Մշակութային

ԵՂԵԳԱՆ ՓՈՂ

Դու գիտե՞ս ես ով եմ

Մօրս մէջ ինձ նման մի քիչ հումոր, մի քիչ էլ թախիծ կար։ Երբեք չհիւանդացաւ։

Երբեք, էլ անկողին ընկնել չեմ ասում, նոյնիսկ գլխացաւ էլ  չունեցաւ։

Հետաքրքիր է, որ նրա մազերն արձակած չեմ յիշում, միշտ գլխաշորով էր, չեմ յիշում նաեւ նրան ուտելուց, այնպէս էր ստացւել, որ մի սեղանի շուրջ նստել չկար, իսկ իմ նկարահանումները լինում էին տարբեր ժամանակ տարբեր քաղաքներում…

Մի օր յոգնած եկայ տուն, գիշերը ժամը 3-ին արթնացրեց ինձ, ապշեցի. մայրս, որ առաւօտ 8-ին չէր ուզում արթնացնել, ասաց.

-Ինձ տար։

-Ո՞ւր։

-Հիւանդանոց։

Գնացինք։

Առաւօտեան մատից արիւն պիտի վերցնէին։ Նստել էր տարիքով մեծ հիւանդի կողքին ժպիտը դէմքին եւ կամաց-կամաց իրեն հրում էր դէպի այդ մարդը։ Տեսնեմ ականջին ասում է.

-Դու գիտե՞ս ես Ֆրունզիկ Մկրտչեանի մաման եմ։

-Քոյրը (բուժքոյրը) եկաւ մատից արիւն վերցնելու, ասաց.

-Մի րոպէ, աղջիկ ջան, դու գիտե՞ս ես ով եմ,Ֆրունզիկ Մկրտչեանի մաման եմ։

-Գիտեմ ոնց չգիտեմ։ Դէ, որ գիտես նայի։

Քննելուց բժիշկը կրկնում էր՝ այ ինչ լաւ կը լինի, որ ինքը հասկանայ, որ ամէն ինչ լաւ է…

Պարզւեց, որ ուռուցք ունի։

Հիւանդանոցում ասացին, որ պիտի վիրահատեն։ Վիրաբոյժին հարցրեց.

-Դուք գիտէ՞ք ես ով եմ, ես Ֆրունզիկ Մկրտչեանի …

-Գիտենք, գիտենք։

Վիրահատեցին։ Մի օր միջանցքում կանգնած եղբայրս բղաւեց.

-Ապեր, արի, մաման հայեացքով քեզ է փնտրում։

Ես գնացի ու առաջին անգամ տեսայ նրա մազերը արձակած, պարզւեց՝մազերը գանգուր են։ Մաշկը աւելի էր սպիտակել, շատ շատ գեղեցիկ էր։

Փնտրեց ինձ տեսաւ, նայեց երկար,բազմիմաստ ծպծպացրեց ու աչքերը փակեց։

Ինձ թւաց, թէ միտքն այն էր, թէ առանց ինձ ինչ պէտք է անես։ Մի քիչ էլ վատ բան մտածեցի. «Այ տղայ, բա ես կարծում էի՝ դու ամենազօր ես,ես գնում եմ»։

Ու գնաց…յիշեցի, որ մօրս երբեք չեմ համբուրել, ում ասես համբուրել եմ, իսկ մօրս՝ ոչ…

Երբ մայրս հեռացաւ, եկանք տուն,ես սգում էի,Պարոյր Սեւակն էլ միշտ հետս էր, ինչ-որ բանի վրայ ես սկսեցի արտասւել. Պարոյրը ականջիս ասաց.

-Մի արա։

-Ինչո՞ւ։

-Ամբողջ կեանքդ յուզւելու ես։ Մայրն այնպիսի բան է, որ մինչեւ կեանքիդ վերջը յիշելուց պիտի յուզւես։

Հիմա,երբ ինձ մի վատ բան է լինում,մի բան չի ստացւում՝ անյաջողութիւն,դժբախտութիւն,ես գիտեմ,որ ինքը տեսնում է,ու անմիջապէս մի ուրիշ լաւ բան է լինում։ Ես գիտեմ,որ նա միշտ ինձ հետ է, մենք միշտ միասին ենք:

ՄՀԵՐ ՄԿՐՏՉԵՍՆԻ խոհերից

 

Related Articles

Back to top button