Իշխանութեան բաժանո՞ւմ, թէ՞ երկրի մասնատում. ԱՄՆ-ի, Սաուդեան Արաբիայի եւ ԱՄԷ-ի մօտեցումը Սուդանի ապագային

«ԱԼԻՔ» – Հաշւի առնելով Սուդանում առկայ խորացող ճգնաժամը եւ դրա հնարաւոր ազդեցութիւնը ինչպէս Հիւսիսային Աֆրիկայի, այնպէս էլ Մերձաւոր Արեւելքի աշխարհաքաղաքական իրադարձութիւնների եւ անվտանգութեան դինամիկայի վրայ, կարեւոր է հասկանալ ճգնաժամում դեռեւս անուղղակի ներգրաւած ԱՄՆ-ի, ինչպէս նաեւ ուղղակի ներգրաււած արաբական աշխարհի երկու խաղացողների՝ Սաուդեան Արաբիայի եւ Արաբական Միացեալ Էմիրութիւնների դիրքորոշումները Սուդանի ապագայի վերաբերեալ։ Յատականշական է, որ վերջին երկուսի միջեւ աճող տարաձայնութիւնները ոչ միայն ազդում են Սուդանի ներքաղաքական հաւասարակշռութեան վրայ, այլեւ կարող են որոշիչ դեր խաղալ տարածաշրջանային ուժային հաշւարկների վերաձեւման գործընթացում։
Հետեւաբար, Ձեզ ենք ներկայացնում այս կապակցութեամբ «Թասնիմ»-ում հրապարակւած վերլուծական յօդւածի թարգմանութիւնը, որը լուսաբանում է Սուդանի հակամարտութեան շուրջ ձեւաւորւած իրավիճակը, նոր զարգացումները, վերոնշեալ երկրների շահերն ու մօտեցումները, ինչպէս նաեւ նրանց միջեւ հակասութիւնների հնարաւոր ազդեցութիւնը Սուդանի ապագայի, ինչպէս նաեւ տարածաշրջանի կայունութեան վրայ։
ԱՀՄԱԴ ԲԵՐՈՒԱՅԷ
Արեւմտեան Ասիայի եւ Հիւսիսային Աֆրիկայի հարցերի փորձագէտ
Վերջին օրերին տարածւել են լուրեր Սաուդեան Արաբիայի եւ Արաբական Միացեալ Էմիրութիւնների միջեւ Սուդանի հարցում խորացող տարաձայնութիւնների մասին։ Սա կարելի է դիտարկել որպէս այն տարբերութիւնների դրսեւորում, որ ձեւաւորւել են Ֆաշէրի տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձութիւններից յետոյ՝ ելնելով Սուդանի գործընթացների վերաբերեալ իւրաքանչիւր երկրի պատկերացումներից։
«Արագ արձագանքման ուժեր»-ի կողմից Ֆաշէր քաղաքի գրաւումը եւ Սուդանի բանակի դիրքերի թուլացումը երկրի արեւմտեան շրջաններում առաջացրել են ԱՄՆ-ի եւ Սաուդեան Արաբիայի խոր դժգոհութիւնը։ Տարածւել են նաեւ տեղեկութիւններ, որ Ռիադը փորձում է աւելի ակտիւ ներգրաււել այս գործընթացում։ Ամենակարեւոր լուրերից մէկը վերաբերում է Սաուդեան Արաբիայի գահաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի՝ Դոնալդ Թրամփից Սուդանի ճգնաժամում միջամտելու խնդրանքին՝ նպատակ ունենալով հասնել դրա լուծման։
Վերջին օրերին, միաժամանակ, շրջանառւել են չհաստատւած տեղեկութիւններ Ռիադի եւ Աբու Դաբիի միջեւ Սուդանի հարցում խորացող տարաձայնութիւնների վերաբերեալ։ Այդ տարանջատումն առնչւում է Ֆաշէրում տեղի ունեցած զարգացումներին եւ այդ երկրների մօտեցումներին՝ Սուդանի ապագային վերաբերող հարցերում։ Այժմ գլխաւոր հարցն այն է, թէ որքան լուրջ կարող են լինել այս տարաձայնութիւնները եւ ինչ ազդեցութիւն կարող են ունենալ Սուդանի իրավիճակի վրայ։

Սաուդեան Արաբիայի, ԱՄՆ-ի եւ ԱՄԷ-ի՝ Սուդանի վերաբերեալ ընդհանուր մօտեցումները եւ տարաձայնութիւնները
Չնայած Սուդանի հարցում Ռիադի, Վաշինգտոնի եւ Աբու Դաբիի շահերը ամբողջութեամբ չեն համընկնում, նրանց դիրքորոշումներն ունեն ինչպէս ընդհանուր, այնպէս էլ հակասական տարրեր։ Ամենակարեւոր կէտերը հետեւեալն են.
Ընդհանուր մօտեցումներ
Երեք երկրներն էլ Սուդանի ներկայիս իշխանական վերնախաւին դիտում են որպէս անվստահելի եւ իսլամիստական շրջանակներին մօտ կանգնած։ Քանի որ այս երկրները հակակրանք ունեն քաղաքական իսլամական ուժերի նկատմամբ, նրանք ձգտում են, որ այդ գործիչները հնարաւորինս նւազագոյն դեր ունենան Սուդանի ապագայ քաղաքական կառուցւածքում։
ԱՄՆ նախագահի խորհրդական Մասաադ Փոլսը երկու ամիս առաջ ունեցած ելոյթում յայտարարել էր, որ Օմար ալ-Բաշիրի վարչակարգից մնացած ուժերն ու «Մուսուլման եղբայրներ» շարժման գործիչները ԱՄՆ-ի համար «կարմիր գիծ» են Սուդանի ապագայի հարցում։ ԱՄՆ-ն նոյնիսկ սպառնացել է վերանայել իր քաղաքականութիւնը, եթէ այդ շրջանակները վերադառնան քաղաքական դաշտ։
Ռիադը, Վաշինգտոնը եւ Աբու Դաբին հանդէս են գալիս Սուդանում իշխանութեան բաժանման մոդելի օգտին՝ բանակի, «Արագ արձագանքման ուժեր»-ի եւ քաղաքացիական խմբերի մասնակցութեամբ։ Նման մոդելը յանգեցնելու է կենտրոնական իշխանութեան թուլացման եւ երկրում փխրուն կառավարման կառուցւածքի ձեւաւորման։ Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է նւազեցնել Սուդանի կառավարութեան լեգիտիմութիւնը՝ այն ներկայացնելով ոչ թէ որպէս պաշտօնական իշխանութիւն, այլ որպէս հակամարտող կողմերից մէկը։
Երեք երկրներն էլ դէմ են, որ Սուդանը վերածւի որեւէ վերանայողական (revisionist) ուժի ռազմական կամ լոգիստիկ հենակէտի։ Այդ պատճառով նրանք զգայուն են Իրանի, Ռուսաստանի եւ Եմէնի հնարաւոր ներգրաւման նկատմամբ։

Տարաձայնութիւններ
Սաուդեան Արաբիան կարեւորում է Սուդանի կենտրոնական ու արեւելեան շրջաններում կայուն եւ ուժեղ իշխանութեան գոյութիւնը՝ Կարմիր ծովի եւ Արաբական թերակղզու արեւմտեան ափերի անվտանգութեան համար։ Այդ պատճառով Ռիադը ձգտում է աջակցել Սուդանի կենտրոնական կառավարութեանը եւ կանխել դրա փլուզումը։
ԱՄՆ-ի առաջնահերթութիւնները ներառում են՝
– քաղաքական իսլամի զսպումը,
– «Դիմադրութեան առանցք»-ի ազդեցութեան կանխումը,
– Սուդանի եւ Իսրայէլի միջեւ յարաբերութիւնների նորմալացումը,
– քաղաքացիական ազատութիւնների ընդլայնումը,
– բանակի եւ անվտանգութեան համակարգի վերաձեւաւորումը։
Վաշինգտոնը պատրաստ է ճնշում գործադրել Սուդանի ղեկավարութեան վրայ այս նպատակների համար։
ԱՄՆ-ն ու Սաուդեան Արաբիան, ի տարբերութիւն ԱՄԷ-ի, թերահաւատ են «Արագ արձագանքման ուժեր»-ի նկատմամբ՝ հաշւի առնելով դրանց արմատները Օմար ալ-Բաշիրի նախկին իսլամական վարչակազմում եւ նրանց կողմից Ֆաշէրում իրականացւած վայրագութիւնները։ Այնուամենայնիւ, Վաշինգտոնը պատրաստ է միաժամանակ օգտագործել նրանց՝
– ճնշելու գեներալ Բուրգանի կառավարութեանը, կամ
– անհրաժեշտութեան դէպքում փաստացի Սուդանի բաժանման սցենարին աջակցելու համար։
ԱՄԷ-ն, հակառակը, «Արագ արձագանքման ուժեր»-ում տեսնում է ներդրումների եւ ազդեցութեան ընդլայնման հնարաւորութիւն՝ Սահարայի եւ Սահելի երկրներում, ինչպէս նաեւ արժէքաւոր մետաղների մաքսանենգութեան հսկայական ցանցում։
Հնարաւոր ազդեցութիւնը Սուդանի ապագայի վրայ
Եգիպտոսը, Սաուդեան Արաբիան, ԱՄՆ-ն եւ ԱՄԷ-ն այս պահին Սուդանի ճգնաժամում ամենաազդեցիկ արտաքին դերակատարներն են։ Թէեւ վերջին երեքի միջեւ առկայ տարաձայնութիւնները լայնօրէն քննարկւում են, դրանք աւելի շատ տակտիկական բնոյթ ունեն եւ չեն հասել ռազմավարական հակասութիւնների մակարդակին (բացառութեամբ Սաուդեան Արաբիայի սահմանային անվտանգութեան հարցի)։
Չորս երկրների կողմից ներկայացւած խաղաղութեան նախաձեռնութիւնը, որը շեշտում է անվերապահ հրադադարը որպէս գլխաւոր ուղի, եւս մէկ անգամ վկայում է, որ նրանք ընդհանուր մօտեցում ունեն Սուդանի հարցում։ Սակայն Սաուդեան Արաբիայի եւ ԱՄՆ-ի մտահոգութիւնները «Արագ արձագանքման ուժեր»-ի եւ սահմանների անվտանգութեան վերաբերեալ թոյլ կը տան Սուդանի կառավարութեանը ժամանակաւորապէս պահպանել իր ներկայիս դիրքերը՝ առանց, սակայն, ռազմական վերականգնման կամ կորցրած տարածքների վերադարձի հեռանկարի։
«ԱԼԻՔ»-ի Գլխաւոր խմբագրի մեկնաբանութիւնը
Սուդանի շուրջ ձեւաւորւած աշխարհաքաղաքական լարւածութիւնը կրկին անգամ ցոյց է տալիս, որ տարածաշրջանի ճգնաժամերը վաղուց դուրս են եկել տեղական հակամարտութիւնների շրջանակից եւ վերածւել են գերտէրութիւնների ու տարածաշրջանային կարեւոր խաղացողների մրցակցութեան հանգոյցների։ ԱՄՆ-ի, Սաուդեան Արաբիայի եւ ԱՄԷ-ի (չպէտք է աչքաթող անել նաեւ Թուրքիային եւ Իսրայէլին, որը գործում է ԱՄԷ-ի թիկունքում) տարբեր ու յաճախ հակասական մօտեցումները ոչ միայն խորացնում են Սուդանի քաղաքական բեւեռացումը, այլեւ վտանգում են ամբողջ Հիւսիսային Աֆրիկայի եւ Կարմիր ծովի անվտանգային հաւասարակշռութիւնը։ Թէեւ երեք երկրների միջեւ առկայ տարաձայնութիւնները դեռւես ունեն տակտիկական բնոյթ, սակայն դրանց խորացումը կարող է լրջօրէն ազդել ուժային յարաբերակցութիւնների վրայ՝ Սուդանը վերածելով տարածաշրջանային մրցակցութեան նոր կենտրոնի։ Այս պայմաններում Սուդանի կայունութեան հարցը շարունակում է մնալ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգութեան առանցքային խնդիրներից մէկը։



