Տէր Արարատ քահանայ Պօղոսեան. «Երբեք չեմ զեղչի Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը եւ երբեք չեմ միաբանի հայրենիքն ու հաւատքն ուրացածների եւ պառակտիչների հետ»

«ԱԼԻՔ»- Նոյեմբերի 30-ին, համացանցում շփոթմամբ տարածւել էր տեղեկութիւն, որ Նիկոլ Փաշինեանը հերթական անգամ պէտք է մասնակցի Ս. Պատարագի, որտեղ ամենայն հաւանականութեամբ պատարագիչ քահանան կատարելով քաղաքական պատւէր, պէտք է հակականոնկան կերպով զեղչի եւ չյիշատակի Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը։ Մամուլում լուրեր են տարածւել որ վերոնշեալ Պատարագը պէտք է մատուցի Տէր Արարատ քահանայ Պօղոսեանը, որը շփոթ է առաջացրել։
Այս առիթով Տ. Արարատը ֆէյսբուքեան իր էջում գրել է.
«Ես Արարատ քահանայ Պօղոսեանս յայտարարում եմ, որ երբեք չեմ զեղչի Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը եւ երբեք չեմ միաբանի հայրենիքն ու հաւատքն ուրացածների եւ պառակտիչների հետ։ Իմ ուխտը Սուրբ Էջմիածնի եւ նրա ազգընտիր Գահակալը անխախտ, անսակարկ ու անբեկանելի է։
Իրականում Պատարագը պէտք է մատուցի Երեւանի Ս. Երրորդութիւն եկեղեցու սպասաւոր Արարատ քահանայ Օրդոյեանը, որը, եթէ համարձակւի պատարագի կանոնից զեղչել եւ չյիշատակել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը, ապա դրանից յետոյ հաւատացեալները նրան կարող են դիմել ոչ թէ Տէր Արարատ, այլ` Տէր Արաբաթ (Արաբաթը այն անունն է, որով թուրքական հեռուսատեսութիւնը ժամանակին իբր շփոթելով աւնանել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանին)»:



