակառակ հայ անւանի գործիչներին, ազդեցիկներին, ոչ մի բանի համար նստացնում են, կարծես սաղ փազլը հաւաքւում է։
Ադրբեջանում էլ այդ դատավարութիւնները աւելի շատ շոու են, Հայաստանում էլ։ Ադրբեջանի ժողովուրդը, վստահ եմ, գիտի, որ այնտեղ դատւող հայերի մեղադրանքները ֆիկտիւ բաներ են, հայ է ընկել ձեռքները՝ պատժում են, մուռ են հանում։ Ինչքա՞ն ենք լսել, չէ՞, որ Նիկոլը Քոչարեանին բռնելով մուռ է հանում, ժողովուրդ, Նիկոլը Քոչարեանից մուռ չունի հանելու, նա նստել է Սերժի օրօք, իսկ այ Ալիեւը ունի, անգամ նրա հայրն ունէր, բայց՝ ոչ Նիկոլը։
Ադրբեջան պետութիւնը, Թուրքիա պետութունը բազմիցս են յայտարարել հայկական սփիւռքի՝ իրենց համար վտանգաւորութեան, վնասակարութեան մասին. ասում են ամբողջ աշխարհում հայկական Սփիւռքը, Հայ Դատի գրասենեակները իրենց շահերի թշնամիներն են, ու ստեղծել են երկու երկրներում էլ հայկական Սփիւռքի դէմ պայքարի պետական կոմիտէներ։ Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինեանը այս թեմայով։ Արդեօ՞ք ՔՊ խմբակցութիւնը, իրենց ձեռքի տակ գտնւող իրաւապահ համակարգերը եւ Փաշինեանն անձամբ հայկական Սփիւռքի դէմ պայքարի կոմիտէ չեն։ Սփիւռքի բազմաթիւ գործիչներ, որոնք աղդեցիկ են, ներդրում են ունենում հայկական շահերի՝ միջազգային հարթակներում առաջ մղելու վերաբերեալ, այդ մարդկանց մուտքը Հայաստան արգելւում է։ Եթէ այդ մարդիկ ապրէին Հայաստանում, վստահաբար կալանաւորւելու էին։ Ասում են չենք գալիս Հայաստան, որ չկալանաւորւենք։ Ինչ-որ մէկը մտածում է, թէ նրանք յանցագո՞րծ են, չէ, չէ՞. մտածում էք՝ դէ Նիկոլին դէմ են, դրանից են զգուշանում. ոչ, այ ձեր ցաւը տանեմ, Նիկոլին ով ինչ ասես ասում ա, նրանք ազդեցիկ են ու հայկական շահ են առաջ տանում աշխարհում, բնականաբար թուրքերի ու ազերիների դէմ, այդքան բան։
Հայկական շահերն առաջ մղող մի շարք ոչ հայազգի գործիչներ, օրինակ Զատուլինը, թէ՛ Բաքւի Սեւ ցուցակում է, թէ՛ Երեւանի։ Ընդ որում՝ երկու տեղում էլ նոյն պատճառով։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամբողջ աշխարհում ամենայայտնի, ամենաուժեղ հայկական կառոյցն է. Եկեղեցու շուրջ հակաքարոզչութիւն արւել է մէ՛կ Ադրբեջանում, մէկ Հայաստանում։ Հայ Առաքելական Եկեղեցու դէմ գրոհները դատապարտել են մի շարք միջազգային կառոյցներ, այդ թւում՝ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը. ոգեւորութիւն են յայտնել միայն Ադրբեջանը, Նիկոլը ու իր ՔՊ-ն։
Հայկական ամենահին կուսակցութիւններից մէկը (Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն-ԽՄԲ.), որն ամբողջ աշխարհում իր տեղն ունի, կան երկրներ, որոնցում դաշնակցական նախարարներ կան, պատգամաւորներ կան, յարգանք ունի, վստահութիւն ունի, ամբողջ աշխարհում այդ կուսակցութեան դէմ պայքարում են Թուրքիայում, Ադրբեջանում, Հայաստանում. մէկ թուրքերն են անւանում տեռորիստ, մեկ ՔՊ-ականները։
Հայերին Ադրբեջանում անւանում են ահաբեկիչներ, հայերին Հայաստանում կալանաւորում են ահաբեկչութեան սուտ մեղադրանքներով, մոնտաժած ձայնագրութիւններով։ Ադրբեջանն էլ էնտեղ է կալանաւորած հայերին ահաբեկչութեան մեղադրանք դրել, էլի տակը ոչինչ չկայ, ինչպէս որ չկայ այստեղ։
Կարդացէք ադրբեջանական գրքերում հայերի մասին նկարագրութիւնները եւ հայերի մասին նկարագրութիւնները Նիկոլ Փաշինեանի մօտ կառավարութեան նիստում խօսելիս՝ ծոյլ, թափթփւած, ձրիակէր, փնթի, վախկոտ։ Լրիւ նոյն բնորոշումները։
Այսպէս կարելի է անվերջ թւարկել՝ Արարատի մասին ադրբեջանա-թուրքական խօսոյթն ու նիկոլականը, ատոմակայանի մասին Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջն ու Նիկոլի քայլերը ՀԷՑ-ի դէմ, Ադրբեջանի պահանջը հայցերից հրաժարւելու մասին, ու Նիկոլի քայլերը՝ ադրբեջանցի տեռորիստների նկատմամբ հետախուզումները հանելու ուղղութեամբ, Ադրբեջանի պահանջը Հայաստանի չզինւելու մասին, ու մեր զինւելու տեմպը, Ադրբեջանի քայլերը արտերկրում, օրինակ՝ Ռուսաստանում հայկական ապրանքի դէմ, ու Հայաստանի քայլերը, երբ սահմաններին կուտակումներ են, կոնեակ, ծիրան, ծաղիկներ եւ այլն։
Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանութիւնները միասնական են նաեւ դրսի հարթակներում։ Երկու օր առաջ դատապարտելի փաստը բերեցինք, որ ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատւիրակութեան ՔՊ-ական անդամները չեն միացել Բաքւում հայ գերիների դատավարութիւններին, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի մշակութային եւ կրօնական ժառանգութեան պահպանութեան վերաբերեալ ընդդիմադիր պատգամաւոր Լիլիթ Գալստեանի առաջարկութիւններին, միջազգային վերահսկողութեան մասով: Պատկերացնո՞ւմ էք, հայը դէմ է, որ Բաքւի դատավարութիւն կոչւած թատրոնին միջազգային վերահսկողութիւն սահմանւի, որ մեր՝ հայերի շահ լինի գոնէ որեւէ կերպ պահել. մէ՛կ նրանք են դէմ, մէկ՝ սրանք։
Կարճ ասած՝ դէ հիմա թող փորձեն ձեզ համոզել, որ այս ամէնը զուգադիպութիւն է։ Թող փորձեն ձեզ համոզել, որ Հայաստանում հայկական իշխանութիւն է։ Թող փորձեն մեզ համոզել, որ Նիկոլը Ստաբուլ այցի ժամանակ չէր ստանում հրահանգներ ու չէր պայմանաւորւում հայ ժողովրդի դէմ անել այն, ինչ արեց Ստամբուիլից վերադառնալուց յետոյ՝ կալանքներ, շինծու գործեր, եկեղեցու վրայ գրոհ։ Ու թող փորձեն համոզել, որ Նիկոլ Փաշինեանը չի մեկնում Աբու Դաբի Ալիեւին կատարած աշխատանքների համար զեկուցելու ու հերթական հրահանգները ստանալու։
Ուղղակի ինչո՞ւ էք այդքան ռեսուրս ծախում, միջնորդ մէջ գցում, այլ երկրներում հանդիպում. թարկէք էդ ձեւականութիւնները։ Ինչպէս Թուրքիայի պարագայում ես հրահանգաւորւելու համար միանգամից մեկնում Ստամբուլ, այնպէս էլ Ադրբեջանի պարագայում կարող ես միանգամից գնալ Բաքու կամ Գիանջա։ Մէկ է՝ ձեր համատեղ նպատակները մեր մասով արդէն մեզ պարզ են։