ՄիջազգայինՔաղաքական

Ռուս արեւելագէտ. ««3+3» հարթակի ամենամեծ խնդիրը դառնալու է ռեգիոնալ ապաշրջափակումը եւ ադրբեջանաթուրքական «երազանքի» զսպումը Իրանի կողմից»

Նախօրէին Ստամբուլում կայացած «3+3» տարածաշրջանային խորհրդատւական հարթակի երրորդ նիստին Երեւանին ու Բաքւին առաջարկւել է Խաղաղութեան համաձայնագիրը վերջնականացնել վերոնշեալ հարթակում։

ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը երրորդ նախարարական հանդիպմանը յաջորդած մամուլի ասուլիսում յայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրները մնում են։ «Մենք այսօր շատ ենք խօսել այդ մասին։ Ե՛ւ մենք, ե՛ւ թուրքերը, ե՛ւ իրանցիները Երեւանին եւ Բաքւին առաջարկել են օգտագործել «3+3» հարթակը, որպէսզի աւարտին հասցնեն խաղաղութեան պայմանագրի շուրջ աշխատանքները։ Մենք յիշեցրինք այն նախապատրաստական ​​աշխատանքները, այն հիմքերը, որոնք ստեղծւել էին Ռուսաստանի Դաշնութեան, Հայաստանի եւ Ադրբեջանի եռակողմ աշխատանքի շրջանակներում՝ թէ՛ նախագահների, թէ՛ արտգործնախարարների, փոխվարչապետների մակարդակով, ե՛ւ հաղորդակցութիւնների ապաշրջափակման ուղղութեամբ, ե՛ւ սահմանների սահմանազատման նախապատրաստման եւ մի շարք այլ թեմաների շուրջ»,- ասել է Լաւրովը։

Խօսելով հայ-թուրքական կարգաւորման մասին՝ Լաւրովը նաեւ նշել է, որ Ռուսաստանն ակտիւօրէն նպաստել է հայ-թուրքական գործընթացի մեկնարկին, որին միացել են նաեւ իրանցի գործընկերները։ Նրա խօսքով, ներկայում հանդիպումներ նախատեսւած չեն, ՀՀ-ն դադար է վերցրել։ «Նրանք կարծում են, որ նախ պէտք է ուղղակի շփւել թուրքերի հետ եւ հասկանալ, թէ ինչ է պէտք անել»,- ասել է նա։ Լաւրովը կարծում է, որ գործընթացն ամէն դէպքում կապւած է հայ-ադրբեջանական բանակցութիւնների հետ։ Ուստի հանդիպմանն առաջարկւել է համակողմանիօրէն քննարկել այս բոլոր հարցերը եւ խրախուսել ներգրաււած երկրներին՝ հնարաւորինս արագ համաձայնութեան գալ։

Բացի այդ, տարածաշրջանային վեցակողմ, իսկ իրականում հնգակողմ խորհրդատւական հարթակի նիստից յետոյ նախարարներին է ընդունել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։

Նա յայտարարել է, որ Թուրքիան մեծ նշանակութիւն է տալիս 3+3 հարթակին, որը ստեղծւել է տարածաշրջանի խնդիրները երկխօսութեան միջոցով լուծելու տեսլականի հիման վրայ։ Նա գոհունակութիւն է յայտնել, որ «Հարաւային Կովկասի դէմքը փոխւում է դէպի կայուն խաղաղութիւն»։ Թուրքիայի առաջնորդ Էրդողանը նաեւ յայտարարել է, որ Անկարան աջակցում է Բաքւի եւ Երեւանի միջեւ խաղաղութիւն ապահովելու ջանքերին։ Նա միաժամանակ յաւելել է, որ ՄԱԿ-ի կողմից Իսրայէլին զէնքի էմբարգոն կասեցնելու արդիւնաւէտ քայլ կը լինի, եւ Թուրքիան կը շարունակի դա անել:

Օրւայ աւարտին, ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրութեան՝ երկկողմ պայմանաւորւածութեան համաձայն, Ստամբուլում կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում։ Ինչպէս կարելի է ակնկալել, դրա ընթացքում որեւէ առաջընթաց չարձանագրւեց։ Պաշտօնական յայտարարութիւնների համաձայն, կողմերը շարունակել են «Խաղաղութեան եւ միջպետական յարաբերութիւնների հաստատման մասին» պայմանագրի շուրջ բանակցութիւնները եւ պայմանաւորւել են շարունակել ջանքերը պայմանագրի վերջնականացման եւ հնարաւոր սեղմ ժամանակահատւածում կնքման ուղղութեամբ: Սակայն ուշագրաւն այն է, որ այս հանդիպումից ժամեր առաջ կայացած «3+3» նախարարական նիստի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջէյհուն Բայրամովը հերթական անգամ կրկնել էր Ադրբեջանի պահանջը՝ փոփոխութիւններ կատարել ՀՀ Սահմանադրութիւնում։

Ռուս արեւելագէտ Վիկտոր Նադէին-Ռաեւսկին 168․am-ի հետ զրոյցում ասել է, որ ռեգիոնալ հարթակի արտգործնախարարները քիչ-քիչ մօտենում են այն թեմաների քննարկմանը, որոնց համար հենց այս հարթակը ստեղծւել է։

Նրա խօսքով՝ ակնկալելի էր, որ ժամանակի ընթացքում Հարաւային Կովկասում ազդեցութիւն ունեցող ռեգիոնալ խաղացողները Հայաստանին ու Ադրբեջանին կանեն նման առաջարկ։

Ըստ նրա՝ պատահական չէ, որ այդ առաջարկն արւում է հէնց հիմա, երբ Արեւմուտքից քաղաքական ակնկալիքները պատւած են անորոշութեամբ, պայմանաւորւած ԱՄՆ-ում սպասւող նախագահական ընտրութիւններով։

«Ըստ իս, այս առաջարկն արւել է, Երեւանն ու Բաքուն, բնականաբար, այն կամ կընդունեն, կամ՝ ոչ, սակայն այստեղ էականն այլ հարց է։ Բացի բուն խաղաղութեան համաձայնագրից, Երեւանի ու Բաքւի միջեւ կայ ռեգիոնալ ճանապարհների բացման ամենածանր հարցը, որն աւելի մեծ խնդիր է Թուրքիայի, Իրանի ու Ռուսաստանի միջեւ։ Այստեղ է, որ կան տարաձայնութիւններ, որոնք պէտք է լուծւեն։ Անկարան այս ամենում ունի մեծապետական ակնկալիքներ, Ռուսաստանը՝ աւելի պասիւ դիրքաւորում, իսկ Իրանը կտրուկ դէմ է այն առաջարկին, որն անում են Ադրբեջանն ու Թուրքիան, ջանալով ստանալ թուրանական միջանցք։ Կարծում եմ՝ խաղաղութեան համաձայնագրի ստորագրումն այստեղ զուտ տեխնիկական հարց է, այն կարող է նաեւ ուղիղ ստորագրւել, սակայն բոլորը հասկանում են, որ ռեգիոնալ համաձայնութիւն հարկաւոր է ոչ միայն արտաքին, այլեւ ներքին հարցերի շուրջ։ Եւ այստեղ ամէն բան եւս կախւած է հետագայ զարգացումներից, որոնք կը ծաւալւեն Իրանի շուրջ, եւ նրանից, թէ որքանով ամուր Իրանը կը շարունակի կանգնել իր դիրքորոշումների վրայ»,- նման կարծիք է յայտնել վերլուծաբանը։

Նա գտնում է, որ կարելի էր ակնկալել, որ Թուրքիայում տեղի կունենայ նաեւ հայ-ադրբեջանական նախարարական հանդիպում՝ հաշւի առնելով փաստը, որ հայկական կողմը դիմել էր Թուրքիային աջակցութեան խնդրանքով։

«Ուստի, ամենայն հաւանականութեամբ, հէնց թուրքերի կողմից առաջարկւել է թուրքական հարթակն օգտագործել եւ հանդիպել։ Նման հանդիպումները սովորաբար տեղի են ունենում ընդունող մայրաքաղաքի նախաձեռնութեամբ եւ արտօնմամբ, ուստի անւանել սա բացառապէս երկկողմ որոշում, սխալ կը լինէր։ Աչք է զարնում այն, որ հայկական կողմը չհամաձայնեց հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչներին վերջերս Մոսկւայում ԱՊՀ հաւաքի շրջանակում։ Բացի այդ, Սերգէյ Լաւրովը վերջին շրջանում մի քանի անգամ առաջարկել է կազմակերպել նախարարների հանդիպում կամ տրամադրել մոսկովեան հարթակը, ինչը եւս երեւի թէ ոչ թէ մերժւել է, այլ անարձագանգ է մնացել։ Այստեղ ուշադրութիւն հրաւիրեմ նաեւ այն հանգամանքին, որ Երեւանը Մոսկւային մօտ չի թողնում նաեւ հայ-թուրքական կարգաւորման գործընթաց»,- ասել է վերլուծաբանը՝ շարունակելով, որ Երեւանի ակտիւ մասնակցութեամբ փորձ է արւում Ռուսաստանի դիրքերը զրոյացնել Հարաւային Կովկասում, դուրս բերելով ՌԴ-ին քաղաքական գործընթացներից, ինչպէս նաեւ զրկել ռեգիոնում ներկայութիւնից գետնի վրայ։

«Ընդհանուր առմամբ, որքան էլ Երեւանը մասնակցում է ԱՊՀ նիստի, ռեգիոնալ հարթակի աշխատանքներին, արտաքին քաղաքականութիւնում արեւմտեան ռազմավարական հետքը կայ։ Իսկ այս փուլում մասնակցութիւնն այս ամենին կրում է տակտիկական բնոյթ, որը պայմանաւորւած է առաջիկայ հնարաւոր զարգացումներով ու դրանց հետեւանքներով»,- եզրափակել է Նադէին-Ռաեւսկին։

Զրոյցը՝ ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ

Related Articles

Back to top button