Արցախի թեմի առաջնորդը չի ցանկացել ներողամտութիւն հայցել իր ժողովրդից

«ԱԼԻՔ» – «Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի Թեմական խորհուրդը չի կիսում վերջին օրերին Արցախի թեմի առաջնորդ Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանի կեցւածքն ու դիրքորոշումը, որն առաջացրել է մեր ժողովրդի արդարացի ցասումն ու զայրոյթը»: Այս մասին Yerkir.am-ի հետ զրոյցում նշել է ՀԱԵ Արցախի Թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Յովհաննիսեանը։
Յիշեցնենք, որ Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանը մի խումբ այլ բարձրաստիճան հոգեւորականների հետ հանդիպել էր Նիկոլ Փաշինեանին, իսկ նոյեմբերի 29-ին նրանք հանդէս են եկել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նոր ընտրութիւններ կազմակերպելու կոչով։
Թեմական խորհրդի ատենապետը յայտնեց նաեւ, որ նոյեմբերի 28-ին Թեմական խորհրդի անդամները հանդիպել են Արցախի թեմի առաջնորդին եւ յորդորել յայտարարութեամբ հանդէս գալ եւ ներողութիւն խնդրել իր բռնագաղթեալ ժողովրդից։
Այդուհանդերձ, չնայած թեմի առաջնորդի հաւաստիացումներին, յայտարարութեան մէջ ներողութեան խօսք չի հնչել։ Ըստ Լեռնիկ Յովհաննիսեանի` փաստացի Արցախի թեմի առաջնորդը չցանկացաւ ներողամտութիւն հայցել իր ժողովրդից. «Դեռ աւելին, իր յայտարարութիւններով աւելի խորացրեց վրդովմունքն ու ափսոսանքը»։
Յովհաննիսեանը յաւելել է, որ առաջիկայում Թեմական խորհուրդն այս առնչութեամբ հանդէս կը գայ իր յստակ դիրքորոշմամբ։ Նա անթոյլատրելի է համարել նաեւ Արցախի թեմի կայքէջը թեմին չվերաբերող մի խումբ հոգեւորականների խօսափող դարձնելը։



