Հայաստան - Արցախ

Հանրայինը դարձել է հակահայկական, պրօթուրքական քարոզչութեան հարթակներից մէկը

«ԱԼԻՔ» – Politik.am կայքի գլխաւոր խմբագիր Բորիս Մուրազին ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի հանրային հեռուստատեսութեան գործունէութեանը:

«Մեզ «սպանում են» մեր փողերով

Հանրային հեռուստաընկերութիւնը բոլոր իշխանութիւնների օրօք չի փայլել օբիեկտիւութեամբ, բայց հիմա այն ոչ միայն օբիեկտիւ չէ, այլեւ ծառայում է հայ ժողովրդի եւ Հայաստանի կենսական շահերի դէմ:

Փաշինեանի իշխանութեան օրօք եւ շնորհիւ՝ Հանրային հեռուստաընկերութիւնը դարձել է հակահայկական, պրօթուրքական քարոզչութեան հարթակներից մէկը: Այստեղ են ծնւում ամենակեղտոտ քարոզչական թէզերը, այս հեռուստաընկերութեան եթերում են օրուգիշեր թշնամական թէզեր առաջ մղում Արեւմուտքի եւ Թուրքիայի «բանախօսները»: Հէնց հանրային կոչւած հեռուստաընկերութեան եթերից են հնչում հակաարցախեան ելոյթներ։

Ոմանք կարող ենք կարծել, թէ կարելի էր, իհարկէ, առանձին չֆիքսւել Հանարային հեռուստաընկերութեան վրայ, քանի որ այս բովանդակութեամբ մի քանի հեռուստաընկերութիւններ են գործում, եթէ չլինէր մէկ բայց` Հանրայինը ֆինանսաւորւում է պետական բիւջէից, այսինքն՝ մեր բոլորի գրպանից:

Ստացւում է՝ Հայաստանի քաղաքացիները ֆինանսաւորում են լրատւամիջոց, որն աշխատում է Հայաստանի ազգային շահերի դէմ: Նման իրավիճակի վերաբերեալ ժամանակին հետաքրքիր կարծիք է արտայայտել ԱՄՆ հիմնադիր հայրերից Թոմաս Ջեֆերսոնը. «Մարդուն հարկադրել հանգանակութիւն տալ այն կարծիքների տարածման համար, որոնց նա չի հաւատում եւ որոնք ատում է, մեղք է եւ բռնապետութիւն»:

Այս իրավիճակն իսկապէս խորհելու տեղիք է տալիս: Փաստօրէն, մեզ քարոզչական դաշտում սպանում են մեր իսկ փողերով: Այն շատ նման է իրավիճակին, երբ բռնատիրական երկրներում մահապատժի ենթարկւած քաղաքացուն սպանած փամփուշտի գումարը գանձում էին իր ընտանիքից: Սա սադիզմ է Հայաստանի քաղաքացու նկատմամբ։

Իշխանութեան փոփոխութիւնից յետոյ եկող իշխանութիւնը ոչ միայն պէտք է մաքրի հանրային հեռուստաընկերութիւնը կուտակւած կեղտից, ոչ միայն այդ հեռուստաընկերութեան պատասխանատու պաշտօնեաները պէտք է կանգնեն դատարանի առաջ, այլեւ պէտք է փոխի մօտեցումը դրա ֆինանսաւորման մասով:

Քաղաքացիներն իրենք պէտք է որոշեն, թէ որ հեռուստաընկերութիւն գնան իրենց հարկերը: Մարդիկ իրենք պէտք է որոշեն, թէ ի՞նչ են ուզում լսել/տեսնել։ Այս պարագայում ոչ միայն կը վերանայ հանրային միջոցների հաշւին իրականացւող թուրքական կամ օտարամոլ քարոզչութիւնը, այլեւ կը վերանայ տասնամեակներ շարունակ եղած արատաւոր պրակտիկան, երբ հանրութեան փողերով պահւող լրատւամիջոցը ծառայում է օրւայ իշխանութիւններին»,- գրել է նա:

Related Articles

Back to top button