Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Էլչին Ամիրբէկով. «Ադրբեջանը ցանկանում է խաղաղութեան պայմանագիր կնքել ոչ թէ Փաշինեանի, այլ Հայաստանի հետ»

«ԱԼԻՔ» – Ադրբեջանն անիրատեսական եւ անընդունելի է համարում խաղաղութեան պայմանագիր կնքելու Հայաստանի առաջարկը, որում դեռեւս համաձայնեցւած չեն մի քանի կարեւոր յօդւածներ։ Այս մասին Berliner Zeitung-ին տւած հարցազրոյցում ասել է Ադրբեջանի նախագահի յատուկ յանձնարարութիւնների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբէկովը։

Ամիրբէկովը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թէ ինչպէս է Բաքուն վերաբերւում այն յայտարարութեանը, որ Հայաստանը պատրաստ է նոյնիսկ վաղը խաղաղութեան պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, ընդգծել է, որ կասկածում է այս յայտարարութեան անկեղծութեանը։

«Նոյնիսկ վաղն անաւարտ, կիսատ համաձայնագրի ստորագրման առաջարկը ոչ միայն անիրատեսական է եւ անընդունելի, այլեւ ապակողմնորոշող։ Կողմերը դեռ պէտք է համաձայնեցնեն պայմանագրի նախագծի մի քանի կարեւոր դրոյթ, որոնք բաց են, առանց որոնց փաստաթուղթը կը լինի կոպիտ եւ թերի»,- ասել է նա։

Ամիրբէկովի խօսքով՝ խաղաղութեան հասնելու ճանապարհին հիմնական խոչընդոտը «Հայաստանի դեռ գոյութիւն ունեցող տարածքային պահանջներն են Ադրբեջանի միջազգայնօրէն ճանաչւած ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ արտացոլւած Հայաստանի Սահմանադրութեան մէջ», եւ «այս հիմնական խնդիրն անտեսելը հաւասարազօր է սենեակում գտնւող փղին չնկատելուն»:

«Հայաստանը ցանկանում է մոլորութեան մէջ գցել միջազգային հանրութեանը՝ ստեղծելով թիւր տպաւորութիւն, թէ իբր կառուցողականօրէն ներգրաււած է խաղաղութեան գործընթացում, բայց իրականում՝ ժամանակ է ձգում եւ խաղաղութեան գործընթացը տանում է դէպի փակուղի։ Ակնյայտ է, հէնց Հայաստանը սկսեց անսահմանափակ քանակութեամբ դիւանագիտական, տնտեսական եւ ռազմական օգնութիւն ստանալ Արեւմուտքից, այդ թւում՝ ԵՄ-ից, ԱՄՆ-ից եւ ԵՄ անդամ առանձին երկրներից, նա կորցրեց բանակցութիւններին կառուցողականօրէն մասնակցելու բոլոր հետաքրքրութիւնները, եւ կարծես թէ, Ադրբեջանի հետ խաղաղութեան հասնելն այլեւս նրա համար առաջնահերթութիւն չէ»,- ընդգծել է նա։

Ամիրբէկովը, պատասխանելով լրագրողի հարցին, թէ արդիւնքի հասնելն արագացնելու համար կողմերը պայմանաւորւե՞լ են «Զանգեզուրի միջանցք»-ի բացման հարցը դուրս բերել խաղաղ համաձայնագրի շրջանակներից, եւ արդեօք, հնարաւո՞ր է նոյն կերպ հետաձգել Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութիւնները խաղաղութեան համաձայնագրի ստորագրումից յետոյ, Ամիրբեկովը նշել է, որ «բացարձակապէս սխալ է զուգահեռ անցկացնել այս երկու հարցերի միջեւ, քանի որ դրանք բոլորովին տարբեր են իրենց կարեւորութեամբ՝ կայուն խաղաղութեան հասնելու համար»։

«Եթէ Սահմանադրութիւնը թողնենք ներկայիս տեսքով, ապա խաղաղութեան պայմանագիրը կարճատեւ կը լինի, քանի որ Հայաստանի ցանկացած նոր ղեկավարութիւն, որը դէմ է Ադրբեջանի հետ խաղաղութեանը, պարզապէս կը չեղարկի այն՝ պատճառաբանելով համաձայնագրի անհամապատասխանութիւնն ամենաբարձր իրաւական ուժ ունեցող Սահմանադրութեանը։ Այսինքն՝ Ադրբեջանը ցանկանում է խաղաղութիւն կնքել ոչ թէ վարչապետ Փաշինեանի, այլ Հայաստանի հետ»,- ընդգծել է նա։

Ըստ Ամիրբէկովի՝ դրա համար Ադրբեջանը չի կարող իրաւական բացեր թողնել, որոնք ժամանակի ընթացքում կարող են յանգեցնել հակամարտութեան վերակենդանացման եւ նոր ողբերգութիւնների, «հետեւաբար պէտք է վերացնել հայ-ադրբեջանական երկարատեւ առճակատման բուն պատճառը»: Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցք»-ին, ապա Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը յաւելել է, որ պաշտօնական Բաքուն դեռ մեծ նշանակութիւն է տալիս դրա բացմանը։

«Սակայն, համաձայնւելով այն դուրս բերել խաղաղութեան համաձայնագրի շրջանակներից, Ադրբեջանը չի ցանկանում խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցութիւնները տապալելու համար քննադատութեան արժանանալ»,- ընդգծել է Ամիրբէկովը։

Related Articles

Back to top button