«Պատմութեան միտումնաւոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգութիւնը
«ԱԼԻՔ» – Հոլանդական NOS հանրային հեռարձակողը «Պատմութեան միտումնաւոր ջնջում» խորագրով յօդւած է հրապարակել օկուպացւած Արցախում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացման մասին։
«Մէկ տարի անց այն բանից յետոյ, երբ տասնեակ հազարաւոր էթնիկ հայեր փախան Լեռնային Ղարաբաղի անկլաւից՝ վախենալով էթնիկ զտումներից, նրանց նախկին ներկայութեան ապացոյցները գնալով դառնում են պակաս տեսանելի»,- ասւում է յօդւածում։
NOS-ի կողմից հաստատւած արբանեակային լուսանկարների համաձայն՝ հիմնովին աւերւել են բազմաթիւ յուշարձաններ, շէնքեր, գերեզմանատներ եւ նոյնիսկ ամբողջ գիւղեր։
Ուտրեխտի համալսարանի ժառանգութեան հարցերով պրոֆեսոր Գերջան Պլեցը նշել է, որ պատերազմից յետոյ ադրբեջանցիները տեղափոխւել են Լեռնային Ղարաբաղ, եւ շինութիւնները մէկը միւսի յետեւից քանդւում են: Այս գործընթացը սկսւել է աւելի վաղ՝ 2020 թւականին, երբ Ադրբեջանը վեցշաբաթեայ պատերազմից յետոյ գրաւել էր տարածքի մի մասը։ Ըստ տւեալների հաւաքմամբ զբաղւող ACLED նախագծի՝ 2021 թւականից ի վեր գրանցւել է էթնիկ հայերի պատմական, կրօնական, քաղաքական կառոյցների եւ բնակութեան վայրերի ոչնչացման մօտ ութսուն դէպք։ 2023 թւականի սեպտեմբերից այս ցուցանիշը միայն աճել է։ Մշակութային ժառանգութեան այս ոչնչացումը նշանակում է, որ հայկական մշակոյթը դանդաղ, բայց անհետանում է այս տարածաշրջանից։
«Մշակութային ժառանգութեան աւերումը հակառակորդի պատմութիւնը միտումնաւոր ջնջելու միջոց է»,- նշել է Պլեցը:
Յօդւածում նշւում է, որ Լեռնային Ղարաբաղում աւերածութիւնները ոչ միայն երեւում են արբանեակային լուսանկարներով, այլեւ արձանագրւել են ադրբեջանցի զինւորների կողմից։ Տեսանիւթերից մէկում երեւում է, թէ ինչպէս են ադրբեջանցի զինւորները մտնում հայկական եկեղեցի եւ աւերածութիւններ պատճառում:
«Մշակութային ժառանգութիւնն օգտագործւում է նաեւ հողի իրաւունքն օրինականացնելու համար: Այն ոչնչացնելով՝ դուք էթնիկ մի խմբին զրկում էք իրենց պատմական արմատներից այդ վայրում»,- յաւելել է Պլեցը:
Ինչպէս նշում է NOS-ը, քանդելով այս տարածքում դարեր շարունակ կանգուն եղած կառոյցները՝ պատմութեան մի մասը ջնջւում է: